Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հետևյալ առաջարկությամբ. «Քննարկել մեր պետության վերանվանման հարցը. պատմական արդարության վերականգնման, հայրենասիրության և պահանջատիրության դիտանկյունից»: Աշոտյանը առաջարկել է Հայաստանի Հանրապետությունը վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն, քանի որ «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է»: Իսկապես որ, ցեղասպանության տարելիցը մոտենում է: Երկրի իշխանության համար այն ոչ միայն պատմական փորձության, այլև երկրի ապագայի համար պատասխանատվության մի նոր փորձաքար է դառնալու, և իշխող կուսակցությունը ներկայացնող Արմեն Աշոտյանի պաշտոնական մոտեցումը այն կլիներ, որ նա հանրության առջև, այսպես ասած, հաշվետվությամբ հանդես գար` «Ի՞նչ է արել կրթության և գիտության նախարարությունը հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» թեմայով: Սույն հաշվետվությունը, որը, ամենայն հավանականությամբ, նախատեսված չէ, ըստ իս, պետք է ներառեր Հայաստանում թուրքագիտության խթանման անհրաժեշտություններն ու նվաճումները, ցեղասպանության ուսումնասիրության աջակցմանն ուղղված միջոցառումները բուհերի պատմական ֆակուլտետներում և դրանց արդյունքները, ինչպես նաև նախարարության համագործակցությունը այլ երկրների համապատասխան նախարարությունների հետ`այդ երկրների կրթական հաստատություններում հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսությունների իրականցման առումով: Գուցե այս նկատառումները չափազանցված են, բայց դրանք ուղիղ համեմատական են Աշոտյանի առաջարկությանը: Առնվազն միամիտ պիտի լինել կարծելու համար, որ եթե երկիրդ անվանափոխվում է Արևելյան Հայաստանի Հանրապետության, ապա աշխարհին դրանով հարկադրում ես ճանաչել Ցեղասպանությունը, իսկ կոնկրետ թուրքերին`վերադարձնել մեր պատմական հողերը: Թե՞, նախարարի կարծիքով, հենց անվանափոխվենք, Օբաման արտասանելու է մեր ականջներին արդեն ինչ-որ առումով «քաղցրացած» ցեղասպանություն եզրույթը: Այս օրերին Facebook սոցցանցում պտտվում են դպրոցական դասագրքերից հատվածներ, որոնք քարոզում են ագրեսիա և սադիզմ: Արմեն Աշոտյանը դեռ չի անդրադարձել մեր դպրոցում քարոզվող այդ «գոհարներին»: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ է կարծում նախարարը` նման դասագրքերով դաստիարակվող սերունդն ընդհանրապես ունա՞կ է աշխարհի առջև պահանջատեր լինելու:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ