Ուկրաինացի հոգևորականները ուժայինների ու ցուցարարների միջև էին: Նախանձում եմ ուկրաինացիներին այդպիսի հոգևոր հայրեր ունենալու համար: 2008-ի փետրվարյան օրերին, երբ Երևանում ամեն օր հանրահավաքներ էին ու ժողովուրդը գիշերներ էր լուսացնում Ազատության հրապարակում, գեթ մի քահանա եկա՞վ հրապարակ: Մարտի 1-ին նրանցից ոչ մեկը չմտածեց այն հարյուրհազարավորների մասին, որ Ազատության հրապարակի ջարդից հետո հավաքվել էին Մյասնիկյանի արձանի մոտ ու իրենց բողոքի ձայնն էին հնչեցնում: Եվ հետո, երբ հարյուրից ավելի ազատազրկվածներ ունեինք, իսկ Հյուսիսայինը մարդաորսի ու ձերբակալությունների անիծված վայր էր դարձել, որևէ հոգևորական չեկավ որևէ ոստիկանի ձեռքը բռնելու: Որևէ հոգևորական չեկավ ոստիկանի մահակի տակ մեջքը դեմ տալու, թե` իմ հավատացյալ ժողովրդին խփելու փոխարեն ինձ զարկի: Նրանք չկային, նրանք ամենօրյա իրենց ընթացքի մեջ էին` կարծես երկրում խաղաղություն էր, ինչպես երբեք:
Կաթողիկոսն, ասում են, գնացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ ու վերջինս չէր ընդունել: Ճիշտ է թե ոչ` չգիտեմ: Բայց ընդդիմության այն ժամանակվա առաջնորդն էլ կարող էր վիրավորված լինել, որ այդ առավոտվա ջարդից հետո անգամ Կաթողիկոսը խաղաղ ցուցարարների բռնի ցրումը չդատապարտեց: Չէ՞ որ այդ օրը ամեն ինչ կախված էր իշխանությունից, ոչ թե ընդդիմությունից: Չէ՞ որ ուժ կիրառողը իշխանությունն էր, ժողովրդի իրավունքները ոտնահարողը իշխանությունն էր: Մի այլ հարց է, թե ինչո՞ւ կաթողիկոսը չեկավ իր ժողովրդի մոտ: Որքան գիտեմ, նա համայն հայության հոգևոր հովիվն է և ոչ` առանձին անհատների: Տխուր է անչափ: Այս անափ տխրության մեջ նաև վիրավորանք կա: Շատ վիրավորված եմ զգում, երբ կրկին ու կրկին հիշում եմ ուկրաինացիների վարքագծի ու մերոնց` եկեղեցիների պատերից ներս փակվելու մասին:
Հիսուսի ուսմունքը աշխարհում առաջինը պետական կրոն հռչակած ժողովրդի հոգևոր դասը մեր ժամանակներում գուցե այնքան հեռու է ժողովրդից, որքան երբեք: Հոգևորական դառնալը մեզանում գնալով ավելի ու ավելի է վերածվում կյանքի ապահովագրության: Ուրեմն ժողովուրդn ինչպե՞ս աղանդավոր չդառնա:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ