Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` առաջիկայում կստեղծվի ազատամարտիկների միություն, որը կընդգրկի հանրապետության բոլոր մարզերը և իր առջև դնելու է իշխանափոխության նպատակ: Այդ մասին հայտարարել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Ըստ Միքայելյանի, միության մեջ ընդգրկվելու են այն ազատամարտիկները, ովքեր պատերազմում ներդրում են ունեցել և ովքեր՝ «ճիշտ մտածելու հետևանքով դուրս են մնացել Հայաստանում գործող վետերանների տարբեր միություններից»:
«Ուզում ենք բոլոր ազատամարտիկներին համախմբենք, որովհետև ինչ-որ տեղ մենք մեծ գործ ենք արել ռազմական գործողությունների ժամանակ և այսօր պիտի այսպիսի բարձիթողի վիճակի չլինի: Այդ տղաները իրենց կարծիքը, իրենց տեսակետը պիտի թողնեն վաղվա օրվա համար: Մեզ բոլորիս կարողացել են այս տարիների ընթացքում մասնատել որ իշխեն, իշխել են, բայց այսօր մենք ուզում ենք համախմբվել, մեր խոսքն ասել»,-ասել է նա:
Սասուն Միքայելյանը նշել է, որ ստեղծվելիք միության համար հիմք է դառնալու նաև անցած տարի բողոքի դուրս եկած ազատամարտիկների, վետերանների ձևավորած կառույցը՝ Դաշտային հրամանատարների ռազմական խորհուրդը․ - «Մենք մեր տեսակը, ձևը ունենք այս տարիների ընթացքում պետության, պետականության, մեր անկախության կայացման համար: Մենք պետք է համախմբվենք թույլ չտանք, որ այս անօրինությունը շարունակվի, խորանա, այս արտագաղթը ավելի մեծ չափանիշների հասնի»:
Սասուն Միքայելյանը հանդիսանում է նաև վերջերս ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ: Միավորման անդամ են նաև Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հանրությանը հայտնի բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ: Միքայելյանը ընդգծեց, որ ստեղծվելիք ազատամարտիկների միությունը կապ չունի նշված միավորման ու որևէ կուսակցության հետ, սակայն միաժամանակ նա հնարավոր համարեց, որ միությունը կհամագործակցի քաղաքական ուժերի հետ:
«Կարող է ժողովուրդն ըմբոստանա, մի օր դուրս գա պայքարի՝ ինքնաբուխ: Մենք կկանգնենք այդ մարդկանց կողքին, որ մեր երկրում այս ամեն ինչը՝ թե՛ ասեմ օլիգարխիան, թե՛ անօրինականությունը․․․ վերջ տանք այս ամեն ինչին ու կարողանանք ձևավորել նորմալ, քաղաքակիրթ երկիր: Ու մեր հիմնական նպատակն այն է, որ մենք ունենանք այս երկրում վերջիվերջո ընտրված նախագահ»,- ասել է Սասուն Միքայելյանը:
Մեր կողմից հավելենք, որ ազատամարտիկներին միավորող «Երկրապահ» կամավորականների միությունը միշտ ձեռնպահ է մնացել իշխանությունների հետ կամուրջները վերջնական այրելուց: Չնայած տարիներ շարունակ ԵԿՄ-ի կողմից իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, նրանք հստակ չեն հայտարարել իշխանափոխությունը նպատակ դարձնելու մասին: Տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան, և ինչ առաքելություն կունենա նորաստեղծ միությունը:
Հիշեցնենք, որ 2008թ. հետընտրական իրադարձություններից հետո Սասուն Միքայելյանը հանրահայտ «Յոթի գործով» քաղբանտարկյալներից էր: Նա ազատ արձակվեց 2011թվականի մայիսին, հասարակական ճնշման և համաժողովրդական պայքարի արդյունքում: