Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը և տնտեսական զարգացման նախարարութունը համատեղ օրենքի նախագիծ են պատրաստել, որի համաձայն` այն արտասահմանցիները, ովքեր Ռուսաստանի տնտեսության մեջ կներդնեն 10 մլն ռուբլի, կարող են պարզեցված կարգով ռուսական քաղաքացիություն ստանալ:
Պարզեցված կարգը կվերաբերի նաև ռուսական քոլեջների, բարձրագույն ուսումնական հաստատությունների արտասահմանցի շրջանավարտներին, ովքեր Ռուսաստանում կաշխատեն երեք տարուց ոչ պակաս: ՌԴ կրթության նախարարության տվյալներով` միայն 2013-ին ռուսական բուհերում սովորել են շուրջ 100 հազար արտասահմանցի ուսանողներ: Օրենքի նախագծի հեղինակներն առաջարկում են օգտվել եվրոպական փորձից: Օրինակ, Ավստրիայում դիմումատուն երկրի տնտեսության մեջ պետք է ներդնի ոչ պակաս քան 6 մլն եվրո, իսկ Բուլղարիայում դա 512 հազար եվրո է կազմում: Օրինագծի հեղինակները նշում են, որ Ռուսաստանում քաղաքացիություն կարելի է ստանալ ավելի քիչ գումարով` 10 մլն ռուբլի, որը համարժեք է շուրջ 210 հազար եվրոյի: