Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Եվս մեկ փոփոխություն՝ օլիգարխների երեխաների համար

Եվս մեկ փոփոխություն՝ օլիգարխների երեխաների համար
12.02.2014 | 17:33

«Մեդիա» կենտրոնն այսօր քննարկում էր կազմակերպել «Զինապարտության մասին օրենքի փոփոխությունը». արդյոք այն տարկետմա՞ն, թե՞ կրթության իրավունքի սահմանափակում է» թեմայով: Քննարկումը նախաձեռնել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը: Բանախոսներն էին Աշոտ Բլեյանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար, Տիգրան Սահակյանը՝ ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ, Հովհաննես Հովհաննիսյանը՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Հունվարի 23-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԳՆ ներկայացրած Զինապարտության մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, ըստ որի՝ նախատեսվում է պետպատվերով և միջպետական համաձայնագրերով օտարերկրյա ուսումնական հաստատություններում այսուհետև տարկետում տալ միայն կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ և 8,5 միլիոն դրամ գրավի պայմաններում։

ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը, մեկնաբանելով օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշեց, որ ԿԳՆ-ն մոտ 50 միջգերատեսչական, միջպետական, միջկառավարական համաձայնագրեր ունի, որոնց շրջանակներում իրականացվում են նաև կրթաթոշակային ծրագրեր։ Այս պահին 10-12 երկրների հետ են կրթաթոշակային փոխանակման ծրագրեր իրականացվում, և ըստ նրե՝ տարեցտարի ավելանում է դիմորդների թիվը։ Ժամանակին ոլորտն ազատ էր թողնված, և առանց սահմանափակումների տրվել է տարկետում։ Խնդիրը, ըստ ԿԳՆ ներկայացուցչի, չարաշահվել է։ Վերջին 3 տարիներին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է, որ հարցը պետք է կանոնակարգվի։ Օրենքի փոփոխությանը հաջորդելու է երկրների, բուհերի, մասնագիտությունների ցանկի հստակ սահմանում։ Տիգրան Սահակյանը որպես օրենքի փոփոխության հիմնավորում բերեց այն, որ հնարավորինս փորձում են փակել այն բացերը, որոնց միջոցով երիտասարդները կարողանում են խուսափել ծառայությունից։ Տարեկան 200 ուսանող է գործուղվում արտասահման. նրանց 80-90 տոկոսն զինապարտ արական սեռի ներկայացուցիչներ են։ Ստեղծվում է արհեստական մրցակցության մթնոլորտ, ինչի հետևանքով շատ աղջիկներ, ծառայած երիտասարդներ հնարավորություն չեն ունենու մեկնելու՝ կրթությունը շարունակելու։ «Մենք փորձում ենք փակել բոլոր այն դռները, որով մարդիկ փորձում են խուսափել զինվորական ծառայությունից: Կրթության և գիտության նախարարությունը զինապարտության օրենքի փոփոխությամբ մի նպատակ է հետապնդում. արտերկիր սովորելու մեկնեն նրանք, ում առաջնահերթությունը կրթությունն է»,- ասաց ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը կարծում է, որ զինապարտության մասին օրենքի փոփոխությամբ կրթության իրավունքը դարձավ ավելի խտրական, այս փոփոխությունը կատարվել է օլիգարխների երեխաների համար։ Ըստ նրա՝ զինապարտությունը պետք է տարանջատվի կրթությունից:

Ինչ վերաբերում է 8,5 միլիոն դրամ գրավի չափին, ապա պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը նշում է, որ այն ողջամիտ չէ։

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ