Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ինչպես քաղաքային տարածքները հարմարեցնել երևանցուն

Ինչպես քաղաքային տարածքները հարմարեցնել երևանցուն
28.02.2014 | 11:12

Երևանը հնուց բաղկացած է եղել երկու քաղաքից: Այդ երկու քաղաքներն ավելի ցայտուն երևացին 19-րդ դարի կեսերից: Դրանք սահմանում էին ոչ թե տարածքները, տեղամասերի աշխարհագրական դիրքը, բնակիչների սոցիալական նկարագիրը, այլ քաղաքային բնակիչների կյանքն էր, որ սահմանում էր այդ երկու քաղաքները: Մեկը զուտ քաղաքային կյանքն է, որը բաղկացած է քաղաքում քաղաքակրթական տարրեր ընդգրկող էլեմենտներից և տեղակայվում է քաղաքային ընդհանուր օգտագործման պատկանող տարածքներում, փողոցներում, թաղամասերի արտաքին սահմաններում ընկած միավորներում: Մյուսը քաղաքային կյանքն է, որն ընթանում է շենքերի, շինությունների բակերում, թաղամասային լոկալ նշանակությամբ փողոցներում: Այդ երկու քաղաքները Խորհրդային Միության ժամանակ ևս ներկա էին և զարգանում էին Երևանում, չնայած խորհրդային քաղաքաշինական տիպային սկզբունքների տարածմանը: Օրինակները բազմաթիվ են:
Խորհրդային Միության փլուզումից հետո դրանք շարունակում էին զարգանալ, գուցե առաջին քաղաքը գրանցում էր որոշ նահանջ երկրորդի համեմատությամբ՝ պայմանավորված Հայաստանի սոցիալ-տնտեսական նոր վիճակով, համատարած հուսահատության փաստով և այլն: Իսկ երկրորդը գրանցում էր հայ մարդուն և երևանցուն բնորոշ քաղաքային կենսակերպի և տարածքների զարգացում, ինչը պայմանավորված էր նոր սոցիալ-տնտեսական իրավիճակով, հայ մարդու զբաղմունքի տեսակների նոր դրսևորումներով, կենցաղով և, իհարկե, ինքնության, ապրելակերպի էլեմենտներով:
Եթե Հայաստանում ճիշտ ուղով գնար քաղաքաշինական մտքի զարգացումը, այս ամենը կնպաստեր, որ Հայաստանում ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում զարգանային պոստմոդեռնիզմի արդի սկզբունքները՝ ուղղված դեպի մարդը: Սակայն 2000 թվականից ի վեր Երևանում նոր կառուցապատման հոսքերի, ինչպես նաև նոր բարեկարգումների հետ քաղաքային կյանքը, որպես Երևանը կազմակերպող տարր, մղվեց ամենահետին պլան: Երևանցուն բնորոշ կյանքը չկանոնակարգվեց, կենտրոնացավ ներփակ երևանցու համար օտար միավորների մեջ և ոչ մի կերպ չի կարողանում գտնել իր ուրույն տեղը քաղաքում:
Հայաստանում խորհրդային տարիներին քաղաքները կազմակերպվում էին հետևյալ հերթականությամբ. շենք-տարածք-կյանք (տվյալ դեպքում՝ քաղաքային կյանք), թեև այդ տարիներին միայն Խորհրդային Միությունում չէր այդպես. դա կոչվում էր «Բրազիլական սինդրոմ»: Մոդեռնիզմի դարաշրջանում քաղաքային տարածքների զարգացման ժամանակ հաշվի էր առնվում միայն երկու մասշտաբ՝ քաղաքի և կառուցապատման գոտիների մակարդակով: Այդ սկզբունքներին էր հետևում նաև Հայաստանը: Այսօր միջազգային պրակտիկան և կյանքը ցույց են տվել, որ մոդեռնիզմի մեթոդներն այլևս պիտանի չեն 21-րդ դարի քաղաքակրթությանը և նոր պահանջներին, քանի որ դրա ստեղծած տարածքներն այդպես էլ մարդկային կյանքի ռիթմին չհարմարվեցին, հակառակը, մարդը չհարմարվեց այդ տարածքներին: Ամենավառ օրինակը Բրազիլիա քաղաքն է: Քաղաքային տարածքները օդային բարձր մակարդակներից ոչ մի հրապուրիչ բան չունեն մարդու հայացքի և կյանքի համար: Երևանում ևս բազմաթիվ օրինակներ կան: Հարկավոր է փոխել տարածքների կազմակերպման մեթոդները՝ հասկանալ քաղաքի ներքին էլեմենտները, որոնք ձևավորում են քաղաքային կյանքը, և գնալ դեպի քաղաքային տարածք, այնուհետև՝ շենք-շինություն: Այսպիսով, սխեման հետևյալն է՝ քաղաքային կյանք-տարածք-շենք, շինություն: 1980-ականներից սկսած, պոստմոդեռնիզմի հետ բոլոր միտումները փոխվել են, քարոզվում է, որ քաղաքային կյանքը պետք է առաջնային տեղ զբաղեցնի քաղաքային տարածքների կազմակերպման ժամանակ: Իսկ այսօր Երևանում հակառակ պատկերն է. քաղաքային կյանքը, որը տարածքների կազմակերպման մեջ ներխուժեց 1990-ականներին, քաղաքային իշխանության կողմից ավերվում է՝ ամայի մոդեռնիստական կամ «ա լյա սովետիկ» տարածքներ ստեղծելու համար, ինչը չի համապատասխանում ո՛չ բնակիչների կյանքի ռիթմին, ո՛չ էլ նրանց պահանջներին: Երևանի բակերի արդի բարեկարգումն ասվածի վառ օրինակ է: Ավերվում է երևանցու բակային կյանքը, բակերի վերակառուցումը նոր ու կենսագործ տարրերով իրականացնելու փոխարեն։ Այսօրվա Երևանում գործող մոտեցումները և պրակտիկան հարկավոր է փոխել, եթե ցանկանում ենք ունենալ երևանցու կյանքին, ռիթմին, կենցաղին, պահանջներին, մշակույթին համապատասխան, արդի միտումներով կազմակերպված տարածքներ: Այս ամենի անտեսումը գալիս է ինչպես պատճաշ վերլուծական մեթոդների բացակայությունից, այնպես էլ այն փաստից, որ Հայաստանում այս ամենը չի դասավանդվում մասնագիտական հաստատություններում: Հայաստանցի մասնագետները և ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի դասախոսները համառորեն պնդում են, որ Հայաստանը փոքր, աղքատ երկիր է, և կարծում են, որ այդ պատճառով էլ սոցիոլոգիական և անտրոպոլոգիական մոտեցումները ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում արգասաբեր չեն ու չեն կարող ընդգրկվել ո՛չ ճարտարապետության, ո՛չ էլ քաղաքաշինության դասավանդումների մեջ, ոչ էլ այդ բնագավառների մասնագետները կարող են ներքաշվել տարածքների կազմակերպման գործում: Մասնագետների մյուս մասն էլ իրեն ստեղծագործող է երևակայում, ինչի պատճառով վերը նշված բնագավառները հաշվի չեն առնվում: Իսկ այդ ամենի բացասական հետևանքները յուրաքանչյուր երևանցի իր մաշկի վրա է զգում, էլ չեմ խոսում այդ «զտարյուն» ճարտարապետներին և քաղաքաշինարարներին քաղաքաշինական գործընթացների մեջ ընդգրկելու մասին, որոնց աշխատանքի արդյունքները խիստ բացասական են: Դա է պատճառը, որ ոչ մի քաղաքային տարածք մարդկանց համար չի նախագծվում:
Երևան քաղաքում ճարտարապետությունը և ճանապարհամերձ քաղաքային տարածքները կազմակերպվում են երթևեկության համար, որի դիտման և օգտագործման արագությունը 60-80 կմ/ժամ է, այլ ոչ թե 5 կմ/ժամ, ինչը հետիոտնի արագությունն է:
Այսօր քաղաքի և թաղամասերի միկրոաշխարհը կազմակերպում է նոր քաղաքային շփումներ, ինչն էլ պատասխանատու է նոր միկրոտարածքների տեսակների ստեղծման հարցում: Այս բոլորն անտեսվում են Երևան քաղաքում: Այդ տարրերը ևս հարկավոր է ընդգրկել քաղաքաշինության մեջ, եթե ուզում ենք ապահովել քաղաքային տարածքների իսկական որակն ու երկարատևությունը:


Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ