Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Օլիգարխիան ընդդեմ «ԴԵՄ ԵՄ»-ի

Օլիգարխիան ընդդեմ «ԴԵՄ ԵՄ»-ի
01.04.2014 | 00:45

«Դեմ եմ» շարժումը Հայաստանի անկախության պատմության եզակի հասարակական շարժումներից է, որը քաղաքացիական հասարակության կայացման համար լուրջ հիմքեր է ստեղծում: Մինչ «ԴԵՄ ԵՄ» շարժման ի հայտ գալը հասարակական ոլորտի առաջատարը բնապահպաններն էին, սակայն այս շարժումն արագ քաղաքականացվեց և կորցրեց քաղաքացիական հասարակության հիմքը դառնալու հնարավորությունը: Իսկ «ԴԵՄ ԵՄ» շարժման առաջնորդները, կարծես, չեն ցանկանում քաղաքականացվել` իրենց խնդիրների լուծումները դիտարկելով հասարակության լայն շերտերի համախմբման և այդ ճանապարհով իշխանության նկատմամբ ճնշում գործադրելու համատեքստում:
ՈՒշագրավ է, որ «հրաշալի քառյակը» ամեն կերպ փորձում է քաղաքականացնել ու իր կողմը քաշել «Դեմ եմ» շարժմանը, սակայն մինչ այժմ առանձնակի հաջողություններ այդպես էլ չի գրանցել: Խնդիրն այն է, որ քաղաքացիական հասարակությունն ու օլիգարխիան համակեցության կանոնների շուրջ չեն կարող պայմանավորվածություն ձեռք բերել: Դա բնական է, քանզի քաղաքացիական հասարակության կայացման գլխավոր խոչընդոտը օլիգարխիան է: «Հրաշալի քառյակի» առաջնորդը Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանն է, որը մեծ փողերի ներդրմամբ փորձում է վերցնել քաղաքական իշխանությունն ու վերջնականապես հաստատել իր մենաշնորհային դիրքերը տնտեսության զարկերակային ոլորտներում:
Քաղաքացիական հասարակության կայացումը միակ ուղին է, որը կարող է Հայաստանը դուրս բերել համակարգային ճգնաժամի խոր անդունդից: Իսկ դա չի կարող ձեռնտու լինել օլիգարխիային, քանզի միակ խավը, որն այդ անդունդում իրեն զգում է «ինչպես ձուկը ջրում», օլիգարխիան է: Քաղաքացիական հասարակության կայացումը կնշանակի վերջ տալ ամենաթողությանն ու հասարակական վերահսկողություն սահմանել ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ զարտուղի ճանապարհով ձեռք բերված փողերի հսկայական պաշար ունեցող օլիգարխների նկատմամբ: Հասարակական անհանդուրժողականությունը թույլ չի տա բիզնեսով զբաղվող ամեն մեկին «բարեգործության» ճանապարհով քաղաքական լծակներ ստանալ և պետության մեջ պետություն ստեղծել: Սա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ այդ բարեգործության կարիքը չլինի, այսինքն` ձևավորվի միջին խավ, որի առանցքի շուրջն էլ կհամախմբվի քաղաքացիական հասարակությունը:
Ստացվում է, որ օլիգարխի «Հրաշալի քառյակը», փորձելով օգտագործել «ԴԵՄ ԵՄ» շարժումը, ձգտում է իշխանափոխության, որ արմատախիլ անի քաղաքացիական հասարակության ծիլերը: Ինչպե՞ս կարող է տարիներ շարունակ տնտեսական մենաշնորհներ ունեցած, կասկածելի հանգամանքներում հարստացած, «քաղաքական բարեգործության» ճանապարհով պետական լծակների տիրապետած մարդը ձգտել մի իրավիճակի, երբ հասարակության համար անհանդուրժելի կլինեն անհավասար պայմաններով բիզնես ծավալելը, զինված թիկնապահների ոհմակով շրջելը, տեղի և արտասահմանյան ներդրողներին ունեզրկելը, նմանատիպ այլ արատավոր երևույթներ: Քաղաքացիական հասարակության հենքը պատասխանատվությունն է, այլ կերպ ասած` պատասխանատու քվեարկողը, ով իր ձայնը տալիս է ոչ թե ֆինանսական կարիքների բավարարման, այլ իր ապագայի համար կարևոր քաղաքական և տնտեսական ծրագրերի իրագործման անհրաժեշտությունից դրդված:
Ինչևէ, պետք է զինվել համբերությամբ և ուշադիր հետևել գործընթացներին: Չի բացառվում, որ վտանգի հոտ առած օլիգարխն ու նրա «հրաշալի քառյակը» փորձեն ներդրված մարդկանց միջոցով շեղել «ԴԵՄ ԵՄ» շարժման ուղղությունը` քաղաքացիական շարժումը վերածելով հերթական քաղաքական գործիքի: Նմանատիպ տրանսֆորմացիան մեխանիկորեն կարժեզրկի իրենց միջոցների ազատ տնօրինման իրավունքի համար պայքարը, իսկ քաղաքացիական հասարակության կայացման գործընթացի մեկնարկը նորից անժամկետ կհետաձգվի: Ամեն դեպքում, Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների ի հայտ գալն ու ակտիվությունը դրական ցուցանիշ են: Այն քաղաքական ապագայի հույս է ներշնչում, և ինչքան էլ օլիգարխներն իրենց «հրաշալի քառյակ» անվանումները կրող վարձկաններով փորձեն յուրացնել պետական իշխանությունն ու ազգային համախառն արտադրանքի առյուծի բաժինն ուղղեն իրենց գրպանները, միևնույն է` վաղ, թե ուշ առողջ, ժամանակակից մտածելակերպը հաղթելու է վաղֆեոդալականին:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ