Քեթի Վերսելենը Բելգիայի ներքին գործերի նախարարության ներգաղթի վարչության փորձագետ է: Նա աշխատում է Բալկանյան երկրներից, Վրաստանից, Հայաստանից ներգաղթողների հետ, ուսումնասիրում է նշված երկրներից Բելգիա անօրինական միգրացիոն հոսքերի դինամիկան, մասնակցում է անօրինական միգրացիան կանխարգելող իրազեկման արշավներին և միջազգային համագործակցության ծրագրերին:
Այսօր մի խումբ լրագրողների հետ «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնում հանդիպման ժամանակ Քեթի Վերսելենը մանրամասներ ներկայացրեց անօրինական միգրացիայի, նրա տեսակների, անօրինական միգրանտների վերադարձի, հետագա մուտքի արգելանքի և այլնի մասին:
Ըստ Քեթի Վերսելենի` Հայաստանի քաղաքացիները Բելգիայից ապաստան ստանալու առումով հինգերորդ տեղում են: Եթե 2009 թվականին միայն Հայաստանից եղել է ապաստան ստանալու 1500 դիմում, ապա 2013 թվականին` 500 դիմում: Լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ նա ներկայացրեց պատմություններ փախստականների, անկանոն միգրանտների կյանքից: Նա նշեց, որ հայերից շատերը ճամփորդում են անձնագրով, և երբ հասնում են իրենց ուզած երկիրը, կորցրած են լինում անձնագիրը: Ըստ վիճակագրության` Եվրամիությունում տարեկան հինգ հարյուր հազար անկանոն միգրանտ է հայտնաբերվում, որոնց 40%-ը հետ է ուղարկվում: Անցած երկու տարիների ընթացքում Բելգիա մեծ հոսք է եղել Բալկանյան երկրներից: Քեթի Վերսելենի դիտարկմամբ` մարդիկ արտագաղթում են լավ կյանքի մղումներից ելնելով և հաճախ սխալ ակնկալիքներով են գնում Եվրոպա: Փախստականն այնտեղ միշտ վախենում է, որ իրեն կհետապնդեն քաղաքական, կրոնական, ազգային, ռասսայական և սոցիալական որևէ խմբին պատկանելու պատճառով:
Քեթի Վերսելենի հետ լրագրողների հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև:
-Ի՞նչ խնդիրների են բախվում անօրինական ճանապարհով հայտնված միգրանտները:
-Եթե միգրանտն ունի կացության իրավունք, կարող է աշխատել: Իսկ եթե չունի օրինական կացության իրավունք, կարող է դառնալ գիշատիչ տանտերերի զոհը: Միգրանտին կարող են տեղավորել փոքրիկ բնակարանում և դրա դիմաց գանձել հսկայական գումար: Եթե միգրանտը չունի կացության իրավունք, բայց աշխատում է, նա միշտ վախենում է, որովհետև ոստիկանությունը միշտ անցկացնում է ստուգումներ և կարող է նրան հայտնաբերել: Միգրանտը կարող է առօրյա կյանքում ստեղծել այն տպավորությունը, որ ինքը կանոնավոր կյանքով է ապրում, իր երեխաներին կարող է ապահովել ամեն ինչով, բայց միևնույնն է` նա վախենում է, որ իրեն կարող են բռնել, կալանավորել: Ապաստան խնդրողները սովորաբար դիմում են նյութական աջակցություն ստանալու ակնկալիքով, և հիմա ԵՄ երկրները փորձում են ձևավորել միասնական ապաստարանների համակարգ, որտեղ բոլոր մոտեցումները և օժանդակության ձևերը կլինեն նույնը:
-Դուք ուսումնասիրե՞լ եք, թե ինչ սոցիալական խավեր են ներկայացնում միգրանտները: Նրանք միայն լավ կյանքի ձգտողնե՞րն են, թե՞ իրենց երկրում մասնագիտական, պրոֆեսիոնալ առումով բավարար չափով դրսևորվել չկարողացող արվեստի, մշակույթի, գիտության ոլորտների ներկայացուցիչները:
-Երբ գալիս են ապաստան խնդրողները, մենք վերցնում ենք նրանց տվյալները, կարող ենք հարցնել նաև, թե նախկինում ինչով են զբաղվել, բայց ուսումնասիրություն չենք անցկացրել և չունենք վիճակագրություն, թե ինչ խավ են ներկայացնում: Ակնհայտ է, որ ապաստան հայցելու հիմնական շարժառիթը տնտեսականն է, և մարդիկ ցանկանում են լավ կյանքով ապրել: Աղքատ երկրների աղքատ բնակչությունը չի կարող միգրանտ դառնալ, որովհետև նա չունի ճամփորդելու գումար:
-Իսկ ուսումնասիրե՞լ եք, թե ինչպես են Եվրոպայում տարիներով ապրող միգրանտներն ինտեգրվում այնտեղի կյանքին:
-Մենք չենք զբաղվում նման հարցերով, որովհետև ինտեգրումը կապված է հետագա փուլերի հետ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ