ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռուսական ՊԵՆ կենտրոնը հանդես է եկել հանուն արտահայտման ազատության

Ռուսական ՊԵՆ կենտրոնը հանդես է եկել հանուն արտահայտման ազատության
09.05.2014 | 00:26

Մայիսի 7-ին լրագրողների և գրողների իրավունքները պաշտպանող ռուսական ՊԵՆ կենտրոնը հրապարակել է «Մենք հանդես ենք գալիս հանուն արտահայտման ազատության և դեմ ենք բռնությանը» հայտարարությունը:

«Ճշմարտությունն ասելը և միտք ստեղծելը գրող հասարակության՝ գրողների և լրագրողների պրոֆեսիոնալ և քաղաքացիական պարտքն է: Մտքի արտահայտման և իրականության արտացոլման միակ գործիքը խոսքն է: Այսօր ռուսական իշխանությունները խոսքն օգտագործում են մտքի ոչնչացման համար: Եվ դա, անկասկած, հանցագործություն է մշակույթի հանդեպ:
Խոսքը ռուս ժողովրդի մեծամասնության սրտում գտնելով էմոցիոնալ արձագանք՝ ֆաշիզմ, խունտա, նացիզմ, դառնում է ագրեսիայի և ատելության կատալիզատոր:
Ոչ վաղ անցյալում իշխանությունների բառապաշարում տեղ էին գտել «ազգի դավաճաններ» և «հինգերորդ շարասյուն» հասկացությունները, որոնք ծագել են քաղաքակրթության համար ամենածանր ժամանակներում: Այդ բառերով էին անվանում նրանց, ովքեր բացահայտ արտահայտում էին իշխանության տեսակետից տարբերվող սեփական դիրքորոշումը:
Բացի բառ-պիտակավորումներից՝ իշխանությունները տնօրինում են նաև օրենքների ստեղծման մեքենան:
Ազատ արտահայտվելն այսօր հավասար է ահաբեկչական գործողության:
Անարդար և հակասահմանադրական օրենքները նացիզմի վերականգնման, զրպարտության, բլոգերների, անջատողականության կոչերի մասին քրեականացնում են հրապարակային կարծիքը և մտքի տարածման մոնոպոլիան թողնում պետությանը:
Խոսքի և մտքի նկատմամբ բռնությունը անխուսափելիորեն վերածվում է նաև ֆիզիկական բռնության: Կեղծիքի՝ անընդհատ և աստիճանական տարածումը ընդունում է նաև ռազմական գործողությունների տեսք: Հենց այդպիսի տեսք ունի այսօրվա պատերազմն ՈՒկրաինայում:
Ղրիմում բռնության մասին կեղծիքը ՈՒկրաինայի հարավ-արևելքում հանգեցրեց տասնյակ ռեալ զոհերի: Մամուլի օրվա առթիվ նախագահի մրցանակով պարգևատրված լրագրողները դարձել են այդ պատերազմի զինվորները: Նրանց կեղծիքը արյուն ու մահ արժեցավ, իսկ ցինիզմը և հիստերիան, որոնք հսկայական կորուստ են պատճառել ռուս հասարակական գիտակցությանը, նախագահի ստորագրած մրցանակի թերթիկներում կոչվում են «իրադարձությունների օբյեկտիվ արտացոլում»:
Մենք չենք կարող և չունենք բարոյական և պրոֆեսիոնալ իրավունքներ՝ հաշտվելու խոսքի անարգանքի և մտքի ոչնչացման հետ:
Մենք առաջիկայում էլ բացահայտ արտահայտելու ենք մեր դիրքորոշումը, աջակցելու ենք ՈՒկրաինայի մեր բարեկամների և գործընկերների երկխոսությանը, որպեսզի միասին հակադրվենք կեղծիքին և բռնությանը:
Մենք ավելի լավ գիտենք խոսքի ուժը, քան՝ պաշտոնյաներն ու քաղաքագետները:
Եվ մենք չենք հրաժարվելու դրանից»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ինչպես ռուսական ՊԵՆ կենտրոնը, այնպես էլ՝ բազմաթիվ ռուս անհատներ, մտավորականներ, ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց լուսաբանման մասին վերջին ամիսներին քանիցս հանդես են եկել մտահոգություններով և արտահայտել իրենց դիրքորոշումը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ