Երևանի կենտրոնի կառուցապատման խնդիրները շատ են: Դրանց առաջացման պատճառներից է այն, որ գործող քաղաքաստեղծ և քաղաքակառավարող համակարգերն ու տարրերը լարվածության մեջ են: Մի կողմից՝ խորհրդային ժամանակներից ժառանգած քաղաքային խնդիրներն ու մասնագետների ոչ պրոֆեսիոնալիզմը, մյուս կողմից՝ 2000-ից սկսած քաղաքաշինական ծրագրերի անկատար լինելն էլ ավելի բարդացրին իրավիճակը` ստեղծելով քաղաքաշինական և մասնագիտական լարվածություն: Քաղաքները ոչ միայն բարդ, այլև համակարգ են` փոփոխության մեծ, շատ մեծ լարվածության շարժում ունեցող: Եվ եթե այստեղ առաջնորդվում ենք առանց ընդհանուրը հաշվի առնելու, հավանականությունը մեծ է, որ խնդիրները լուծվելու փոխարեն կտեղավորվեն ուրիշ հարթության մեջ: Այսպիսով` Երևանի կենտրոնում արդի կառուցապատում իրականացնելիս կենտրոնի ֆունկցիոնալ աշխատանքի, ճանապարհային ցանցի և այլ խնդիրներ ավելի սրվեցին և տեղափոխվեցին ավելի բարդ հարթակ. ավելացան քաղաքի սոցիալ-տնտեսական և այլ խնդիրները:
Երևանի կենտրոնում առկա տարածքային լարվածությունները ոչ միայն սոցիալ-տնտեսական են, այլև առաջացել են քաղաքաշինական և ճարտարապետական, ֆունկցիոնալ և սոցիալական անհամապատասխանություններից, ընդհանուր օգտագործման տարածքների և ճարտարապետական ոճական «բազարից» և այլն: Ստեղծված լարվածությունները հետևանք են նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական ոլորտներում առկա լարվածությունների, որոնք որոշակի առումով շարունակական են: Չնայած Երևան քաղաքում դրանց առկայությունը սուր է, բայց վախենալու շատ առիթ թերևս չկա: Վերջին տեսակի լարվածությունները այն ժամանակներից են, ինչքան գոյություն ունեն քաղաքները: Այսօր դրանք բնորոշում են ինչպես ներկա վիճակը, այնպես էլ առաջ են գալիս որպես միջազգային պարտավորություն ստանձնած Երևան քաղաքի մարտահրավերների զարգացման ուղիները բնորոշող աշխատանքների արդյունքներից: Չնայած այդ ամենին, վերը նշված մշտականության և անխուսափելիության, Երևանում քաղաքաշինական գործադիր փաստաթղթերի մշակման և կիրարկման բացասական արդյունքները ցույց են տալիս, որ դրանց կազմակերպումը, ճիշտ ընկալումը և ընդգրկումը պետք է արվեն բացառապես «քաղաքաշինական ռազմավարությունը» քաղաքի գործադիր փաստաթղթերի մեջ մտցնելով և մշակելով: Երևանի պայմաններում և առկա լարվածության պայմաններում ուրիշ ոչ մի մեթոդ չի կենսագործվի:
Անհնար է, որ Երևանը լինի միաժամանակ Երևան և Դուբայ, քաղաք և գյուղ: Սա է, որ շատ քաղաքներ, այդ թվում՝ ՀՀ մայրաքաղաքը, դեռ չեն գիտակցում:
Լարվածությունները շատ կարևոր են նույն «քաղաք» հասկացությունը սահմանելու կամ դրան դասվելու համար, բայց այսօր դրանց ավելացել են մի շարք գործոններ, որոնք միահյուսվում են, որ ստեղծեն նոր բաժանում, և այդ ամենը Երևան քաղաքը պետք է իրավասու և ի վիճակի լինի կառավարելու:
21-րդ դարում ցանկալի քաղաքն ունի երկու երես: Մի կողմում իդեալական քաղաքն է` մաքուր, որը նոր 21-րդ դարի ուտոպիան է, մյուս կողմում լարված, մրցակցող քաղաքն է, քաղաք` բաց ամբողջ աշխարհին, միաժամանակ հարուստ և աղքատ:
Առաջինը մտածում է Երկիր մոլորակի գոյությունը պահպանելու մասին, իսկ մյուսը մտածում է նաև իր սեփական գոյության մասին: Ցավոք, Երևանը ոչ մեկն է, ոչ էլ մյուսը: Չնայած գուցե և այն որոշ առումով կարողանա դասվել 2-րդին: Երևանը ներկայումս մաքրում է տարածքները բազմազանությունից` սրբելով իր ճանապարհին այն ամենը, ինչ ստեղծում կամ ստեղծել է մարդն իր ինքնությամբ ու կենցաղով` փոխարենն առաջարկելով մոնոտոն, անշունչ տարածքներ, ճարտարապետություն, ինչը 21-րդ դարի սկզբին համարվում է հետադեմ:
Երևանում քաղաքաշինական լարվածություն ստեղծեց նաև հետևյալ իրավիճակը: Երևանի կենտրոնի կառուցապատման խնդիրների առաջացման պատճառներից է նաև այն, որ ինտենսիվ կառուցապատումներից առաջ հարկավոր էր Երևանից դուրս` 2-3 կմ հեռավորության վրա, բիզնես կենտրոնների և բազմաֆունկցիոնալ բարձրահարկ շենքերի կառուցապատման տարածք հատկացնել: Այն կնպաստեր Երևանի կենտրոնի պահպանմանը, քաղաքում ներդաշնակ կառուցապատման շարունակմանը, քաղաքի զարգացման ուղղության կանխագծմանը և այլն, ինչպես նաև զերծ կպահեր կենտրոնը գերբեռնավորելուց և մասշտաբից գցելուց, գուցե կնպաստեր կենտրոնի բեռնաթափմանը: Բայց 2000-ական թթ. մեծ շինարարություն սկսելուն զուգընթաց այդպես չարվեց, և որպես հետևանք ունենք ավերված կենտրոն, քաղաքի ավերված պատմություն, ոչնչացված և ապականված քաղաքային տարածքներ:
Հայաստանի շատ ճարտարապետներ ասում են, որ կենտրոնը պետք է խտանա՝ վկայակոչելով այլ քաղաքների օրինակը, և դա նրանք ասում են քաղաքաշինական տեսակետից՝ դեռևս հաշվի չառնելով տնտեսական շահերը, որոնք ձգտում են կառուցապատել և խտացնել կենտրոնը: Բայց այդ ճարտարապետները հաշվի չեն առնում Երևանի փողոցների ցանցը, որը չի կարող տանել այդ բեռնվածությունը: Երևանի կենտրոնի փողոցային ցանցը նոսր է: Այն նախատեսված է եղել մեքենաների համար և չի կարող փակվել ու հետիոտն դառնալ: Մյուս կողմից, եթե դրանք փակվեն և դառնան հետիոտն, կաթվածահար կլինի փոքր կենտրոնը, անգամ այնտեղ մետրոպոլիտենի կանգառների զարգացման պարագայում: Նաև ներբակային տարածքների կազմակերպվածությունն իր հերթին չի թույլատրում, որ հետիոտն հոսքերը և դրանց խտացումն ուղղվեն դեպի բակեր: Միգուցե այդ ամենը որոշակիորեն հնարավոր լիներ, եթե լիարժեք իրականացվեր Ա. Թամանյանի՝ 1924 թ. Գլխավոր հատակագծի փողոցային ցանցը, Երևանի կենտրոնում շատ բարձրահարկեր չկառուցվեին: Մյուս կողմից՝ այդ շատ խիտ մասը, որի մասին նշում են ճարտարապետները, քաղաքներում 1-1,5 կմ տրամագիծ ունի, ոչ թե Երևանի նման ընդգրկում է 2,5 կմ տրամագիծ:
Քաղաքային լարվածություն ստեղծող տարր են նաև Երևանի «էլիտար» տարածքները, որոնք քաղաքի հարուստների համար են` նախատեսված սահմանափակ օգտագործման համար, և ամենևին կարող են չլինել ժողովրդի համար ու չբավարարել նրա սպասումները: Սակայն դրանք քաղաքային էլիտայի պահանջները ևս չեն բավարարում: Չնայած, եթե Երևանում քաղաքային էլիտան կարողանում է այդ պայմաններում ապրել, կարող ենք ասել, որ այն դեռ չի կազմավորվել, կամ էլ Երևանի քաղաքային էլիտան շատ պահանջկոտ չէ: Օրինակ, յուրաքանչյուր էլիտար բնակարան պետք է ունենա տեսարան այգու կամ որևէ կանաչ զանգվածի վրա, իսկ այսօրվա էլիտար տարածքները մեծ մասամբ այդ հնարավորությունը չունեն, եթե չասենք` ամբողջովին զրկված են: Շատ էլիտար բնակարաններ իրենց պատուհաններից կամ պատշգամբներից նույնիսկ չունեն բավարար տեսարաններ: Որպես կանոն, բավարարելով յուրաքանչյուր քաղաքային էլիտայի բարձր պահանջները` ժողովրդի պահանջներն ինքնըստինքյան բավարարվում են: Երևանում դա չի արվում. էլիտան քաղաքային պահանջներ չի ներկայացնում Հայաստանի ճարտարապետներին և քաղաքաշինարարներին, սուսուփուս գոհանում է միայն մաքուր շքամուտքերով:
Պատմականորեն քաղաքաշինության մեջ հայտնի է հետևյալ ձևաչափը. ավանն առաջարկում է իր անդամների կյանքի կանոնները, իսկ քաղաքը պարտադրում է իր բնակիչներին կանոնադրություններ: Սա է անհրաժեշտ հասկանալ: Պետք է հասկանալ նաև, որ այժմյան հայաստանցին և իհարկե երևանցին, չնայած իր խմբակային ապրելու ոճի պահպանմանը, որը գալիս է տարբեր սոցիալ-տնտեսական պայմաններից, հայկական սովորություններից, բնավորությունից, երկար ժամանակ պետականություն չունենալուց, նաև քաղաքացի է, իսկ Երևանն էլ իր հերթին քաղաք է, այլ ոչ թե ավան: Այս ամենն անհրաժեշտ է հասկանալ, որպեսզի չխախտվեն մասշտաբները, ճիշտ բաշխվեն լարվածությունները և առաջարկվեն խնդիրների խելամիտ լուծումներ:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր