Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Լենինն անասնական ատելություն և արհամարհանք էր տածում բոլոր արվեստների, արվեստագետների և մտավորականության նկատմամբ

Լենինն անասնական ատելություն և արհամարհանք էր տածում բոլոր արվեստների, արվեստագետների  և մտավորականության նկատմամբ
23.05.2014 | 12:02

Ժողովրդական լայն զանգվածների յոթ տասնամյակից ավելի տևած զոմբիացման պրոցեսը այնպիսի խորության և մասշտաբների էր հասել, որ մինչ օրս էլ մեծ թիվ են կազմում «համաշխարհային պրոլետարիատի մեծ առաջնորդի», իմա` Լենինի մասին սխալ, անհեթեթ, իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող պատկերացումների տեր մարդիկ:

Այդ հակամարդու հրեշավոր գործունեությունը դեռևս լիովին բացահայտված չէ, քանի որ մինչ օրս անհասանելի են յոթ կողպեքի հետևում գտնվող նրան վերաբերող արխիվային նյութերը: Նրա ստոր զինակիցների և չարանենգ գործի շարունակողների ուղղորդված ջանքերի շնորհիվ ստեղծվում էր այդ մարդակերի գրեթե աստվածային պաշտամունք, նրա անունով կոչվում էին հազարավոր փողոցներ, դպրոցներ, ինստիտուտներ, կոլխոզներ, գյուղեր և քաղաքներ, անծայրածիր երկրի բոլոր բնակավայրերում դրվում էին այդ ստահակի արձաններն ու կիսանդրիները (դրանց թիվը հասնում էր մի քանի միլիոնի), մոլորյալ բանաստեղծներն ու գրողները հազարավոր ներբողներ, բանաստեղծություններ, պոեմներ ու բալլադներ էին ձոնում «ամենամարդկային մարդուն», ստեղծվում էին կեղծարարության գլուխգործոց կինոնկարներ և թատերական ներկայացումներ, օպերաներ և օրատորիաներ: Եվ այս բոլորը մի մարդու մասին, որն անասնական ատելություն և արհամարհանք էր տածում բոլոր արվեստների, արվեստագետների և մտավորականության նկատմամբ (հենց նրան է պատկանում տխրահռչակ «Интеллигенция-это говно» «թևավոր» դարձած գռեհկությունը), նրա շրջապատում չկար ոչ մի ճանաչված արվեստագետ, արտիստ կամ նկարիչ, կոմպոզիտոր, երաժիշտ կամ գրող (Մաքսիմ Գորկին անհասկանալի բացառություն է): Նա երբևիցե չէր հաճախում թատրոն, համերգասրահ, թանգարան կամ ցուցահանդես: Նրա հիվանդագին ուղեղը զբաղված էր միայն «համաշխարհային հեղափոխության» զառանցագին գաղափարով:
Գերմանիայի հատուկ ծառայությունների և տխրահռչակ Ալեքսանդր Պարվուսի (Իզրաիլ Լազարևիչ Գելֆանդ) շնորհիվ զրահապատ վագոնով անցնելով ռազմաճակատային գիծը` նա ներթափանցեց Ռուսաստան, և ընդամենը մի քանի ամիս հետո սկսվեցին այդ երկրի մղձավանջն ու մեծագույն ողբերգությունը: Խաղաղության և հակապատերազմական կոչերով և իմպերիալիստական պատերազմում իր երկրի պարտությունը ցանկանալով ու քարոզելով (սա արդեն պատմության մեջ չտեսնված ու չլսված ստորություն էր), նրան հաջողվեց աներևակայելի լկտիությամբ ու խաբեությամբ զավթել իշխանությունը և արդեն վերջնական հաղթանակի շեմին կանգնած Ռուսաստանը զրկել ոչ միայն այդ հաղթանակի բերկրանքն ու նվաճումները վայելելուց*, այլև հանուն իր իշխանության պահպանման ստորացուցիչ պայմաններով հաշտության պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ` դավաճանելով բոլոր դաշնակից պետություններին, իսկ այնուհետև սանձազերծեց պատմության մեջ չտեսնված մասշտաբների եղբայրասպան քաղաքացիական պատերազմը իր ավելի քան 15 միլիոն զոհերով, կատարյալ աղետի մատնեց աննախադեպ տնտեսական վերելքի և հզորացման ուղին բռնած Ռուսաստանը, ոչնչացրեց բնակչության բոլոր էլիտար խավերը` ազնվականությանը, վաճառականությանը, հոգևորականությանը, կուլակությանը (այսինքն` աշխատասեր գյուղացիությանը), արդեն ձևավորված և հաստատված արդյունաբերողների դասը, ֆիզիկապես ոչնչացրեց կամ երկրից արտաքսեց մտավորականությանը` Ռուսաստանի գիտական ու ստեղծագործական գրեթե ողջ ընտրանուն, այդ թվում` համաշխարհային ճանաչման արժանացած դեմքերի:
Այդ մոլագարի անմարդկային գործողությունների (թերևս ճիշտ կլինի ասել` գործարքների) պատճառով հսկայական կորուստներ կրեց հայ ժողովուրդը: Հենց նրա հանցավոր հրամանով ռուսական զորքերը դուրս բերվեցին Արևմտյան Հայաստանից, Թուրքիային թողնվեցին հայկական հազարամյա տարածքները, քաղաքներն ու նահանգները, իսկ արհեստածին Ադրբեջանին բռնակցվեցին Ղարաբաղն ու Նախիջևանը: (Ինչպես գրում է ռուս մեծագույն գրող և հանճարեղ մտածող Ալեքսանդր Սոլժենիցինը. «Այդպես էլ Ղարաբաղը կցեցին Ադրբեջանին, ինչ տարբերություն` ուր, այդ ժամանակ պետք էր հաճոյանալ սրտակից բարեկամին` Թուրքիային»): Նա ոչ մի անգամ մեկ բառով իսկ ոչ միայն չի անդրադարձել հայ ժողովրդի մեծ ողբերգությանը` 1915-1923 թթ. ցեղասպանությանը, այլև լկտիաբար զենք ու զինամթերք, նույնիսկ հաց (երբ համատարած սով էր Ռուսաստանում) և ոսկի էր տրամադրում թուրք ավազակապետությանը, որն այդ ամենն ուղղում էր արյունաքամ եղած հայ ժողովրդի դեմ:
Չի կարելի անուշադրության մատնել բոլշևիկների մեկ այլ «սխրագործություն»: Նրանք աներևակայելի լկտիությամբ և շտապողականությամբ փոխեցին ամբողջ երկրի տոպոնոմիան. քաղաքների, բնակավայրերի, փողոցների, հրապարակների դարերով եկած անունները հապշտապ վերանվանեցին իրենց ոչուփուչ, շատ հաճախ չարագործ ու դահիճ գործիչների անուններով:
Ամեն ինչ վերածվում էր զավեշտի. օրինակ` Կալինինի և Կիրովի անուններով (երկուսն էլ առավելապես հայտնի են որպես խայտառակ կնամոլներ - «бабник»-ներ) կոչվեցին տասնյակ քաղաքներ, հարյուրավոր գյուղեր ու ավաններ, գործարաններ, դպրոցներ ու թատրոններ, իսկ փողոցների թիվն անցնում էր տասը հազարից: Հիշենք թեկուզ մեր հանրապետության ոչ հեռավոր անցյալի քարտեզը` Լենինական ու Կիրովական քաղաքներով, Կալինինոյի, Բերիայի, Ազիզբեկովի, Կամոյի, Ղուկասյանի շրջաններով: Բթամիտ Մոլոտովի (որակումը Անաստաս Միկոյանինն է) անունն էր կրում Երևանի պետական համալսարանը, պոլիտեխնիկ ինստիտուտը` Կարլ Մարքսի, Ռուսական մանկավարժական ինստիտուտը` Անդրեյ Ժդանովի, իսկ տեխնիկումը` Նիկոլայ Օստրովսկու, չէին մոռացվել նողկալի դահիճներ Ձերժինսկին և Աթարբեկյանը (փողոցներ, դպրոցներ, գործարան, գյուղ): Նույնիսկ մինչև հիմա Երևանի կենտրոնական և գեղեցիկ փողոցներից մեկը կոչվում է Երևանի և Հայաստանի հետ բացարձակապես ոչ մի առնչություն չունեցող Արսեն Ամիրովի (Ամիրյան) անունով, որի ով կամ ինչ լինելու մասին պատկերացում չունի երևանցիների 99 %-ը: Իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում թուղթ մրոտող ողորմելի Ֆուրմանովը, որի անունով կոչվում էր մայրաքաղաքի այդպիսի կարևոր փողոց: Զարմանալի ու զավեշտալի անհեթեթությունների այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց այն ավարտենք այդ լկտիության թագ ու պսակով: Դա Մոսկվայի Կարմիր հրապարակը նեկրոպոլ-գերեզմանատուն դարձնելն էր: Այնտեղ թաղեցին դահիճներ Սվերդլովին և Ձերժինսկուն, տասնյակ միլիոնավոր մարդկանց ոչնչացրած Ստալինին, նրա խեղկատակ «կազյոլ» Կալինինին, ստորագույն արարածներ Ժդանովին, Վիշինսկուն, Սուսլովին, Անդրոպովին, ոչնչություններ Վորոշիլովին ու Չեռնենկոյին և նմանատիպ ուրիշների: Եվ, իհարկե, հենց այնտեղ տեղադրեցին այս դժոխապատումի անթաղ նզովյալի դամբարանը, որը հավերժական անեծքի պես ուղղակի կախված է Ռուսաստանի գլխին, և որից չեն կարողանում ազատվել մինչ օրս:
Այս ամենը բոլորովին էլ երեխայական անմեղ խաղ չէր և ոչ էլ բոլշևիկների լոկ փառասիրական նկրտումների դրսևորում: Նրանք շատ լավ էլ հասկանում էին, որ այդ անունների մշտական հոլովումը և գովերգումը «լվանում է» մարդկանց ուղեղները, ենթագիտակցության մեջ պատմական կարևոր դեմք դարձնում այդ թափթփուկներին և նպաստում ժողովրդական լայն զանգվածների մեջ իրենց «անմահ գործի» պատմական անհրաժեշտության ու անխուսափելիության գիտակցության ամրապնդմանը:
Բայց պատմության օրենքներն այլ են: Ստի, կեղծիքի և խաբեության, վախի, սարսափի և ահաբեկչության վրա ստեղծված հասարակարգը կարող է նույնիսկ 70 տարի գոյատևել, բայց երբեք չի կարող ապագա ունենալ:


Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1876

Մեկնաբանություններ