Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ճիշտ ճանապարհը Եվրասիական միությանը չանդամակցելն է»

«Ճիշտ ճանապարհը Եվրասիական  միությանը չանդամակցելն է»
06.06.2014 | 00:31

Երկար տարիներ քաղաքական թատերաբեմը չլքած խոսափողի «սեփականատեր» ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ Ղարաբաղի շուրջ այսօրվա զարգացումները դրական չի համարում և պնդում է, որ իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում Արցախին առնչվող նման հայտարարություններ երբևէ չեն հնչել:


-Նման եզրահանգման առիթը Ղարաբաղի առնչությամբ Նազարբաևի հայտարարությո՞ւնն է:
-Նախ՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ չէին այդպիսի հարցադրման: Պետք է ամբողջությամբ դեմ լինեն նման մոտեցմանը. ի՞նչ է նշանակում՝ Ղարաբաղը Հայաստանի հետ ընդհանուր տնտեսական տարածք չէ կամ նման կարգի այլ հայտարարություններ: Մեր արտաքին գործերի նախարարներից մեկ-երկուսը միշտ հայտարարել են, որ Ղարաբաղը և Հայաստանն ընդհանուր տնտեսական տարածքի մեջ են: Այսպիսի դեպքեր, հայտարարություններ նախկինում չեն եղել: Ավելին, այն, ինչ տեղի ունեցավ, բավականին բացասական երևույթ է: Սա լուրջ առիթ է, որպեսզի մեր իշխանությունները համարձակություն ունենան ասելու՝ մենք Մաքսային միության հետ որևէ առնչություն չունենք:
-Հարցն այնքան լուրջ է, որ պետք է խա՞չ քաշել այդ միության վրա:
-Երևի պարտավոր ենք դա անել, քանի որ Ղարաբաղը չենք կարող «լքել»:
-Իշխանության վերին օղակներում կանգնած մարդիկ այլ հարցադրմամբ արձագանքեցին՝ իսկ ո՞վ է ասել, թե մենք Եվրասիական միություն ենք մտնում Ղարաբաղի հետ, նաև փաստեցին, որ ոչ մի խոչընդոտ չկա այդ միությանն անդամակցելու հարցում: Ինչպե՞ս հասկանալ:
-ՈՒղղակի հայտարարել, թե Ղարաբաղը մեզ հետ է մտնելու ՄՄ, իմաստ չուներ, որովհետև դա ինքնըստինքյան այդպես էլ ենթադրվում էր: Եթե Հայաստանն ու Ղարաբաղը ընդհանուր տնտեսական միավորման մեջ են և մեր բյուջեից միջոցներ են գնում Ղարաբաղ, ընդհանուր սահման, մաքսային կետ չունենք, հարց է ծագում. եթե Ղարաբաղը չընդգրկվի այդ միավորման մեջ, կա՛մ Հայաստանի հետ ընդհանուր տնտեսական տարածքից պիտի դուրս գա, կա՛մ Հայաստանն այդ միության մեջ չպետք է լինի:
-Հիմա ինչպիսի՞ զարգացում կարելի է ակնկալել:
-Ադրբեջանին զենք վաճառելուց հետո «ստորաքարշ» վիճակով գնալ դեպի այդ միավորում սխալ է, որովհետև դրանից կարելի է եզրահանգել, որ վտանգվում է անգամ Ղարաբաղի գոյությունը:
-Իշխանության ներկայացուցիչները ՄՄ-ին անդամակցությունն արդարացնում են Ղարաբաղի անվտանգության ապահովմամբ, փաստորեն հիմա հակառա՞կն է ստացվում:
-Այս վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ոչ միայն անվտանգության երաշխավոր չէ այդ միությունը, այլև լրիվ հակառակ զարգացումներ են տեղի ունենում: Զենք վաճառողները լավ էլ կողմ են, որ պատերազմը վերսկսվի, որպեսզի իրենց զինամթերքը «լայն» սպառում ունենա: Իսկ թե այս ամենի արդյունքում որքան մարդ կզոհվի, ու Ղարաբաղը որտեղ կլինի, նրանց համար կարևոր չէ: ՈՒստի մեզ համար ճիշտ ճանապարհը Եվրասիական միությանը չանդամակցելն է, որովհետև դա ոչ մի երաշխիք չի տալիս Ղարաբաղի անվտանգության համար: Եթե մենք մեզ համար գերակա ենք համարում աշխարհի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը, ՄՄ-ին անդամակցելն ուղղակի հակասում է մեր արտաքին քաղաքական ուղեգծին: Մեր իշխանությունները պետք է վերջնագիր ներկայացնեն. եթե Ղարաբաղը` չէ, մենք էլ` չէ:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ