Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Անհասկանալի է` մենք ինչ ենք անելու այդ միությունում»

«Անհասկանալի է` մենք ինչ ենք  անելու այդ միությունում»
10.06.2014 | 01:21

ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ
(«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր)

-Պատգամավորներն առաջարկում են համապատասխան գերատեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպել Աստանայում հնչած հայտարարությունների առնչությամբ: Կա՞ դրա անհրաժեշտությունը։
-Ադրբեջանը, չլինելով ենթադրյալ այդ միության անդամ, միևնույն է, Ղազախստանի միջոցով և Ռուսաստանի աջակցությամբ հնարավորություն ունեցավ գործընթացների վրա ազդեցություն ունենալու: Ինքս դեմ եմ այդ միությանը և քանիցս պատճառները նշել եմ: Ամենակարևորը. փաստ է, որ հարկային և մաքսային դրույքաչափերի միջոցով կարողանում ենք խրախուսել տնտեսական ոլորտը: Դառնալով այդ միության անդամ, զրկվում ենք այդ հնարավորությունից, քանի որ գործելու է տնտեսական կոմիտե, որն էլ կանոնակարգելու է դրույքաչափերը: Սա Հայաստանը բառացիորեն դարձնելու է Ռուսաստանի կցորդը, մինչդեռ եվրաասոցացման համաձայնագրով Հայաստանի և Ղարաբաղի միջև տնտեսական առումով ոչ մի խնդիր չէր ստեղծվում: Այս դեպքում մեր ընդդիմախոսները, երբ նշում էին, թե այս միությունն ուժեղացնելու է Ղարաբաղի անվտանգությունը, պետք է վերջնականապես հասկանան, որ Արցախի անվտանգության ամենամեծ երաշխավորը զարգացած և ուժեղ Հայաստանն է: Սակայն, ցավոք, Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ոչ թե Հայաստանում, այլ Կրեմլում է կայացվել: Մենք մտնում ենք մի միություն, որտեղ հիմնական ազդեցություն ունեցող անդամները՝ Ռուսաստանն ու Ղազախստանը, սպասարկում են Ադրբեջանի շահը: Այս պարագայում անհասկանալի է՝ մենք ինչ ենք անելու այդ միությունում: Քիչ եմ համարում այդ քննարկումների կազմակերպումը, քանի որ շատ ավելի կարևոր քայլեր կան: ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը պաշտպանում է մեր հակառակորդի քաղաքական շահերը: Ավելի վատն էլ այն է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով հայտարարեց, թե Ադրբեջանն իր ռազմավարական գործընկերն է, մինչդեռ մինչև այս պահը մեր իշխանությունները և այդ միության կողմնակիցներն այս առումով հստակ գնահատականներ չեն հնչեցնում: Այսքանից հետո հետևություններ չանել ու բավարարվել միայն քննարկումներ կազմակերպելով, կործանարար կլինի Հայաստանի համար:
-Ի՞նչ եք առաջարկում:
-Շատ նուրբ և կարևորագույն պահ է: Նախ՝ չպետք է հասնեինք այս օրվան: Պետք է Աստանան չլիներ անակնկալ, և՛ ղազախները, և՛ բելառուսները բազմիցս Ղարաբաղի առնչությամբ հայտարարություններ են արել: Հայաստանը պետք է այս ամենին պատրաստ լիներ:
-Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե Մաքսային միությունը քաղաքական հարցերի, այդ թվում՝ Ղարաբաղի հարցի լուծման հարթակ չէ, այնպես որ, չպետք է անհանգստանալ:
-Ես շատ կուզեի, որ Եվրասիական միությունը քաղաքական հարթակ չլիներ, բայց դա մեր ցանկությամբ չէ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և մեր տնտեսությունները համադրելի չեն: Ղրիմի պատճառով Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ինքնամեկուսացումը ակամայից կպրոյեկտվի նաև միության անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Նաև այդ պատճառով չէր կարելի անդամակցել այս միությանը, քանի որ վերջինիս ապագան շատ մշուշոտ է: Սա կհանգեցնի Հայաստանի և՛ քաղաքական, և՛ տնտեսական մեկուսացմանը, առավել ևս, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մաս կազմելը Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար բարենպաստ չի լինելու: Սա կկասեցնի նաև Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացը:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ