Երեկ, մեր ժամանակով կեսգիշերին մոտ, Բրազիլիա-Հորվաթիա խաղով տրվեց ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնության մեկնարկը: Իհարկե, դրան նախորդեց բացման հանդիսավոր արարողությունը: Կազմակերպիչ երկիր Բրազիլիան ամեն ինչ էր արել այն տոնի վերածելու համար:
Առհասարակ պիտի նկատել, որ նմանաբնույթ հանդիսությունները վաղուց են դարձել տվյալ երկրի հոգևոր-մշակութային, ինչու չէ, նաև քաղաքական, տնտեսական կյանքի հայտագիր, և պատահական չէ, որ յուրաքանչյուր նման խոշոր միջոցառում ընդունող ու անցկացնող երկիր առավելագույնս է ջանում համաշխարհային հանրույթին առավել շահեկան կողմերով ներկայանալու համար՝ անխնա ծախսելով ֆինանսական հզոր միջոցներ: Իսկ որ դրանք գնալով ավելի ու ավելի ծավալային բնույթ են ստանում, վկայում են թվերը: Այսպես, այս առաջնությունը Բրազիլիայի տնտեսությանն արժեցավ 11 միլիարդ դոլարի կարգի թիվ: Համեմատության համար՝ 2010-ին Հարավային Կորեան ծախսեց մոտ երեք անգամ պակաս գումար՝ չորս միլիարդ: Նրանից առաջ աշխարհի առաջնությունն ընդունած երկիրը Գերմանիան էր՝ 1,6 միլիարդով:
Իհարկե, հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր մեկնարկային իր բազան ունի՝ կապված ենթակառուցվածքների ցանցի հետ (եթե վերցնենք միայն ստադիոնները, վերակառուցված, ամբողջովին արդիական տեսքի բերվածներն ութն են, զրոյից կառուցվածները՝ չորսը), բայց որ աշխարհում ամեն ինչ է գնալով թանկանում, անվիճելի փաստ է: Ծախսված 11 միլիարդը հարկավ ծանր է նստել երկրի բյուջեի վրա, սակայն այն անվիճելիորեն կաշխատի հօգուտ տնտեսության, որքան էլ որ, նախատեսածի համեմատ, ծախսերն ավելի զգալի են եղել: Սակայն եկեք այս ամենը թողնենք մի կողմ, ավելի շատ անդրադառնանք բուն ֆուտբոլին՝ մեկնակետ ունենալով մասնակից երկրների «թվային արտահայտությունները»:
Այսպես՝ Արգենտինայի ընտրանին այս առաջնության ամենամեծահասակ թիմն է: Ֆուտբոլիստների միջին տարիքը մոտ է քսանիննին: Հետաքրքրական է, որ այստեղ չկա 1990-ից այս կողմ ծնված և ոչ մի խաղացող: Նույնչափ հետաքրքրական է և այն, որ չկան և 1980 ու նրանից այն կողմ ծնվածներ: Ասել է թե` առաջնության ոսկին նվաճելը բացառապես վստահվել է 80-ականների սերնդին:
Ընդհանրապես պիտի նկատել, որ առաջացած տարիքը (բնականաբար զուտ ֆուտբոլային չափանիշներով), իսկ արգենտինացիների համար այն 28 տարի ու 336 օր է, բարձունքի հասնելու առանձնակի խոչընդոտ չի եղել: Հիշենք թեկուզ 2006 թվի աշխարհը, որտեղ փայլեց Իտալիայի «տարեց» ընտրանին: Ի դեպ, եթե արգենտինացիները հաղթեն աշխարհի այս առաջնությունում, կդառնան ռեկորդի հեղինակ. այնուամենայնիվ «սկուադրա աձուրան» փոքր-ինչ երիտասարդ էր: Ինչ վերաբերում է ամենաերիտասարդ հավաքականին, այն Գանայի ընտրանին է: Աֆրիկյան այս ընտրանու միջին տարիքը 25 տարի և 224 օր է: Նրանից մի փոքր տարիքով է սև մայր ցամաքը ներկայացնող մյուս` Նիգերիայի ընտրանին (25 տարի և 297 օր):
Ամենատարեց ֆուտբոլիստը Կոլումբիայի ազգային հավաքականի դարպասապահ Ֆարիդ Մոնդրագոնն է, ում 43 տարին կլրանա հունիսի 21-ին: Այս ֆուտբոլիստի նորամուտն աշխարհի առաջնությունում եղել է հիմա արդեն հեռավոր թվացող 1994 թվին, իսկ ազգային հավաքականում հայտնվել է դրանից մեկ տարի առաջ: Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 1996 թ. ծնված կամերունցի Ֆաբրիս Օլինգան է: Նույն թվին է ծնվել նաև Լյուկ Շոուն, սակայն նա 10 ամսով մեծ է Օլինգայից:
Ֆուտբոլի ընթացիկ աշխարհի առաջնությունը Բրազիլիայի ընտրանու համար թվով քսաներորդն է: Այն միակն է, որ մասնակցել է բոլոր առաջնություններին: Այս հավաքականին են պատկանում գրեթե բոլոր հնարավոր ռեկորդները` չեմպիոն է դարձել հինգ անգամ, յոթ անգամ եղել է եզրափակչի մասնակից (նույնպիսի ցուցանիշ ունեն և գերմանացիները), հաղթել է 67 խաղում: Բրազիլացիներինն է անպարտ հանդիպումների` 13 խաղ (1958-1966 թթ.), բացառապես հաղթանակով ավարտած խաղերի ամենաերկար սերիան` 11 հանդիպում (2002-2006 թթ.):
Ֆուտբոլի կախարդներին է պատկանում ևս մեկ ռեկորդ. «սելասեոյի» լեգենդար հարձակվող Ռոնալդոն 15 գոլով աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն է: «Մեծատամին» ընդամենը մեկ գնդակով է զիջում Գերմանիայի ընտրանու հարձակվող Միրոսլավ Կլոզեն, ում առաջին իսկ գոլն ընթացիկ առաջնությունում կլինի ռեկորդի կրկնություն: Անվիճելի է, որ Յոախիմ Լյովը նրան բավարար խաղաժամանակ կտրամադրի բրազիլացուն գերազանցելու համար ու «գերմանացնելու» այս ռեկորդը, թեպետ, չմոռանանք, որ Միրոսլավն ազգությամբ լեհ է: Ի դեպ, Կլոզեն, ում 36-ամյակը լրացավ հունիսի 9-ին, Հայաստանի ընտրանու հետ հունիսի 6-ին կայացած չարաբաստիկ խաղում խփեց իր թվով 69-րդ գնդակը: Այս ցուցանիշով ևս նա իր երկրի ընտրանու լավագույն ռմբարկուն է:
Բոլոր գրավառու գրասենյակները համոզված են, որ հենց Բրազիլիայի ընտրանին է դառնալու աշխարհի չեմպիոն: Հաղթանակի նրա գործակիցն ունի թվային 4,00 արտահայտությունը: Ըստ նույն գրավառուների, հաղթանակի լավ հնարավորություն ունեն Արգենտինան (5,50) ու Գերմանիան (6,50): Ասենք նաև, որ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնների` Իսպանիայի հավաքականի շանսերը գնահատված են 7,00 գործակցով: գրավառուներն ամենացածրն են գնահատել Կոստա Ռիկայի շանսերը` 2501,00: Թերևս սրանում առանձնապես զարմանալու բան չկա, եթե նկատի ունենանք, որ այն ՈՒրուգվայի, Անգլիայի ու Իտալիայի ընտրանիների հետ հայտնվել է մահվան խմբում:
Բրազիլիայի առաջնությունն առաջինն է լինելու Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու համար: «Վիշապների» առաջին մրցելույթը հունիսի 15-ին է` արգենտինացիների հետ:
Աշխարհի առաջնությանը մասնակցող 119 ֆուտբոլիստներ ներկայացնում են Անգլիայի առաջնության տարբեր դիվիզիոնները, 104-ը` անմիջապես պրեմիեր լիգան: Հավաքականներ ամենաշատ թվով ֆուտբոլիստներ գործուղած ակումբը Մյունխենի «Բավարիան» է` 15, ու եթե չլինեին Ֆրանկ Ռիբերիի ու Տյագո Ալկանտարայի վնասվածքները, այդ թիվը երկուսով ավելի կլիներ:
Ռուսաստանի ընտրանին միակն է, որտեղ հանդես չեն գալիս նատուրալացված ֆուտբոլիստներ: Թե ֆուտբոլում այս երկիրը դեռ որքան կմնա այս կարգավիճակում, դժվար է ասել: Համենայն դեպս, Սոչիի օլիմպիական խաղերը ցույց տվեցին, որ նատուրալացված մարզիկները դառնում են անխուսափելի օրինաչափություն: Ի դեպ, Ադրբեջանը վաղուց է գնում այդ ճանապարհով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ