Հունիսի 17-ին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ կառավարության՝ Գյումրու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունն առնվազն մեկ տարով հետաձգելու և դրա հետևանքով առաջացած խնդիրների շուրջ քննարկումը: Մասնակցում էին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային քաղաքականության գլխավոր մասնագետ Աշոտ Հախվերդյանը, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի պետ Արտյոմ Դավթյանը և «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում հունիսի 2-ին կայացած հանդիպման ընթացքում փոխնախարար Արմեն Ղուլարյանը «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանին հայտնել էր, որ Գյումրու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունն առնվազն մեկ տարով հետաձգվում է:
«Մեդիա կենտրոնին» ՀՀ քաղաքաշինության նախարարությունը գրավոր տեղեկացրել է, որ Գյումրի քաղաքում լրացուցիչ կառուցվելիք մոտ 430 բնակարանների շինարարական աշխատանքների վերսկսման մեկնարկի ժամկետները, առաջնահերթությունները և ուղղությունները կհստակեցվեն առաջիկա 2-3 ամիսների ընթացքում` ֆինանսական ռեսուրսների համակողմանի ուսումնասիրության արդյունքներով: Նախարարությունը հայտնում էր նաև, որ իր ներկայացուցիչներն առաջիկայում շրջայց կկատարեն աղետի գոտու շինհրապարակներ և խնդրի վերաբերյալ կտան հստակ պարզաբանում:
Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նկատեց, որ իշխանություններն իրենց քարոզչության համար զանգված են աճեցնում գալիք համապետական ընտրությունների համար, որպեսզի դրանց նախօրեին վերսկսեն բնակարանաշինությունը, բայց գյումրեցիները նախորդ ընտրություններին ապացուցեցին, որ իշխանությունները սխալ տեղում են իրենց մանիպուլյացիաների համար զոհեր փնտրում։ Ըստ նրա՝ գյումրեցիները պատրաստ են գնալ կտրուկ գործողությունների, քանի որ իշխանություններն այլ ելք չեն թողել: Պարոն Բարսեղյանը նշում է, որ 430 բնակարանի համար անհրաժեշտ է 7-8 մլն դոլար, ինչը կարելի է հեշտությամբ վերցնել պետական բյուջեից և ուղղել այդ բնակարանների կառուցմանը։
«Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը մեծ սպասելիքներ չունի կառավարությունից և նշեց, որ խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ է պետք գտնել. «Կանխատեսում եմ, որ բնակարանների շինարարությունը երբեք չի վերսկսվի, այդ պատճառով առաջարկում եմ ստեղծել ֆոնդ և լիազորել համայնքներին կամ քաղաքապետարանին՝ գնել ազատ բնակարանները ու բաժանել անօթևաններին»: