Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մարդու իրավունքներն էլ չե՞ն ոտնահարվելու

Մարդու իրավունքներն էլ չե՞ն ոտնահարվելու
30.06.2014 | 14:02

«Պետությունը պետք է սեփական իրավական համակարգ զարգացնի` առանցքում ունենալով մարդուն և նրա արժանապատվությունը»: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկին: Հրաշալի խոսքեր են: Այսօր միաժամանակ հացադուլ են հայտարարել 30 ցմահ դատապարտյալներ: Ցավալի լուր է:
Հայտնի է, որ Հայաստանը աշխարհի այն երկրների թվին է պատկանում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, մեղմ ասած, հեռու է բարվոք լինելուց, իսկ ավելի որոշակի` ոտնահարվում է ամենուր, բոլոր ոլորտներում: Մաքուր բնակավայրում ապրելու, որակյալ առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքից սկսած, վերջացրած իրավապահ մարմինների անկատար, հաճախ կամայական աշխատանքով ու արդարադատության համակարգում տեղի ունեցող անարդարություններով: Արդարադատության ոլորտում առանձնապես ծանր է ցմահ դատապարտյալների և քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների վիճակը: Հայտնի է նաև, որ մեր երկրում չկա ցմահ դատապարտյալի գործը վերանայելու պրակտիկան, ցմահները նույնիսկ ֆիզիկական ինքնախոշտանգումների են դիմում ` ուշադրություն հրավիրելու համար, իսկ երկրի իշխանությունները քար լռություն են պահպանում:
«Մենք այս ծրագիրը համարում ենք մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ: Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման մեկնարկին նվիրված այս միջոցառումն ունի խորհրդանշական կարևորություն, քանի որ ընդգծում է այն լիարժեք իրականացնելու մեր քաղաքական կամքը և ազդարարում` միասնական փաստաթղթի շրջանակում մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների համագործակցված իրականացման պատրաստակամությունը»: Նույնքան հրաշալի խոսքեր, որ հնչեցրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ծրագրի մեկնարկի ընթացքում: Մնում է, որ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այս միջոցառմանը հնչած խոսքերը գործի վերածվեն, հակառակ դեպքում այն կհամալրի մեր երկրում թղթի վրա մնացած բազմաթիվ նման ծրագրերի շարքը: Թե չէ, որքան շատ են խոսում, մարդու իրավունքների պաշտպանությունից, այնքան նրանք անպաշտպան են ու ոտնահարված:

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ