irates.am-ի հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ:
-Պարոն Սաֆարյան, ԱԺ ոչիշխանական ուժերը, որոնք քառյակից վերածվել են եռյակի, պատրաստվում են հոկտեմբերի 10-ին հրավիրելու հանրահավաք: Ըստ Ձեզ՝ կարո՞ղ է այդ հանրահավաքը ձնագնդի արդյունք տալ և դառնալ շարունակական:
-Քառյակի անցած ամիսների գործունեությունը ցույց է տվել մեկ հստակ բան՝ ավելի բուռն զարգացումներ բևեռացնելու համար ո՛չ ցանկություն կա, ո՛չ էլ այդպիսի ներուժ: Քառյակի անդամ կուսակցություններին միավորողը տասներկու կետերն են: Ինչպես հենց քառյակի անդամները խոստովանեցին, իրենց հաջողվել է միավորվել այդ հարցերի շուրջ: Հիմնական հարցերի՝ արտաքին քաղաքական հարցերի, իշխանափոխության խնդրի շուրջ չի եղել համաձայնություն և չկա: Հետևաբար այլ բան չի մնում, եթե ոչ ժամանակ առ ժամանակ տեղ զբաղեցնել ընդդիմադիր դաշտում:
-Տեսեք, ԱԺ նույն խմբակցություններում էլ են առաջացել, այսպես կոչված, տարբեր թևեր: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում «կանխատեսել» է, որ առաջիկա հանրահավաքին չեն մասնակցի ՀՅԴ-ն, ԲՀԿ-ի իրենց թևը, ՀԱԿ-ի «փաշինյանական» հնչեղ թևը և «Ժառանգության» «փոստանջյանական» թևը: Ինչո՞ւ հենց նույն կուսակցություններն են այսօր ճաքեր տվել:
-Ես չեմ կարող ասել, թե որ կուսակցությունում ինչ թևեր կան: Չեմ ուզում մեկնաբանել նաև Կարեն Ավագյանի, այսպես կոչված, վերլուծությունը: Համենայն դեպս, մի բան ակնհայտ է, որ քառյակը մինչև հիմա խուսափել է շատ հստակ հայտարարել, որ իր օրակարգում դրված է իշխանափոխության խնդիր: Հետևաբար, այդ խնդիրը եթե չկա, որի հետ կապված են հանրային զգալի շերտերի սպասելիքները, ուրեմն քառյակը չի դնում իշխանափոխության խնդիր: Միանգամայն սպասելի է, որ կլինեն իշխանափոխության պահանջով ելույթներ և՛ ՀԱԿ-ից, և՛ ԲՀԿ-ի քոչարյանական թևից, բայց չի հայտարարվի, որ դա է ամբողջ հանրահավաքի նպատակը: Այսինքն՝ քառյակի հանրահավաքին չմասնակցողները տեսնում են, որ այդ ուժերը չեն հետապնդում իշխանափոխության նպատակ:
-Իսկ հնարավո՞ր է, որ «Ժառանգությունն» էլ դուրս գա քառյակ-եռյակից:
-«Ժառանգությունում» եղել են տարբեր կարծիքներ, դրանք քննարկվել են վարչությունում, և եթե այդ քառյակից դուրս գալուն կողմ արտահայտված կարծիքները գերակշռեին, ապա «Ժառանգությունը» չէր լինի քառյակում:
-Իսկ, ըստ Ձեզ, ո՞ր գաղափարը կարող է համախմբել ՀՀ քաղաքացիներին, հասարակության տարբեր շերտերին:
-Իհարկե՝ իշխանափոխության խնդիրը, որը կարող է ներառել հանրության մեծ շերտեր: Բայց դա չի նշանակում, որ պետք է դնել սոսկ անձի փոփոխության խնդիր: Հասարակությունը պետք է տեսնի, որ ընդդիմությունը, իր մոտեցումներով, երկրի համար նախանշած իր ուղիներով, լինի շատ ավելի պրոգրեսիվ, քան իշխանությունը: Պետք է ասել՝ ոչ միայն փոխում ենք իշխանությունը, այլև ինչպես է դա արվում:
Ճեպազրույցը՝ Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԻ