Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում

Ֆուտբոլային գերտերությունների  առաջնություններում
23.09.2014 | 11:04

Ինչպես և նախորդ տարի, մեր ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները: Սույնը միանգամայն օրինաչափ է դեպքերի տրամաբանական զարգացումների շրջանակում, քանզի խոսել միլիոնների սիրելի մարզաձևից ու չանդրադառնալ դրա նորաձևության օրենսդիրներին, անբնական է: Թեկուզև չոր տեղեկատվության մակարդակով:

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա խաղում «Բարսելոնը» հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտեի» դարպասը՝ ընթացիկ մրցաշրջանում չորրորդ խաղում անընդմեջ անառիկ պահելով սեփականը: Գոլերից մեկի՝ վերջինի հեղինակը Լիոնել Մեսին է (նաև երկու գոլային փոխանցում է արել), ով, ի դեպ, չի կարողացել իրացնել տասնմեկմետրանոցը: Սա հատկապես ենք նշում, որովհետև իր արդեն բավական երկար մարզական կենսագրության մեջ այդ տասնմեկմետրանոցն արգենտինացու թվով չորրորդ չիրացրածն էր լա լիգայում: Այս հաղթանակից հետո կատալոնյան ակումբը տասներկու միավորով միանձնյա գլխավորում է առաջնության աղյուսակը:
Տուրը խոշոր հաշվով է ավարտել և Մադրիդի «Ռեալը»: Հյուրընկալվելիս արքայականը խաղը «Դեպորտիվոյից» շահել է 8:2 հաշվով (Ռոնալդուն դարձել է հեթ տրիկի հեղինակ): «Ռեալը» վեց միավորով յոթերորդ հորիզոնականում է: «Սևիլիան» երկրորդն է տասը, Մադրիդի «Աթլետիկոն» երրորդն է ութ միավորով: Ասենք նաև, որ ռմբարկուների աղյուսակը հինգ գնդակով գլխավորում է Քրիշտիանու Ռոնալդուն:
Հինգ տուր է խաղացվել Անգլիայի պրեմիեր լիգայում: Այստեղ տասներեք միավորով առաջատարը Լոնդոնի «Չելսին» է, որը «Մանչեստր Սիթիի հետ արտագնա խաղում չկարողացավ պահել հանդիպման հաղթական հաշիվն ու առաջին միավորները կորցրեց: Խաղն ավարտվել է 1:1: Ի դեպ, քաղաքաբնակներից պատասխան գոլի հեղինակը Ֆրենկ Լեմպարդն է, հենց նա, ում ծառայություններից նախորդ մրցաշրջանի ավարտին հրաժարվեց Մոուրինյոն: Տասական միավորով երկրորդ-երրորդ տեղերն են բաժանում «Սաուտհեմպտոնն» ու «Աստոն Վիլլան»: Առաջնության լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Աթլետիկոյից» «Չելսի» տեղափոխված Դիեգո Կոշտան է՝ յոթ գնդակ: Չմոռանանք հիշեցնել, որ բացառիկ անհաջող հանդես եկավ «Մանչեստր Յունայթեդը»: Առաջնության նորեկ «Լեստերի» հետ հանդիպումը շահելով 3:1 հաշվով՝ Լուի վան Գալի սաները «հաջողեցրին» պարտություն կրել 3։5 հաշվով:
Բունդեսլիգայում արդեն խաղացվել է չորս տուր: Առաջին չորս հորիզոնականն այստեղ ութական միավորով գլխավորում են միանգամից չորս թիմ՝ «Պադերբոռնը», «Մայնցը», «Հոֆենհայմը» և երկրի անցած տարվա չեմպիոն «Բավարիան»:
Տուրն անհաջող էր Դորտմունդի «Բորուսիայի» համար, որը 0։2 հաշվով զիջեց Յուրգեն Կլոպի նախկին թիմին՝ «Մայնցին»: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է ելել հանդիպման վաթսունհինգերոդ րոպեին՝ փոխարինելով թիմի նորեկ Կագավային: Գերմանական առաջնության ռմբարկուների աղյուսակը չորս գոլով գլխավորում է «Մայնցը» ներկայացնող Սինձի Օկաձակին:
Ի դեմս «Մարսելի», «Բորդոյի» ու «Սենտ Էտիենի»՝ եռիշխանություն է Ֆրանսիայի առաջնությունում: Թիմերը վաստակել են տասներեքական միավոր: Այստեղ լավագույն ռմբարկուն մարսելցի Անդրե-Պիեռ Ժինյակն է՝ վեց գոլ: Նրանից մեկ գնդակով է հետ մնում Զլատան Իբրահիմովիչը, ում ներկայացրած «Պարի Սեն Ժերմենը» տանը ոչ-ոքի է խաղացել «Լիոնի» հետ: Փարիզցիները խաղի հաղթական հաշիվը ձեռքից բաց են թողել խաղավարտին մոտ:
Իննական միավորով երկիշխանություն է իտալական առաջնությունում: Աղյուսակը գլխավորում են երրորդ խաղն անընդմեջ հաղթանակ տոնող «Ռոման» ու երկրի նախորդ առաջնության հաղթող «Յուվենտուսը»: Ի դեպ` տուրում երկուսն էլ հաղթել են մրցակիցներին: Յոթ միավորով երրորդը «Վերոնան» է: Ինչ վերաբերում է ռմբարկուների աղյուսակին, երեքական գոլի հեղինակ են դարձել Անտոնիո Կասանոն («Պարմա»), Մաուրո Իկարդին («Ինտեր»), Ժերեմի Մենեզը («Միլան»):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ