- Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում «ԱՐԵԱԼ» արագացուցչի գործարկումը և ի՞նչ հեռանկարներ եք Դուք տեսնում այս ոլորտում:
- Նախ, ես շնորհավորել եմ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի անձնակազմին «ԱՐԵԱԼ» արագացուցչի հաջող գործարկման կապակցությամբ և համարում եմ, որ սա միայն «Քենդլ» ինստիտուտի կոլեկտիվի հաջողությունը չէ, այլ Հայաստանի գիտական հանրության և հաջողությունն է, և նոր հնարավորությունը: Ընդհանրապես պետք է ասեմ, որ վերջին տարիներին Հայաստանի գիտնականների կողմից միջազգային հեղինակավոր հանդեսներում գիտական հոդվածների հրապարակումը և միջազգային գիտական հանրության կողմից այդ հոդվածներին հղում անելը ու նաև այս արագացուցչի գործարկումը խոսում են այն մասին, որ Հայաստանի գիտական ներուժը մեծ է, և այս ներուժը պետք է զարգացնել: Ես շատ ուրախ եմ, որ այս արագացուցչի գործարկումը հնարավոր է եղել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Սա չափազանց կարևոր է: Եվ այսօր ես տեսա, համոզվեցի, որ այս գործընթացը պահանջված է, և սա հնարավորություն է ստեղծում գիտնականների համար, գուցե առաջին հերթին երիտասարդ գիտնականների համար արդյունավետորեն շարունակել իրենց գիտական գործունեությունը:
- Պարոն նախագահ, ի՞նչ փուլում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:
-Մենք տրամադրված ենք ավարտին հասցնել փաստաթղթերի փաթեթի վավերացման ազգային գործընթացը: Հսկայական աշխատանք է կատարվել ճանապարհային քարտեզի կետերն իրականացնելու, այսինքն` գործնականում բավականաչափ լավ աշխատանք է տարվել, և այս անգամ ևս Հայաստանը հանդես եկավ որպես պատասխանատու գործընկեր և իր պարտավորությունները այդ ժամանակահատվածի համար կատարեց: Մենք արդեն կառավարությունից ստացել ենք փաստաթղթերի փաթեթը, և այդ փաթեթն ուղարկել ենք Սահմանադրական դատարան, նշանակել ենք ներկայացուցիչ, Սահմանադրական դատարանը նոյեմբերի 4-ին վարույթ է ընդունել այդ գործը և հայտարարել է, որ նոյեմբերի 14-ին կսկսի գործի լսումը: Այդ գործընթացներով մինչև ամսի 17-ը կամ նոյեմբերի 17-ին կունենանք ՍԴ-ի որոշումը: Այնուհետև փաթեթը կուղարկենք Ազգային ժողով, այդ փաթեթը կքննարկվի հանձնաժողովներում, այնուհետև, կարծում եմ, դեկտեմբերի սկզբին կմտնի նիստի օրակարգ: Միայն խնդրում եմ ինձ չմեղադրեք Սահմանադրական դատարանի կամ Ազգային ժողովի վրա ճնշում գործադրելու մեջ, ես ուղղակի ասում եմ այն գործընթացները, որոնք հնարավոր կլինեն: Անշուշտ, մենք ակնկալում ենք նաև մեր գործընկեր երկրների խորհրդարանների կողմից փաստաթղթի վավերացումը, այն հաշվարկով, որ մենք հունվարի 1-ից լիարժեք սկսենք մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:
- Պարոն նախագահ, Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում Հայաստանում ընթացող ներքին քաղաքական գործընթացների, մասնավորապես ոչիշխանական եռյակի պահանջների, հանրահավաքների և հայտարարությունների վերաբերյալ:
-Ակնհայտ է, որ մենք ուշադրությամբ հետևում ենք ներքաղաքական գործընթացներին, և կրկին ուշադրությամբ արձանագրում ենք բոլոր այն առաջարկությունները, բոլոր այն հարցադրումները, որոնք կարելի կլինի իրականացնել և դրա արդյունքում մեկ լավ բան էլ կատարել: Ընդհանրապես իմ հորդորն է, իմ մոտեցումն է իմ կուսակցական գործընկերներին, պետական կառավարման ապարատի ներկայացուցիչներին, որ այդպիսի առաջարկությունները, քննադատությունները չընդունեն որպես թշնամական մի բան, փշերով չընդունեն այդպիսի առաջարկությունները, այլ ուշադրությամբ քննության առնեն և զտեն այն օգտակարը, որ կարող է այդտեղ լինել: Այս առումով, իհարկե, ամենաշոշափելին այն փաստաթուղթն է, որ խորհրդարանական չորս ուժերը կոչել են 12 կետի փաստաթուղթ և առաջարկել են, որ կառավարությունը կատարի այդ փաստաթղթում նշված կետերը: Կառավարությունն ուշադրությամբ ուսումնասիրել է, և բոլորին հայտնի է, որ կառավարությունը նաև մանրակրկիտ պատասխաններ է ներկայացրել: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ կառավարությունն էլ ասում է` մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել, և սա է, օրինակ` այս կետերի մասով սա ենք արել, այս կետերը, տեսնում ենք, որ դեռևս հնարավոր չէ իրականացնել: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որ նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը: Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի և խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, և մյուս կողմից էլ կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով, գուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին: Մեր նպատակը մեկն է, մենք պետք է կարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար: Եվ նորից վերադառնամ ու ասեմ, որ և կուսակցության իմ գործընկերների շրջանում, և պետական ապարատում մշտապես այն գիծն եմ տանում, որ անկախ նրանից, թե ինչ ձև է կրում այդ քննադատությունը (մեկ-մեկ որոշ գործիչներ չափն անցնում են, կոռեկտության սահմաններն անցնում են, բայց կարևորն այստեղ դա չպետք է լինի), կարևորը պետք է լինի այն` գտե՞լ ենք մենք արդյոք օգտակար մի բան այդ ասածի մեջ, որ կյանքի կոչելով` կբարելավենք մեր իրավիճակը:
Երկրորդ խնդիրը, իհարկե, սահմանադրական բարեփոխումներն են, իմ մոտեցումները բոլորին հայտնի են. ես կարծում եմ` մենք այս ժամանակահատվածը` մինչև փետրվար, կօգտագործենք, կօգտագործենք արդյունավետ` քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետև առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն: Մեզ համար դա շատ էական է, և կարևորը սա է` որպեսզի մենք ունենանք որակապես ավելի լավ Սահմանադրություն, քան այսօր գործող Սահմանադրությունն է: Հարցի հետ կապված մնացած խնդիրները կամ հարցի շուրջ պտտվող մնացած խնդիրներն էական չեն, և ես կարծում եմ` պետք չէ ժամանակ կորցնել, այլ պետք է աշխատել: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն իրենց ժամանակին կհնչեն: