Մոսկվայում ավարտվեց մեր հայրենակից, շախմատային աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարը: Այն գերազանց դասավորվեց Ալեքսանդր Գրիշչուկի համար, ով յոթ խաղում վաստակեց հինգուկես միավոր ու դարձավ միանձնյա հաղթող: Ռուս գրոսմայստերի գերազանց ելույթը թերևս պատահական չէր: Հայտնի է, որ շախմատային թագի մրցամարտի մասնակիցներից մեկնումեկի հրաժարվելու դեպքում, որպես թիվ մեկ պահեստային, հենց նա էր լինելու փոխարինողը, ինչը, չնայած ավարտին մոտեցող տարվա գործոնին, բնականաբար ենթադրում էր մարզական գերազանց պատրաստվածություն: Երկրորդը չորսուկես միավորով մեկ այլ ռուս մարզիկ էր՝ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը: Չորսական միավորով երրորդ-չորրորդ հորիզոնականներում են Բորիս Գելֆանդն ու Լևոն Արոնյանը: Նկատենք, որ ընթացիկ տարին թերևս վատագույններից մեկն էր մեր հայրենակցի մարզական կյանքում, և հրաշալի է, որ ավարտին է մոտենում: Փոխարենը տարին բացարձակ հաջողներից էր երկրորդ-երրորդ երիտասարդություն ապրող իսրայելցի հեղինակավոր գրոսմայստերի համար, ով, եթե չենք սխալվում, առաջատար եռյակից ցածր և ոչ մի անգամ չեղավ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ