ԷԻ ՈՒ ՉԷԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ
Այգեպարը հանրապետության այն սակավաթիվ բնակավայրերից է, որում չէի եղել: Եղա: Ասածիս մեջ ոչ նոստալգիայի հետք փնտրեք, ոչ էլ անցյալը բացառապես վառ գույներով տեսնել-ներկայացնելու ցանկություն, բայց որ դրանից այստեղ միայն հաճելի հուշեր են մնացել, մեր այս օրերի որքան պարզ, նույնքան էլ դառը ճշմարտությունն է: 1937-ին այստեղ կառուցված ու համայնքաստեղծ նշանակություն ունեցած ծխախոտի ֆերմենտացիոն գործարանը չի գործում: Անգործության են մատնված նաև մյուս երկու` գինու ու պահածոների գործարանները, բանավանի հարևանությամբ 1981-ին շահագործման հանձնված օդանավակայանը: Արդյունքում բնակավայրը հասել է մի մակարդակի, որ եթե դասի գնացող աշակերտության համար նախկինում տագնապում էին մեքենաների առատությունից, այսօր մարդիկ աչքները չորս են անում իմանալու, թե այդ ո՞վ և ո՞ւմ է հիշել, որ եկել է տեսության: Ստեղծված վիճակի պատճառները շատ են ու հիմնավոր՝ սկսած երկրում փոխված տնտեսական, քաղաքական կացութաձևից մինչև ապաշնորհ կառավարման արդյունքում հանրային կյանքը տնօրինել-կարգավորելու անկարողություն, տնտեսություն վարելու կարճատեսություն, արցախյան պատերազմի շարունակվող արձագանքներ:
Այգեպար այցս պայմանավորված էր հուլիս-օգոստոս ամիսներին այստեղ ու առհասարակ սահմանի այս հատվածում եղած բուռն իրադարձություններով, դրանց արձագանքներով: Անկեղծ լինեմ՝ ասում եմ «արձագանք» ու ինքս իմ ներսում վատ զգում, քանզի ամիսների վաղեմությամբ իրադարձությունները երևանաբնակիս համար են լոկ արձագանք, մինչդեռ, թողած նստվածքով, տեղի բնակչի համար շարունակվող իրականություն են: Գյուղի ու առհասարակ սահմանի այս հատվածի ամենօրյա գնդակոծությունները ոչ վաղ անցյալի տնտեսական ավերի կողքին լուրջ հետք են թողել, իսկ թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումները նաև մարդկային կյանք արժեցել: Ինչ խոսք, որ հակառակորդին արժանի հակահարված է տրվել, սակայն լարվածությունը շարունակում է մնալ անհանգստացնող: Այստեղ ամենօրյա կյանք է մահվան բերանին, ու, ցավոք, սա պատկերավոր խոսք չէ:
Ի սկզբանե Այգեպարը հիմնադրվել է որպես բանավան, ապրուստի հիմնական աղբյուրը եղել են գործարանները: Տարբեր պատճառներով դրանք տևական ժամանակ չեն գործում, սկիզբն էլ չի երևում: Բնակավայրը գյուղատնտեսական նշանակության հողատարածք չունի, կենսագործունեությունը շարունակում է ի հաշիվ տնամերձների, հարակից բնակավայրից գնված հողերի: Պետական կառույցներից գործում են գյուղապետարանը, դպրոցը, բուժկետը, մսուր-մանկապարտեզը, «Հայփոստի» բաժանմունքը: Բնականաբար, այսքանը քիչ է զբաղվածության խնդիր լուծելու համար: Սակայն չկա չարիք առանց բարիքի: Օգնության է հասել բանակը՝ լուծելով բնակչության զգալի հատվածի օրվա հացի փող վաստակելու հարցը: Սակայն պրպտող, աշխատանքի սովոր այգեպարցին միայն այսքանով չի բավարարվել: Ժամանակ առաջ այս ու հողի սակավության խնդիրները լուծել է ի հաշիվ օդանավակայանի լքված տարածքում եղած բարեբեր հողերի: Մի կողմ թողնենք, որ ճակատագրի հեգնանք է որևէ քաղաքակիրթ երկրում օդանավակայանի տարածքի այսօրինակ օգտագործումը, բայց դե սա է մեր օրվա ռեալությունը: Ինչևէ: Ցավոք, նախաձեռնությունը կարճ կյանք է ունեցել: Պատճառը վերջին երկու տարում ադրբեջանական դիրքերից ցորենի արտերի ինտենսիվ գնդակոծություններն են եղել: Անվտանգության նկատառումներից ելնելով` մարդիկ դադարեցրել են ցանելը:
Ի դեմս տարբեր տեսակի բիզնես-պլանների՝ սահմանամերձ բնակավայրերում տնտեսական կյանքն աշխուժացնելու նպատակով կառավարությունը, բարեբախտաբար, վերջերս սկսել է քայլեր անել: Սա մեռյալ կետից շարժվելու փորձ է ու ինքնին ողջունելի, որքան էլ ուշացումով է արվում: Գյուղապետ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՅԴԻՆՅԱՆԻ վկայմամբ` օրինակներից մեկը հարևան Թովուզում է, որտեղ «Արաքս» թռչնաբուծական ֆերմայի ճտանոցներ են կառուցվել: Ճտերը բերում են, մարդը պահում-մեծացնում է, ամսական 180 հազար գումար է վաստակում՝ գյուղի մասշտաբով ահռելի կարողություն: Այս ամենը որքան էլ լավ է, սակայն անհանգստությունս գերազանցապես մարդկանց անվտանգության հարցերով է պայմանավորված, բարոյահոգեբանականի մեջ եղած հնարավոր փոփոխություններով:
«ՎԱՂԸ-ՄՅՈՒՍ ՕՐԸ ԵՐԵՎԱՆԸ ԿԴԱՌՆԱ ՍԱՀՄԱՆ»
«Վերջին դեպքերը շա՞տ բան են փոխել այգեպարցու հոգեբանության մեջ» հարցս երիտասարդ գյուղապետին է ուղղված, ում տան պատշգամբում նստած զրուցում ենք՝ Աստծո տված մի կտոր հացն ու մի թաս գինին թշնամու ժամանակ առ ժամանակ հնչող ինքնաձիգների կրակահերթերի տակ լավ էլ անխռով վայելելով: Հարցնում եք, թե կրակահերթերի տակ ինչպե՞ս կարելի է անխռով նստել, այն էլ այն դեպքում, երբ տունն ուղիղ նշանառությամբ սահմանից հինգ-վեց հարյուր մետր հեռավորության վրա է: Պատասխանեմ՝ շատ էլ հանգիստ, որովհետև սահմանին հայոց բանակն է:
Կարող եք ասածիս մեջ իրարամերժություն տեսնել ու լիովին իրավունք ունեք ստուգիչ-ճշգրտիչ հարցի՝ բա հուլիս-օգոստոսյան դեպքերի ժամանակ բանակը սահմանին չէ՞ր: Սահմանի՛ն էր, սակայն խնդիրներ կան շարքային քաղաքացիներիս ոչ այնքան հասու, որոնք թելադրված են քաղաքականություն ասվածի հանգամանքներով, քաղաքականություն անվանյալ բոսյակի պարտադրանքներով: Չխորանանք: Դրանց ոչ տեղն է, ոչ էլ ժամանակը, իսկ ընդհանուր իրազեկության համար պարզապես ասենք՝ հրաման իջնի, հաշված ժամերում մինչ Քուռ-Արաքս քշելու ենք քշելիքին, ու դա ընդամենը որպես սկիզբ, որքան էլ հանրային գիտակցության մեջ դարանակալ հարևանը ներկայանում է որպես հարուստ երկիր: Հարուստ լինելը, իհարկե, լավ բան է առհասարակ, սակայն դեռ չի նշանակում ամենակարողություն, ամենազորություն: Չմոռանանք, որ գոտկատեղի հաստությունը դեռևս չի նշանակում մեջքի ամրություն, բազկի պնդություն, առավել ևս ուղեղի ծալքերի շատություն:
Դառնանք հարցին գյուղապետի տված պատասխանին:
-Որքան էլ բարձր մատերիաներից խոսենք, մարդու համար ամենաթանկ կապիտալը կյանքն է, անվտանգությունը: Գիտե՞ք՝ երևի այնքան էլ սարսափելի չէ կրակի բերանին ապրելը, որքան այդ կրակին կրակով չպատասխանելու անհասկանալիությունը: Բարեբախտաբար, հիմա իրավիճակ է փոխվել: Առաջին իսկ փորձի դեպքում աշխատում են մեր կրակակետերը, հակահարվածը հետևում է ակնթարթորեն: Բացի այն, որ հակառակորդը խելոքացել է, գյուղի ոգին էլ տեղն է եկել: Սակայն սրա հետ մեկտեղ ծով անելիքներ կան, որոնք իրենց մասնակի բնույթի մեջ գումարվում, ընդհանրական են դառնում՝ տրամադրություն ու տրամադրվածություն պայմանավորելով: Հենց մեկը` հրշեջ մեքենա ունենալու հարցը: Օգոստոսյան դեպքերի ժամանակ երկու տուն հիմնահատակ վառվեց գիշերը ժամը երեքին: Հրշեջ մեքենայի համար զանգահարեցինք, եկան մինչև ջրամբար, չմտան գյուղ՝ պատճառաբանելով, որ անվտանգ չէ: Իհարկե, անվտանգ չէր, սակայն մենք էլ անզոր էինք տները լափող կրակի առաջ, որովհետև ԴՇԿ-ից արձակվող կրակոցների տակ դույլերով, այգի ջրելու շլանգով ի՞նչ կարող ես անել կատաղած կրակին, մինչդեռ ունենայինք մեր հրշեջ մեքենան, գնդակոծված տների պարագան այլ լուծում կունենար: ՈՒմ համար խնդիր, ում համար էլ հիմնախնդիր սույն հարցը բազմիցս ենք առաջ քաշել, սակայն լուծում առայսօր չկա: Գիտե՞ք՝ ես մնում եմ այն խորին համոզմանը, որ, որքան էլ դժվար լինի, սահմանային բնակավայրերի համար «չէ, չկա, չունենք» բառերը չպիտի լինեն: Համաձայն ենք՝ հրշեջ մեքենա տրամադրելն այս պահին բարդագույն խնդիր է, սակայն կցորդիչներ կան, դրա տրամադրելն է՞լ անլուծելի է, մանավանդ որ, ի դեմս մեր բնակչի, գյուղն իր ուսերի վրա է վերցնում թե տեխնիկայի շահագործման ծախսերը, թե շահագործողի վճարի խնդիրը: Ցավը տիրոջն է կսկծացնում, իսկ տվյալ պահին, թույլ տվեք ասել, որ տերը նաև ես եմ, ու սա վերամբարձ խոսք չէ: Թող ներվի ասելը, սակայն որ այն սարսափելի օրերին մարդիկ իրավիճակը գնահատում էին նաև դիրքերից իմ մեքենայի վրա արձակված կրակահերթերով ու դրանք իմ արհամարհելով, իմ տան վառված լույսով, գյուղում իմ ընտանիքի գտնվելով, քիչ բան չկարծեք: Երևի մտածում էին՝ գյուղապետը, գյուղապետի ընտանիքը տանն են, գյուղում են, ուրեմն ամեն ինչ այնքան էլ տագնապալի չէ, որքան թվում է:
-Վառված տների հարցը լուծում ստացա՞վ:
-Մարզպետը հարցն օպերատիվորեն կարգավորեց: Մեր բազմաբնակարանոցներից տուն գնվեց, տրվեց տուժածներին: Լուրջ խնդիր է շտապբուժօգնության մեքենա չունենալը: Պատկերացրեք՝ ՈՒԱԶ էլ չունենք, որ հիվանդին պառկած հիվանդանոց հասցնենք: Հունվարին գյուղում 16 տարեկան երեխա վիրավորվեց, մասնավորի մեքենայով ենք հասցրել հիվանդանոց: Արդեն որքան ժամանակ է` տարբեր ինստանցիաներում խոսում եմ պաշտպանական պատերի կառուցման անհրաժեշտության մասին: Բա թաքնվելու մի բան չլինի՞, որ գնդակոծության ժամանակ ծվարես: Ես մի բան եմ հասկանում՝ Այգեպարի, նրա նման բնակավայրերի հիմնախնդիրներն առաջնահերթությամբ պիտի լուծում ստանան: Եթե սահմանի բերանին ապրող մարդը ելավ իր բնակավայրից, թողեց իր բնօրրանը, վաղը-մյուս օրը Երևանը կդառնա սահման:
-Լավ, բա գյուղի համար ոչի՞նչ չի արվում, իսկապե՞ս զրոյական ժամանակներ են:
-Իհարկե այդպես չէ; Պարզապես ցավից խոսեցինք, զրույցն այդ հունով գնաց: Այս տարիների ձեռքբերումներից է գյուղի ամբողջական գազիֆիկացումը, որը խորհրդային տարիներին էլ չլուծված հարց էր, նույն 2008-ին իրականացվեց ջրամատակարարման աշխատանքի առաջին փուլն ու խնդիրն ավարտուն տեսք ստացան մեկ տարի անց: Ականանետից վնասված մշակույթի տան ծածկն ենք փոխել, ներսը կոսմետիկ վերանորոգել: Մասնակի վերանորոգել ենք մսուր-մանկապարտեզը: Հանրապետության նախագահը 93 միլիոն է տրամադրել դպրոցի մարզադաշտի կառուցմանը: Այս աշխատանքների մեջ ներգրավված է ինչպես պետությունը, որի անմիջական ջանքերով 2008-ին հիմնովին վերակառուցվել է գյուղ բերող ճանապարհը, այնպես էլ մասնավոր սեկտորը՝ ի դեմս Հայաստանի միջեկեղեցական «Կլոր սեղանի», «Հայ օգնության ֆոնդի», «Նոր տուն», «Կարմիր խաչ», «Մասիս տաբակ ինթերնեշնլ» կազմակերպությունների, Լոս Անջելեսի «Հայրենիք» միության: Հուսով եմ` որոշակիորեն փարատեցի հարցի մեջ եղած «զրոյական ժամանակներ» անհանգստությունը:
ՇՆԱԳԱՅԼԵՐԸ
Անդրանիկ Այդինյանի հետ զրույցը, ինչ խոսք, բազմաթիվ մանրամասներ ուներ, սակայն բավարարվենք այսքանով: «Զրոյական ժամանակների» անհանգստությունս ոչ լրիվ, գոնե մասնակիորեն փարատվեց, բայց այն, որ հետդարձի ճանապարհին, գյուղից մի կարգին դուրս չեկած, շնագայլերի ոհմակը կտրեց մեքենայի դիմացը, այլ բաների մասին է դեռևս խոսում, մինչդեռ մութը մի կարգին չէր էլ հասցրել ընկնել: Շնագայլեր ասացի ու ակամայից վերհիշեցի Այգեպար մտնելուս պահը, գյուղացիների բավական սառը ընդունելությունը՝ «Վաղվանից ո՞ր ժամերին ենք քեզ սահման պահողի դերում էկրաններից տեսնելու», «Բա ինչո՞ւ ես առանց կամուֆլյաժի» հարցերով, որոնց որոշել էի չանդրադառնալ: Սահմանի վրա այն գերլարված օրերին «Սա մեր շարունակվող պատերազմն է» արյան ու հոգու կանչով ժողովրդի ու բանակի կողքին կանգնեցին մեր ազատամարտի փառահեղ տղաները: Սա գոտեպնդեց թե՛ սահմանաբնակին, թե՛ զինվորին: Սակայն այդ նույն սահմանում, բնականաբար անվտանգ հեռավորության վրա, կինոխցիկների ուղեկցությամբ ու, անպայման, զինվորական հանդերձով հայտնվեց և մինչ այդ սահմանը չտեսած, սակայն երևաններում փայլուն քաղաքական-առևտրային կարիերա արած, տեսակ-տեսակ պաշտոնների անցած պատեհապաշտների զորագունդը՝ հեռուստաէկրաններից իրենց համար կապիտալ ստեղծող «հայրենիք, հայ» բառերով ու նույնքան անպայմանորեն, որքան կամուֆլյաժի պարագայում էր, սահմանի բերանին ապրողին ֆոն ունենալով ու այդ ամենը հմտորեն կենսագրություն դարձնելով: Մինչդեռ Չարենցի ասած «օսլայված տղերքի» անիմաստ վոյաժի վրա վատնված գումարներով, նրանց թանկարժեք ու զրահապատ մեքենաների, ուղեկից հաստավիզների վրա մսխված փողերով, արդեն 639 բնակիչ ունեցող Այգեպարի համար (բայց ինչո՞ւ միայն Այգեպարի) հրշեջ մեքենա էլ կգնվեր, շտապբուժօգնության մեքենա էլ, պաշտպանական պատեր էլ կկառուցվեին, մշակույթի տունն աշխատեցնող էլ կունենար, ուրիշ շատ հանրօգուտ բաներ էլ կարվեին, ու դատարկվող երկրի տագնապ էլ չէինք ունենա:
ՈՒ վերջում մի բան էլ` արդար է հայրենիքին ամեն ինչով ծառայելը, բացի ստորությունից։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ