Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների հերթական տուրը համընկավ ազգայինների մակարդակով հավաքականների ընկերականների հանդիպումների ավարտի հետ: Առաջատար ֆուտբոլիստները որքան էլ հոգնած, այնուամենայնիվ ցույց տվեցին, որ լավ պարողին ոչինչ էլ չի կարող խանգարել:
ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայում մեծ անհամբերությամբ էր սպասվում Մեսիի հերթական «բեմելը»: Հրաշագործ արգենտինացին ընդհուպ մոտեցել էր լեգենդար բասկ ֆուտբոլիստ Թելմո Սարային, ում իսպանական առաջնությունում ակումբային մակարդակով խփած 251 գոլը հիսունինը տարի շարունակ մնում էր անգերազանցելի: «Սևիլիայի» հետ խաղում Լեոյի առաջին իսկ գոլը եղավ ռեկորդի կրկնություն, երկրորդը՝ նոր նշագծի սահմանում, իսկ երրորդն արդեն սահմանածի վերախմբագրում: Հարկ համարենք նշել, որ երկրորդ գոլից հետո թիմակիցները երջանիկ ռեկորդակրին առան իրենց բազուկների մեջ ու վեր թռցրին: Այդպես թիմը նշեց իր լեգենդար հարձակվողի անհատական նվաճումը: Դա և՛ հաճելի էր, և՛ հուզիչ:
Ինչ վերաբերում է խաղում արձանագրված հաշվին, այն ավարտվել է 5:1: Հաղթական հանդիպում ունեցավ և արքայական ակումբը: Այն արտագնայում չորս անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց «Էյբարին» ու կատալոնյան ակումբից երկու միավորի պոկվածությամբ շարունակում է գլխավորել առաջնությունը: Իր հերթին «Բարսելոնից» երկու միավորով է հետ մնում «Կորդոբային» սեփական հարկի տակ 4:2 հաշվով պարտության մատնած երկրի գործող չեմպիոնը՝ Մադրիդի «Աթլետիկոն»: Փաստորեն տասներկուերորդ տուրն առաջին եռյակում տեղ տվեց իսպանական ֆուտբոլի երեք գրանդներին, որոնք էլ իրար մեջ որոշելու են ուժեղագույնին:
Ռմբարկուների ցուցակում քսան գոլով բացարձակ գերազանցությամբ առաջինը Քրիշտիանու Ռոնալդուն է: Նա Մեսիից ավելի է խփել տասը գնդակ, ումից առաջ նրա թիմակից Նեյմարն է տասնմեկ գոլով: Ի դեպ՝ 2009-2010 մրցաշրջանից սկսած՝ Ռոնալդուն եվրոպական թոփ հնգյակի առաջնություններում ամենաշատ տասնմեկմետրանոց իրացրած ֆուտբոլիստն է: Հաշված նաև վերջին խաղինը՝ դրանց թիվը քառասուներկուսն է: Այս ցուցանիշով երկրորդը ՊՍԺ-ն ներկայացնող Զլատան Իբրահիմովիչն է՝ քսանվեց գոլ:
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայում անպարտ մրցելույթները շարունակում է Լոնդոնի «Չելսին»՝ մնացածներին առարկայնորեն ցույց տալով, որ առավելագույնը կարող են հավակնել երկրորդ-երրորդ տեղերին: «Ազնվականներին» այս անգամ փորձեց դիմակայել «Վեստ Բրոմվիչը», սակայն ապարդյուն՝ 2:0: Մոուրինյոյի սաները 32 միավորով առջևում են: Նկատենք, որ իր պատմության մեջ տասներկու տուրից հետո «Չելսին» լավագույն արդյունքն է ցուցադրել:
Շատ կարևոր, բայց և միաժամանակ ծանր հաղթանակ տարավ երրորդ տեղում գտնվող «Մանչեստր Սիթին»՝ հաշվի մեջ նախ հավասարվելով, ապա հաղթանակը կորզելով «Սուոնսիից»: Նրանից մեկ միավորով առաջ է շատ համակրելի ֆուտբոլ ցուցադրող «Սաուտհեմպտոնը»: Պրեմիեր լիգայի խաղերից հիշատակենք նաև «Արսենալ»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը, որտեղ առավել հաջողակ եղան վերջիններս, ովքեր հյուրերին բնորոշ համեստությամբ աչքի չկան ու հաղթեցին 2:1 հաշվով, թեպետ խաղը տրամաբանորեն պիտի որ այլ ավարտ ունենար:
Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն «Մանչեստր Սիթին» ներկայացնող Սերխիո Ագուերոն է՝ տասնմեկ գնդակ:
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում շարունակում է մենանվագը «Բավարիան»: Հյուրընկալվելիս «Հոֆենհայմը» ոչինչ չկարողացավ հակադրել մյունխենցիներին ու պարտվեց 0:4 ջախջախիչ հաշվով: Գվարդիոլայի սաները 30 միավորով առաջին տեղում են:
Թեպետ պարտություններ կրեցին քսաներեք և քսան միավորով երկրորդ և երրորդ հորիզոնականներում գտնվող «Վոլֆսբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան», սակայն պահպանեցին առաջին եռյակում ունեցած տեղերը: Ասենք միայն, որ առաջինը հյուրընկալվելիս պարտվել է «Շալկեին» ՝ 2:3, երկրորդը սեփական հարկի տակ զիջել է Ֆրանկֆուրտ «Այնտրախտին»՝ 1:3: Ի դեպ՝ 20 միավոր ունի և հյուրընկալվելիս 3:1 հաշվով «Հանովերին» հաղթած Լևերկուզենի «Բայերը»: Ինչ վերաբերում է Դորտմունդի «Բորուսիային», հյուրընկալվելիս 2:2 է խաղացել «Պադերբոռնի» հետ ու տասնմեկ միավորով տասնվեցերորդ տեղում է:
Յոթական գոլով բունդեսլիգայի լավագույն ռմբարկուները երկուսն են՝ Մարիո Գյոտցեն («Բավարիա») ու Ալեքսանդր Մայերը (Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»):
ԻՏԱԼԻԱ
Արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթելով «Լացիոյին»՝ «Յուվենտուսը» երեսունմեկ միավորով շարունակում է ընթանալ առաջին տեղում: «Ատալանտայի» հետ խաղում կամային հաղթանակ տարավ «Ռոման»՝ 2:1, ու շարունակում է երեք միավորով հետ մնալ «ծեր սինյորայից»: Քսաներկու միավորով երրորդն այստեղ «Նապոլին» է, որը գոլառատ հանդիպում ունեցավ «Կալիարիի» հետ՝ 3:3: Ռմբարկուների մեջ ինը գոլով Ա սերիայի առաջատարը շարունակում է մնալ ընթացիկում գերազանց խաղ ցուցադրող Կառլոս Տևեսը («Յուվենտուս»):
ՖՐԱՆՍԻԱ
«Բորդոյի» նկատմամբ տանը 3:1 հաշվով տարած հաղթանակը «Մարսելին» օգնեց պահպանելու առաջին հորիզոնականը: Թիմի անվան դիմաց գրանցված է երեսունմեկ միավոր: Պակաս մեկ միավորով երկրորդ հորիզոնականում է «Մեցին» նրա իսկ դաշտում հաղթած «Պարի Սեն Ժերմենը»՝ 3:2: Արտագնա խաղում «Լիոնի» հետ ոչ-ոքիով (0:0) բավարարվեց եռյակը եզրափակող «Լիոնը» (27 միավոր): Ֆրանսիական առաջնությունում լավագույն ռմբարկուները երկուսն են՝ մարսելցի Անդրե-Պիեռ Ժինյակն ու լիոնցի Ալեքսանդր Լակազետը: Երկուսի ակտիվում էլ տասնմեկական գնդակ է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ