Հայտնի են Մոսկվան պրոֆեսիոնալ բռնցքամարտի Մեքքա դարձնելու ուղղությամբ ռուսական կողմի գործադրած ջանքերը: Ռուսներն այդ նպատակով հաջողությամբ օգտագործում են սեփական աշխարհի չեմպիոնների, մարզաշխարհում անուն վաստակած, հաճախ նաև որպես բռնցքամարտի «տանձիկ» ծառայող այլ մարզիկների, շոու բիզնեսի, կինոարվեստի ակնառու դեմքերի հնարավորությունները: Չեմպիոնական գոտու համար Ռուսլան Պրովոդնիկովի հանդիպման շրջանակում վերջին նման բանը եղավ նոյեմբերի 28-ին, որին մասնակցում էր նաև ամերիկացի կինոաստղ Միկի Ռուրկը:
Թե վաթսուներկուամյա կինոաստղը, ով, ի դեպ, նաև փայլուն մարզական կենսագրություն ունի, ինչ կարող էր անել երիտասարդ բռնցքամարտիկ Էլիոտ Սեյմուրի հետ պայքարում, ակնհայտ էր բոլորին, որքան էլ մարտն ավարտվել է կինոաստղի հաղթանակով, այն էլ՝ նոկաուտով: Պարզից էլ պարզ էր, որ դա ընդամենը շոու էր:
Սակայն այս աշխարհում ամեն ինչն իր գինն ունի: Հասկանալի է, որ մարզիկը հենց այնպես նոկաուտ չէր լինելու կինոաստղի հետ պայքարում: Քսանիննամյա Սեյմուրն իր «աշխատանքը» բարեխղճորեն կատարել է տասնհինգ հազար դոլար ստանալու դիմաց: Սակայն պարզվում է՝ կազմակերպիչները տասնհինգ հազարի փոխարեն ընդամենը տասը հազար տալով են բավարարվել: «Մարդիկ կարող են ասել այն, ինչ ուզում են, սակայն նրանք չեն կարող պատկերացնել՝ ինչ ես զգում դու, երբ հարված ես ուտում»,- անկեղծացել է մարզիկը, ով լավ էլ հմտորեն է կատարել իրեն վերապահված դերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ