ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Փայլուն դերբիների հանգստյան օրեր

Փայլուն դերբիների հանգստյան օրեր
10.02.2015 | 12:46

Անվիճելի է, որ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների անցած հանգստյան օրերի առաջնությունների թիվ մեկ հանդիպումը մադրիդյան դերբին էր «Աթլետիկո»-«Ռեալ» կատարմամբ, թեև ուշադրության արժանի ուրիշ բախումներ էլ եղան` անկախ նրանից, թե մրցակցողներն աղյուսակի որ հորիզոնականում էին գտնվում:

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մեկ-մեկ լինում է այնպես, չէ՞, որ բաժակ բաժակի վրա ջուր ես խմում, սակայն պապակդ այդպես էլ չի կոտրվում: Ահա նույն զգացողությունն է «Աթլետիկոյի» մոտ, ու սա այն չարաբաստիկ պարտությունից հետո, որ ունեցավ Չեմպիոնների լիգայի նախանցած մրցաշրջանի եզրափակչում: Եթե դրանից հետո կողմերի «առերեսումից» «Ռեալի» փախցրած երկու ոչ-ոքին մեջտեղից հանենք, արքայականը երեք պարտության բեռով էր եկել «Վիսենտե դել Կալդերոն» ու հաստատ մտադիր էր ամոթի քրտինքը երեսից սրբել: Ցանկությունն ինքնին առողջ էր, սակայն ամբողջովին հակառակն ստացվեց, իսկ եղածի գնահատականն ավելի լավ, քան Կառլո Անչելոտին, հաստատ չենք տա` նկատի ունենալով մեր իմացության ծանծաղության կողքին ֆուտբոլից իտալացի մարզչի խորագիտակությունը. «Մենք շատ վատ խաղացինք… Ես երբեք չեմ մոռանա այդ խաղը: Մենք պետք է վերլուծենք սխալներն ու բարելավենք խաղը: Այդպես խաղալը նորմալ չէ»:
Ընթերցողին շատ չտանջենք սպասեցումով. քիչ է ասել, թե «Աթլետիկոն» հաղթեց խայտառակ հաշվով: Սիմեոնեի սաները պարզապես նվաստացրին մրցակցին ու հանգստացան միայն Մանջուկիչի այդպես էլ անպատասխան մնացած չորրորդ գոլից հետո` այն Մանջուկիչի, ում անցած տարի արքայականը նպատակահարմար գտավ հանել վաճառքի: Իհարկե, Մարիոյի օրինակով ևս մեկ անգամ բարձրաձայնվելու պահանջ է զգում ամեն մեկի սրած մախաթի որտեղ գտնվելու ծեծված համեմատությունը, սակայն քանի որ ժողովրդական բառուբանին ինձնից ավելի տեղյակ եք, անցնենք առաջ` միայն ավելացնելով, որ պարտությունն այդ չսասանեց «Ռեալի» ունեցած դիրքերն առաջնությունում, պարզապես կատալոնյան ակումբի հետ մնալը հասցրեց մեկ միավորի: Իհարկե, այդ նվազագույն տարբերությունն իրականություն կդառնար միայն այն բանից հետո, եթե Բիլբաոյում վերջինս հաղթեր «Աթլետիկին»: «Բարսելոնը» դա արեց իրեն բնորոշ արտիստիզմով` տանելով համոզիչ հաղթանակ (5:2), ու այստեղ նորից անհնար է չհիշել Մեսի հրաշքին, նրան ընկերակցող Նեյմար-Սուարես դուետին: Տուրք տանք գայթակղությանն ու ասենք` երևի այնքան էլ դժվար չէ պատկերացնել, թե Չեմպիոնների լիգայում ինչ կլինի կատալոնյան ակումբի մրցակիցների հետ, եթե գոլային անհագուրդ ծարավով առանձնացող լատինաամերիկյան այս հրաշալի եռյակը մեկ ընդհանրություն դարձած ընկնի նրանց ջանին:


ԱՆԳԼԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Ապշելու գեղեցկությամբ ու լարվածությամբ մի դերբի էլ անցած հանգստյան օրերը զարդարեց Անգլիո կողմերից, ու մարզասերը դրա համար խորապես պիտի շնորհակալ լինի «Տոտենհեմ»-«Արսենալ» դիմակայությանը: Հաշիվը բացեցին Արսեն Վենգերի սաները, սակայն Հարի Քեյնի դուբլը վերջնական տեսքի բերեց հանդիպման թվային արտահայտությունը, ինչը ևս մեկ անգամ եկավ հաստատելու, որ առաջին եռյակը կազմածների թիկունքում երկրի առաջնությունում առնվազն չորս թիմերի միջև սարսափելի լարված պայքար է սպասվում եվրոպական ֆուտբոլի չեմպիոնական գոտում հայտնվելու համար: Հիմա պա՞րզ է, թե ինչու ու ինչով է անգլիական պրեմիեր լիգան ուժեղ, ինչու է այս երկրի առաջնությունը համարվում ուժեղագույնն աշխարհամասում: Ինչ վերաբերում է այստեղ առաջատար եռյակը կազմածներին, «Չելսին» դրսում 2:1 հաշվով առավելության հասավ վերջին ժամանակներս իր համար «դժվարամարս» դարձած «Աստոն Վիլայի» նկատմամբ ու արդեն յոթ միավորով է առաջ «Մանչեստր Սիթիից», որը սեփական հարկի տակ ընդամենը մեկ միավոր վաստակեց աղյուսակի ստորին հորիզոնականներում տառապող «Հալ Սիթիից» ու անգամ այդ միավորն էլ ձեռքից կարող էր բաց թողնել, եթե չլիներ հանդիպման 90-րդ րոպեին խփած պատասխան գոլը:
Դրսից երեք միավոր վաստակած տուն դարձավ «Սաուտհեմպտոնը» (պարտության է մատնել «Քուին Պարկ Ռեյնջերսին»` 1:0) ու 45 միավորով բարձրացավ երրորդ հորիզոնական, քանի որ արտագնայում «Մանչեստր Յունայթեդն» այդպես էլ անկարող եղավ կոտրելու «Վեստ Հեմի» դիմադրությունը: Ավելին, այստեղ էլ խաղը ծավալվել է փոքր-ինչ վերը հիշատակված հանդիպման սցենարով, «Յունայթեդը» դժվարությամբ է վաստակել միավոր` 1:1, ինչը հանգիստ իրավունք է տալիս եղածը որակելու որպես մանչեստրյան ճակատագիր:

ԻՏԱԼԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Իտալիայի առաջնությունում կրկին վստահ մրցելույթ ունեցավ «Յուվենտուսը»: Անկեղծ լինենք` վերջին տարիների «ծեր սինյորայի» համար ոչնչով համարժեք մրցակից չէ «Միլանը», որը եթե տեղ էլ փնտրում է արևի տակ, ապա լոկ աղյուսակի միջնամասերում: ՈՒստի տարօրինակ ոչինչ չկա նրանում, որ առաջատարը հասավ հաղթանակի` 3:1, ու յոթ միավորով շարունակում է առաջ լինել «Ռոմայից», որը տուրի շրջանակներում մրցեց «Կալյարիի» հետ ու հաղթեց 2:1 հաշվով` ընդհատելով վերջին հինգ տուրերի ոչ-ոքիների շարքը: Հաղթական ավարտ ունեցավ և «Նապոլի»-«ՈՒդինեզե» դիմակայությունը` 3:1, ինչը նեապոլցիներին օգնեց անձեռնմխելի պահելու երրորդ հորիզոնականը:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Տևական արձակուրդից հետո երեք խաղ պահանջվեց «Բավարիայից» հաղթանակի բերկրանքը վայելելու համար: Մյունխենցիները դա արեցին «Շտուտգարտի» հետ արտագնայում` 2:0: Շարունակեց երկրորդ հորիզոնականին ամուր կառչած մնալ տանը «Հոֆենհայմին» 3:0 հաշվով պարտության մատնած «Վոլֆսբուրգը»` պահպանելով բավարացիներից ութ միավորի հեռավորությունը: Տուրում ձեռքերը ծալած չմնաց և «Շալկեն»` տանն առավելության հասնելով Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ` 1:0, ու ընդօրինակելի քաղաքավարությամբ նրանից խնդրելով երրորդ հորիզոնականը զիջել իրեն: Ճիշտ է, գելզենկիրհենցիները կարող էին այն հավասարապես զիջել թե «Աուգսբուրգին» և թե «Բայերին», սակայն վերջինս արտագնայում զիջեց «Վերդերին»` 1:2, իսկ առաջինը սեփական հարկի տակ 2:2 խաղաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ:
Վերջապես ուրախացրեց և աներևակայելի փորձությունների մեջ հայտնված Դորտմունդի «Բորուսիան»: Հուսանք, որ արտագնայում «Ֆրայբուրգի» նկատմամբ տոնած հաղթանակը` 3:0, թիմը դուրս կբերի ծանր մղձավանջից, ու նրա կատարմամբ նորից ականատես կլինենք դիտարժան ֆուտբոլի: Նշենք, որ երկրորդ խաղակեսին դաշտ է մտել Հենրիխ Մխիթարյանը:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Դառնալով ֆրանսիական առաջնությանը` հերթական տուրում շատ առումներով բախտորոշ էր առաջին ու երրորդ հորիզոնականներում գտնվող «Լիոնի» ու «Պարի Սեն Ժերմենի» դիմակայությունը, քանի որ վերջինիս հաղթանակը էական խմբագրումներ էր մտցնելու աղյուսակում: Սակայն այստեղ գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Ի դեպ` նույն 1:1 հաշիվն էր արձանագրվել նաև նախօրեին կայացած «Ռեն»-«Օլիմպիկ» հանդիպումում: Արդյունքում` 50 միավորով «Լիոնը» գլխավորում է աղյուսակը, իսկ «Օլիմպիկն» ու ՊՍԺ-ն 48-ական միավորով երկրորդ-երրորդ հորիզոնականներում են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ