Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թբիլիսին նվաճելիք բարձունք է

Թբիլիսին նվաճելիք  բարձունք է
17.02.2015 | 12:41

Դառնանք տղամարդկանց մրցելույթներին ու գրանցված արդյունքները փորձենք դիտարկել ապագա եվրոպականում ունենալիք հնարավոր ակնկալիքների կտրվածքով:
56-ում երկամարտի 221 (100+121) կիլոգրամով չեմպիոնի կոչումը նվաճեց Դավիթ Դավայանը, իսկ 62 կգ քաշային կարգում նույնն արեց Սմբատ Մարգարյանը` 250 կգ (105+145): Հասկանալի է, որ, ընդառաջ Եվրոպային, Սմբատն անձնական քաշը կգցի ու հանդես կգա 56 կգ քաշային կարգում: Թբիլիսիում այս մարզիկի մրցելույթից մեդալային հավակնություններ հարկավ կարող ենք ունենալ ինչպես երկամարտում, այնպես էլ հրում վարժությունում, եթե, իհարկե, Սմբատը գոնե հասնի նախորդ տարվա մարզավիճակին, ինչը նրա հնարավորությունների սահմանում է: Հիշեցնենք, որ 256 կիլոգրամ արդյունքով ծանրորդը նախորդ տարի նվաճել էր մեծ բրոնզը, իսկ հրում վարժությունում դարձել ոսկե մրցանակակիր: Այս երկու քաշային կարգերի արդյունքներն ընթերցողին միացյալ ներկայացնելն ինքնին բացառում է 62-ում Եվրոպայում ներկայացուցիչ ունենալը, քանզի այստեղ 250-ով պարզապես անելիք չենք ունենա, մանավանդ որ, չմոռանանք, այդ 250-ը հանրապետության չեմպիոնի ցույց տված արդյունքն է:
69 կիլոգրամ քաշային կարգում երկամարտի 300 կգ արդյունքով (130+170) հանրապետության չեմպիոն դարձավ աշխարհամասի նախորդ տարվա փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյանը, ով եվրոպական արծաթին տեր էր կանգնել 315 կիլոգրամով` մեկ փոքր արծաթ էլ կորզելով հրում վարժությունից` 175 կիլոգրամ: Հասկանալի է, որ Թբիլիսիում մեդալ ունենալու համար մարզիկը պիտի, ինչպես հարկն է, քրտնի, որովհետև հանրապետականում ունեցած 300-ով նրան ոչ մեկն էլ թույլ չի տա ավելի մեծ մրցահարթակում երազել մեդալների մասին:
77-ում հաղթեց տակավին պատանի Ժորժ Եղիկյանը: Երկամարտում նրա ցույց տված 301 (136+165) կիլոգրամը, բնականաբար, քննարկելիք թեմա էլ չէ աշխարհամասում ինչ-որ ակնկալիքներից խոսելու համար: Այստեղ մեր հույսը մնում են արդեն երկար ժամանակ մրցահարթակներից բացակայող Տիգրան Մարտիրոսյանն ու Օգսեն Միրզոյանը, ինչպես նաև անցած տարի պրոբլեմներ ունեցած Անդրանիկ Կարապետյանը: Փոքր-ինչ առաջ անցնելով ասենք, որ Թբիլիսիում այս երեքից միայն երկուսը կարող են մասնակցել: Օգսեն Միրզոյանը համոզված է, որ եթե իր տղան մասնակցի, անպայման չեմպիոն կդառնա, սակայն չի մոռանում հիշեցնել` եթե մասնակցի: 2010-ի աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի մասին անընդհատ լսում ենք, որ վնասվածքներն է բուժում ու, Աստված տա, մարզիկը վերջապես ու վերջնականապես ազատվի այդ ցավերից: Ինչ վերաբերում է Անդրանիկին, անձնական մարզիչ Վիգեն Խաչատրյանը վստահեցնում է, որ իր սանը պահանջված մարզավիճակում է: Մի խոսքով, եթե ամփոփենք, այստեղ կատարյալ անհայտություն է ինչպես մասնակիցների որոշակիության, այնպես էլ սպասվելիք արդյունքների կտրվածքով: Մնում է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի մեզ համար ավանդաբար ուժեղ այս քաշային կարգում:
85-ում հաղթել է Աղասի Աղասյանը` 330 (150+180) կիլոգրամ: Երկամարտի 345 կիլոգրամով այս նույն մարզիկը նախորդ տարի Եվրոպայում եղել է չորրորդը: Այս չորրորդ տեղից ավելիի ակնկալիք ունենալը չասենք ամբողջովին, սակայն, գոնե մասնակի, հեքիաթների կամ լավագույն ցանկությունների ոլորտից է: Համեմատության համար` նախորդ տարվա բրոնզե մեդալակիրը երրորդն է եղել 367 կգ արդյունքով:
94 կգ քաշային կարգում հաղթողի պատվանդանին է բարձրացել Մկրտիչ Մկրտչյանը` երկամարտում ցույց տալով 336 (145+191) կիլոգրամ արդյունք: Եթե Եվրոպայում էլ նույնը կրկնի, իհարկե, մասնակցելու դեպքում, ցույց տված կլինի 10-11-րդ արդյունքը:
Եվ, վերջապես, ծանր ու գերծանր քաշայինների մասնակցության մասին:
105 կգ քաշային կարգում հաղթողն Արտյոմ Պետրոսյանն էր (321=145+176), իսկ Սիմոն Մարտիրոսյանը գերծանրում չեմպիոն դարձավ 390 (180+210) կիլոգրամ արդյունքով: Հասկանալի է, որ Թբիլիսիում մարզիչները Սիմոնի ուժերը կփորձեն 105-ում, ու կասկած չկա, որ մեդալների համար պայքարում պատանիների օլիմպիական խաղերի չեմպիոնը լուրջ մրցակից կլինի անխտիր բոլորի համար, սակայն եկեք դեպքերից առաջ չընկնենք, միայն ուրախությամբ նշենք, որ արդեն նաև մեծահասակների մրցահարթակում է եկել նրա ժամանակը: Ինչ վերաբերում է գերծանրքաշային Գոռ Մինասյանին, մեր աչքերով ենք տեսել նրա 185-ը պոկելն ու 220-ը հրելը, ի միջի այլոց` առանց առանձնապես քրտնելու: Եթե սրանք ընդամենը սկիզբ են, ապա ավելի քան հուսադրող են: Չմոռանանք, որ +105-ում ունենք նաև Ռուբեն Ալեքսանյան հսկա:
Ամփոփենք: Ի դեմս տղամարդկանց, կանանց համեմատությամբ անհամեմատ ուժեղ դիրքեր ունենք: Հուսանք, որ Եվրոպան իսկապես ուրախացնող կլինի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ