Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դասականի կողքին` անդասական հաշիվներ

Դասականի կողքին`  անդասական հաշիվներ
17.02.2015 | 12:43

Եվրոպական առաջատար հնգյակը կազմած ֆուտբոլային տերություններից հանգստյան օրերին հանդիպումներ ունեցան երեք երկրների ակումբներ` Իսպանիայինը, Իտալիայինը, Գերմանիայինը: Ամենուրեք էլ հետաքրքիր խաղեր եղան, սակայն հատկապես զարմացրեց վերջինում արձանագրված գոլերի առատությունը, որտեղ երկու խաղում արձանագրվեց տասնյոթ գնդակ:

ԻՏԱԼԻԱ
Առաջնությունում մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում գտնվող «Յուվենտուսի» ու «Ռոմայի» միջև եղած յոթ միավորի տարբերությունը մնաց նույնը, քանի որ երկուսն էլ ոչ-ոքի ավարտեցին տուրի իրենց հերթական հանդիպումը: «Գայլերը» սեփական հարկի տակ 0:0 խաղացին «Պարմայի» հետ, իսկ «ծեր սինյորան» արտագնայում երկու գնդակ փոխանակեց «Չեզենայի» հետ: Ինչ վերաբերում է երրորդ տեղում ընթացող «Նապոլիին», այն նախօրեին 1։3 հաշվով զիջեց տանտերերին ու մնաց ունեցած 42 միավորով: «Յուվենտուսի» անվան դիմաց 54 միավոր է, «Ռոման» ունի 47:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայում «Դեպորտիվոյի» հետ խաղում Մադրիդի «Ռեալին» երկու գնդակը լիովին բավարարեց աղյուսակում առաջին հորիզոնականը ձեռքում պահելու համար: Այս անգամ արքայականի համար հատկանշականն այն էր, որ սեփական դարպասն անառիկ պահեց: Նույն կերպ վարվեց և «Բարսելոնը» «Լևանտեի» հետ խաղում` միայն այն տարբերությամբ, որ հյուրերը հինգ անգամ հարկադրված եղան գնդակը հանել սեփական դարպասից: Նշենք նաև, որ հերթական անգամ խաղադաշտից առանց գոլի չհեռացավ Մեսին` դառնալով հեթ տրիկի հեղինակ: Ի դեպ, սա արգենտինացու տասնմեկերորդ գոլն էր վերջին վեց խաղում ու ընթացիկ առաջնությունում ունեցած դարպասի քսանվեց գրավումով նա ընդամենը երկու գնդակով է հետ մնում Քրիշտիանու Ռոնալդուից: Ինչ վերաբերում է հեթ տրիկների քանակին, Մեսին հավասարվեց պորտուգալացուն: Մադրիդի «Ռեալն» ունի» 57, «Բարսելոնը»` 56 միավոր: Նախկինում ունեցած հիսուն միավորին ոչինչ չավելացրեց Մադրիդի «Աթլետիկոն»: Այդ «նվերը» նրան մատուցեց «Սելտան»` 2:0:

ԳԵՐՄԱՆԻԱ
Գոլային անզուսպ ծարավը վերջապես հագեցրեց «Բավարիան» ու կոտրվեց լոկ այն բանից հետո, երբ լուսատախտակին 8:0 հաշիվն էր: Բավարացիների զոհը դարձավ «Համբուրգը»: Գոլերի կատարյալ հրավառություն արձանագրվեց նաև «Շալկե»-«Վոլֆսբուրգ» դիմակայությունում: Վերջինս, որ վստահաբար աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, ընդունած չորս գոլին պատասխանեց հինգով ու վաստակեց հերթական երեք միավորը: «Շնորհիվ» տանը «Քյոլնի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակի, երրորդ հորիզոնական բարձրացավ Մյոնխենգլադբախի «Բորուսիան»` օգտվելով Ֆրանկֆուրտում «Շալկեի» սայթաքումից` 1:0: Մյոնխենգլադբախցիներն ունեն 36 միավոր և ութով հետ են «Վոլֆսբուրգից», որն էլ իր հերթին նույնքան միավորով հետ է «Բավարիայից»:
Երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Դորտմունդի «Բորուսիան»` 4:2 հաշվով առավելության հասնելով «Մայնցի» նկատմամբ: Սա թիմին հնարավորություն տվեց վերջապես դուրս գալու «մահվան» եռյակի կազմից ու տեղափոխվելու անվտանգ գոտի, թեև անվտանգության գոտի ապահոված մեկ միավորը չափից դուրս փխրուն է կատարելապես այդպիսին լինելու համար:

ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ
Այսօրվանից վերսկսվում է Չեմպիոնների լիգայի խաղարկությունը: Երեկոյան սպասվում է երկու հետաքրքիր հանդիպում` «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալում է «Չելսիին», Դոնեցկի «Շախտյորը»` Մյունխենի «Բավարիային»: Եվս երկու խաղով մարզասերի հոգին կլցնի խինդով նաև փետրվարի 18-ը` «Բազելը» կընդունի «Պորտոյին», «Շալկեն» սեփական հարկի տակ «քննություն» կհանձնի Մադրիդի «Ռեալին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ