«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Ամեն ինչ չէ, որ ցանկանաս ու կլինի

Ամեն ինչ չէ, որ  ցանկանաս ու կլինի
03.03.2015 | 12:34

Այս պարզ ճշմարտությունը եկան հաստատելու եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների հերթական հանդիպումները, որտեղ ինչ` ինչ, պայքարի ու դրամատիզմի պակաս չկար:

ԻՍՊԱՆԻԱ
Իսպանական առաջատար եռյակից երկուսը` «Բարսելոնն» ու «Աթլետիկոն», քսանհինգերորդ տուրի հանդիպումներն անցկացրին դրսում` հյուրի կարգավիճակում, Մադրիդի «Ռեալը»` սեփական հարկի տակ:
«Բարսելոնն» առանձնակի մեծ դիմադրության չհանդիպեց «Գրանադայի» հետ խաղում, թեպետ մի պահ տանտերերին կարծես թե հաջողվեց վերականգնել ինտրիգը, երբ հաշիվը 2:0 էր` հօգուտ հյուրերի: Սակայն արդյունավետ իրացրած տասնմեկմետրանոցին բավական արագ պատասխան տրվեց (գոլի հեղինակը Մեսին էր), ու կատալոնցիները խաղը շահեցին 3:1 հաշվով, ինչը միանգամայն տրամաբանական զարգացումների շրջանակում էր, եթե նկատի ունենանք կողմերի «քաշերի» անհամապատասխանությունը:
Շատ ավելի բարդ հանդիպում էր սպասվում «Աթլետիկոյին» Սևիլիայում: Ինչպես հայտնի է, վերջինս լրջորեն է ներքաշվել Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու պայքարի մեջ, ու ամեն հանդիպում ոսկու գին ունի: Ասենք, որ ծայրաստիճան լարված դիմակայությունում կողմերից և ոչ մեկին չհաջողվեց հասնել առավելության: Արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: «Աթլետիկոն» այժմ ունի 54 միավոր ու ընդամենը մեկ նիշով է բարձր 53 միավորով չորրորդ հորիզոնականում հայտնված «Վալենսիայից», որը հաղթական հանդիպում ունեցավ «Ռեալ Սոսիեդադի» հետ` 2:0:
Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալին», հերթականում նրան ձեռնոց նետածը «Վիլյառեալն» էր` ամենևին էլ ոչ դյուրին մրցակից արքայականի համար: Խաղը եղավ հաստատումը դրա: «Վիլյառեալը» չթողեց «Ռեալին» երեք միավոր վատակել (1:1), իսկ սա նշանակում է, որ արքայականն արդ ընդամենը երկու միավորով է առաջ 59 միավոր ունեցող «Բարսելոնից»: Փաստորեն լա լիգայում մեզ սպասում են չափազանց հետաքրքիր ու լարված դիմակայություններ ինչպես առաջին ու երկրորդ, այնպես էլ երրորդ տեղի համար:

ԱՆԳԼԻԱ
Նախորդ` 26-րդ տուրում հաղթելով «Կրիստալ Պալասին»` «Արսենալը» վերջապես հանգրվանեց երրորդ հորիզոնականում, ու «Էվերտոնի» հետ միայն հաղթական հանդիպումը կարող էր երկարաձգել նրա գրանցումն առաջին եռյակում, քանի որ «Սանդերլենդի» հետ տնային խաղում «Մանչեստր Յունայթեդը» հասել էր առավելության ու 50 միավորով ժամանակավորապես բարձրացել երրորդ հորիզոնական: Բացի այդ, լոնդոնյան դերբիում «կանոնիերների» հաղթանակը նաև պահանջված էր այն առումով, որ Վենգերի սաներն ընդամենն օրեր առաջ ամոթալի պարտություն էին կրել Չեմպիոնների լիգայում «Մոնակոյից», ու ամոթի մուրը պիտի ինչ-որ չափով, ինչ-որ կերպ սրբվեր: Ճիշտ է, այստեղ դեռ երկրորդ հանդիպումն էլ կա, սակայն բանն այն է, որ Վենգերն ինքն էլ չի հավատում պատասխան հանդիպման հանրագումարում իր թիմի հաղթանակին, իսկ եթե դեպքերը զարգանան վատագույն սցենարով, կստացվի, որ «Արսենալի» համար երրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդը կդառնա անհաղթահարելի արգելք:
Ինչևէ: Առաջնության խաղում «Արսենալին» հաջողվեց հաղթել մրցակցին` 2:0, ինչն էլ ապահովեց «Մանչեստր Յունայթեդի» նկատմամբ մեկ միավորի առավելությունը:
«Մանչեստր Սիթիի» հետ դիմակայության երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» խփեց հաղթական գնդակն ու մտավ Չեմպիոնների լիգայի մասնակցություն ապահովող գոտի, իսկ «Սիթին», բնականաբար, մնաց նախկին 55 միավորով` առաջատար` «Չելսիից» փաստացի հինգ, իրականում ութ միավոր հեռավորության վրա, քանզի այդ օրը Մոուրինյոյի սաները Անգլիայի գավաթի եզրափակչի շրջանակներում մրցում էին բաղձալի մրցանակի համար, որին վերջին անգամ տիրացել էին ութ տարի առաջ: Ասենք, որ «Չելսին» «Տոտենհեմի» հետ մրցակցությունում պատվով բռնեց քննությունը: Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի առաջատարը` Մյունխենի «Բավարիան», տարավ խոշոր հաշվով հերթական հաղթանակը` միավորների թիվը հասցնելով 58-ի: Այս անգամ նրա մրցակիցը լինելու դժբախտությունն էր ունեցել «Քյոլնը»` 4:1:
Շատ ավելի խոշոր հաշիվ գրանցվեց «Վերդեր»-«Վոլֆսբուրգ» դիմակայությունում: Գերմանական «գայլերը» երեք անգամ հայտնվեցին պարտվողի դերում, սակայն ի վերջո կարողացան հաղթել 5:3 հաշվով ու 50 միավորով աղյուսակի երկրորդ հորիզոնականում են: Վերջին տասնմեկ խաղում սա «Վոլֆսբուրգի» ութերորդ հաղթանակն էր երեք ոչ-ոքիի պարագայում:
Հաղթական հանդիպումն ունեցավ և Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը հյուր եկած «Պադերբոռնի» նկատմամբ առավելության հասավ 2:0 հաշվով ու 40 միավորով երրորդ հորիզոնականում է:
Հերթական հաղթանակը տոնեց և խաղային ձեռագիրն աստիճանաբար վերագտնող Դորտմունդի «Բորուսիան»` սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասնելով «Շալկեի» նկատմամբ: Նկատենք, որ դորտմունդցիները գոլեր սկսեցին խփել բավական ուշ` սկսած 78-րդ րոպեից, ասել է թե` տևական ժամանակ սպասման ցնցումների մեջ պահելով երկրպագուին, բայց որ հիշում ես` Մխիթարյանն իր վերջին գոլը խփել էր սրանից ինն ամիս առաջ, 78 րոպեն աչքիդ վայրկյան է թվում: Ինչևիցե, առավել կարևորն այն է, մեր ֆուտբոլիստը կրկին հիշեց մրցակցի դարպասը գրավելու մասին: Ճիշտ է, դրա համար հարկ եղավ խորհրդանշական ինն ամիս, որն ավելի շատ կապվում է երկունք ասվածի հետ, բայց փաստը մնում է փաստ, որ գոլն էլ կարելի է երկնել:

ԻՏԱԼԻԱ
Հերթական տուրը փայլուն հնարավորություն էր ստեղծել «Նապոլիի» համար, որը եթե հաղթեր ««Թուրինին», ժամանակավորապես կարող էր հավասարվել «Ռոմային», որն իր հերթին չափազանց սկզբունքային հանդիպում էր ունենալու «Յուվենտուսի» հետ (այդ խաղն ավարտվել է երեկ ուշ երեկոյան): Ցավոք, նեապոլցիները չկարողացան օգտվել ճակատագրի ընծայից, անգամ միավոր չկարողացան վաստակել: Հանդիպման ելքը որոշել է թուրինցիների խփած միակ գոլը: «Նապոլին» մնաց ունեցած 45 միավորով, իսկ կհալվի՞, թե՞ չի հալվի «Ռոմայի» նկատմամբ «Յուվենտուսի» ունեցած ինը միավորի տարբերությունը, կրկնում ենք, պարզ էր դառնալու երեկ, ուշ երեկոյան:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջատար եռյակը թեպետ էապես առաջ է պոկվել մնացածներից, սակայն նրանց յուրաքանչյուր հանդիպում կարող է փոխել ու փոխում է միմյանց նկատմամբ ունեցած դասավորությունը: Տուրը հետաքրքրական էր նրանով, որ դառնալով առաջին գոլի հեղինակ, ի վերջո պարտություն կրեցին թե «Լիոնը» (1:2 հաշվով զիջել է «Լիլին»), թե «Մարսելը», որն ավելի քան ջանադիր եղավ «Կաննի» հետ հանդիպումում կապիտուլյացիայի ակտը ստորագրելիս (2:3), ու սա այն դեպքում, որ, ի տարբերություն «Լիոնի», սեփական հարկի տակ էր հանդես գալիս ու դեռևս 67-րդ րոպեին հաղթում էր 2:0 հաշվով: Իրավիճակից առավելագույնս կարող էր օգտվել «Մոնակոյին» հյուր գնացած «Պարի Սեն Ժերմենը»: Սակայն «Արսենալ» պատժած «Մոնակոն» այնքան էլ բարեհամույր տանտեր չեղավ, ու երկրի գործող չեմպիոնը հարավից հյուսիս վերադարձավ մեկ միավոր վաստակած: «Լիոնը» ունի 54, «Պարի Սեն Ժերմենը»` 53, «Օլիմպիկը»` 50 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ