Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Ֆրանսիայի հայկական թանգարանը՝ ուշադրության կենտրոնում

Ֆրանսիայի հայկական թանգարանը՝ ուշադրության կենտրոնում
23.03.2015 | 16:05

Ֆրանսիայի հայկական թանգարանը վտարվել է իր տարածքից: «Իրատես de facto»-ն պարբերաբար անդրադարձել է սույն խնդրին: Սփյուռքի նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ընթացք է ստացել խնդիրը: «Թանգարանի համապատասխան ցուցասրահը ստեղծվել է և հավաքածուն մեկտեղվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների ջանքերով»,- նշված էր պատասխան նամակում: Այնուհետ մեզ ծանոթ պատմությունն էր: 2011-ի օգոստոսին Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը առաջարկել է ժամանակավորապես ազատել թանգարանի ցուցասրահները` վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով և հավաստիացրել, որ 2012-ի մայիսին ցուցանմուշներն ամբողջությամբ կվերադարձվեն թանգարան: Սակայն, շենքի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ցուցասրահում տեղ է գտել մեկ այլ թանգարանի հավաքածու: Պատասխան նամակը եզրափակվում էր հետևյալ կերպ. «Հայկական ցուցասրահի վերականգնումը տեղի մշակույթի նախարարության կողմից անհայտ պատճառներով մերժվել է: Ֆրանսիայի հայկական համայնքը և թանգարանի ղեկավարությունը տարածքը վերադարձնելու խնդրով բազմիցս դիմել են Ֆրանսիայի պետական մարմիններին, սակայն հարցը քննարկման փուլում է և դեռևս վերջնական լուծում չի ստացել:

Մշակույթի նախարարությանը նույնպես ամիսներ առաջ դիմել էինք սույն հարցով, և թանգարանի վտարման բոլորին հայտնի պատմությունից բացի, նշել էին, որ խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ իրավասու մարմինների, այդ թվում` ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում: Սակայն հարցի լուծումը փոքր-ինչ բարդ է, քանի որ, լինելով մասնավոր կառույց, «Ֆրեդերիկ Ֆրինգյան հայկական թանգարանը» հնարավորություն չունի օգտվելու պետական օժանդակությունից: Իսկ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը խնդրի առնչությամբ որևէ նախաձեռնություն չի դրսևորում` լուծումը թողնելով «Գիմ» թանգարանի ղեկավարությանը:
Թանգարանը վերաբացելու ֆրանսահայերի ջանքերն իզուր են անցնում: Ոմանք կարծում են, որ կարելի է գոնե հավաքածուն փոխադրել Հայաստան, մի մասն էլ հայրենադարձությունը անիմաստ քայլ է համարում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ