ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Աշխարհը դարձել է միջինացված լիդերների ասպարեզ»

«Աշխարհը դարձել է միջինացված լիդերների ասպարեզ»
25.12.2015 | 01:47

«Իրատեսի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Ձեզ չի՞ թվում, որ գեոքաղաքական կենտրոններն աստիճանաբար վերածվում են բիոքաղաքական կենտրոնների:
-Քաղաքական կենտրոնները, կարծես, փորձում են ամբողջ աշխարհը վերածել բիոքաղաքական կենտրոնների՝ արդեն մի քանի տարի շարունակ: Դա հատկապես այս տարի արտահայտվեց՝ աշխարհի զգալի հատվածներ փորձադաշտ դարձնելու ու այնտեղ քաղաքական ու աշխարհաքաղաքական փորձեր անցկացնելու բացահայտ միտումներով, երբ մարդկային կյանքը ոչինչ չարժի, և մարդիկ դիտվում են իբրև կենսաբանական հումք՝ բիոմատերիալ, որքան էլ կոպիտ հնչի: Մինչդեռ մարդը բարձրագույն էակն է բնության մեջ:
-Եթե ամփոփենք Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները տարեկան կտրվածքով, երկու նախագահների առաջին ու վերջին հանդիպումը Բեռնում բանակցությունների թեմայի փոփոխություն բերե՞ց:
-Բեռնի հանդիպումը արձանագրեց, որ բանակցությունների թեման նահանջ է ապրել: Պաշտոնական տեղեկատվության հենքի վրա՝ բանակցվում են ոչ թե հիմնահարցի կարգավորման ճանապարհները, այլ հրադադարի խախտման դեպքերը՝ հրադադարը պահպանելու համար: Սա արդեն իրավիճակային քննարկում է, ոչ թե ռազմավարական՝ բանակցվող սկզբունքների մանրամասների վերաբերյալ, որոնց մեջ է սատանան:
-Սատանան դե՞մքն է փոխել, թե՞ սկսել է կրակել:
-Սատանան ստիպել է սկզբունքները մի կողմ դնել ու խոսել 1994-ից գործող հրադադարի պայմանագրի պահպանության մասին, որ հնարավոր լինի հասնել խաղաղության մեծ պայմանագրի: Մինսկի խմբի համանախագահների, արտգործնախարարների հայտարարություններն արձանագրեցին բանակցությունների այդ բովանդակությունը: Ադրբեջանին հաջողվեց հարցն այլ հարթություն տեղափոխել:
-Ինչո՞ւ է Մամեդյարովը շարունակ խոսում Լավրովի առաջարկների մասին, իսկ Լավրովը ոչ հաստատում է, ոչ հերքում:
-Լավրովի «առաջարկների» մասին մի քանի ամիս խոսվում է, հատկապես նրա Բաքու, ապա Երևան չծրագրված այցերից հետո: Բազում վարկածներ են առաջադրվել, տեղեկատվական արտահոսքերում ճշմարտության հատիկ կարող է լինել: Թե միտումնավոր, թե ինքնաբուխ, եթե, իհարկե, ինքնաբուխ արտահոսքեր լինում են քաղաքականության մեջ: Չի բացառվում, որ Ռուսաստանը որոշակի աշխարհաքաղաքական շահեր ունենալով Հարավային Կովկասում՝ Ադրբեջանի հետ, փոխզիջումային նոր տարբերակ է առաջարկել: Փորձագիտական հանրությունն առաջադրում էր խաղաղապահ ուժերի տեղակայման վարկածը և ազատագրված տարածքների որոշ հատվածների «փոխզիջումը»:
-Զիջո՞ւմը, թե՞ փոխզիջումը: Դիմացը հայկական կողմն ի՞նչ պիտի ստանա:
-Խնդիրը դա է՝ հայաստանյան ամբողջ հանրությունը այդպես էլ չի ստանում այդ պատասխանը՝ իսկ ի՞նչ է փոխհատուցվելու տարածքների դիմաց: Մնում է ենթադրել, որ Ադրբեջանը ինչ-ինչ աշխարհաքաղաքական կենտրոնների միջոցով Հայաստանին խոստանում է խաղաղ սահմաններ, դա շանտաժ է: Ոչ հայկական, ոչ ադրբեջանական, ոչ ՄԽ շրջանակներում այլ տարբերակ չի շրջանառվում: Եթե Մամեդյարովը կրկնում է իր հայտարարությունը, հաստատվում է այդ տարբերակը, որովհետև պարզ չէ, թե Ղարաբաղն ինչ է ստանում: Մնում է ենթադրել, որ աշխարհաքաղաքական կենտրոնն ու Ադրբեջանը խոստանում են սոսկ չկրակել: Մադրիդյան սկզբունքների հիմքում, փաստորեն, ազատագրված տարածքների փոխարեն կարգավիճակ ստանալն է, խնդիրը մանրամասներն են: Հայկական կողմը պայման էր դնում, որ դա լինի համաժամանակյա, ոչ թե փուլ առ փուլ: Եթե այդ տեսակետից ենք հարցին նայում, Ադրբեջանի վերջին շրջանի ակտիվությունը, հրանոթների ու տանկերի օգտագործումը ցույց է տալիս, որ հարցը ռազմավարական առումով լուծված չէ: Աշխարհում շատ հաճախ դեֆակտո իրավիճակը դեյուրե չի արձանագրվում, բայց ռեալ պոլիտիկը դեֆակտո իրավիճակն է հիմք ընդունում: Ադրբեջանը մտավախություն ունի, որ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններում այդ տրամադրություններն ուժեղանում են, և փորձում է կանխել՝ ռազմաքաղաքական շանտաժի տարրեր ներմուծելով բանակցություններ:
-Մինչև ե՞րբ ու ինչքա՞ն:
-Շատ կարևոր է քաղաքական պահը: Տարբեր շահեր են լինում աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, կարող ես հարմար պահը օգտագործել՝ քեզ համար կարևոր խնդիրը լուծել: Համենայն դեպս՝ քաղաքական առևտուր կարող ես անել: Այս տարի ղարաբաղյան հարցով բանակցային գործընթացի առանձնահատկությունը դա էր՝ նշաձողը իջեցնել բուն բանակցություններից սահմանային միջադեպերի քննարկման և օգտագործել աշխարհաքաղաքական տերությունների հետ շահերի համընկնման պահը:
-Փաստորեն՝ ռուս-թուրքական հարաբերությունների անակնկալ առճակատումը աշխատեց մեր օգտի՞ն: Տարեկան ասուլիսում ՌԴ նախագահը երկրորդ անգամ ակնարկեց Անթալիայում Թուրքիայի ղեկավարության հետ՝ իրենց համար նուրբ ու զգայուն խնդրում, միջազգային նորմերից դուրս պայմանավորվածության մասին: Հիմքեր կա՞ն ենթադրելու, որ այդ համաձայնությունը որքանով կարող էր առնչվել տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական այլ խնդիրների, նույնքան և ավելի կարող էր վերաբերել ԼՂ հարցին ու խաղաղապահների տեղակայմանը:
-Ենթադրել կարող ենք, մանավանդ շեշտվում էր Թուրքիայի համար նուրբ թեման: Իմ կարծիքով, սակայն, խոսքը Թուրքիայի համար շատ ավելի լուրջ խնդրի է վերաբերում: Հայկական հարցը Անկարայի համար նուրբ թեմա է, բայց աշխարհաքաղաքական այսօրվա զարգացումներում օրակարգային չէ՝ ոչ ցեղասպանության, ոչ Ղարաբաղի մասով: Ռեալ պոլիտիկում ավելի զգայուն են այն թեմաները, որոնք տվյալ պահին կասեցնում են անցանկալի զարգացումերը: Թուրքիան այսօր Մերձավոր Արևելքում բարդ խնդիրների առաջ է հայտնվել, հասկանում է, որ կա պետության մասնատման վտանգ:
-Բայց կա նաև Օսմանյան կայսրության որոշակի տարածքներ վերադարձնելու ցանկությունը՝ Իրաքից, Սիրիայից:
-Չի բացառվում, որ ակնարկված զգայուն թեման այդ խնդիրներին է վերաբերում: Երբ բացատրություններ և արտահոսքեր որևէ կողմից չկան, ամեն ինչ կարելի է ենթադրել: Իմ կարծիքով՝ Թուրքիան ավելի մտահոգ է իր անվտանգությամբ և, այո, կայսրական տարածքների վերականգնմամբ: Ռուս-թուրքական կոնֆլիկտում շատ սուր է մարդկային գործոնը՝ Պուտինը շատ վստահ էր, որ Թուրքիան Անթալիայում ստացած համաձայնությունից հետո Ռուսաստանի դեմ քայլ չի անի: Նա Էրդողանին մարդկայնորեն չի կարողանում հասկանալ, առավել ևս՝ ներել: Միջանձնային հարաբերությունների հարցը ևս կա: Ընդհանրապես այսօր ողջ աշխարհում շատ սուր է լիդերների բացակայության հարցը: Աշխարհը դարձել է միջինացված լիդերների ասպարեզ, որ բոլորին փորձում է նույն չափերի մեջ պահել:
-Դա դիտվում է կայունության երաշխի՞ք:
-Աշխարհի կառավարման մոդել՝ նոր աշխարհակարգի կանոններից ելնելով: Արևմտյան Եվրոպայի վերջին խարիզմատիկ դեմքը Սիլվիո Բեռլուսկոնին էր: Երբ որևէ ընդգծված լիդեր է ի հայտ գալիս՝ սեփական դեմքով ու ձեռագրով, որ կարող է ստանդարտից դուրս լուծումներ առաջադրել, նրան փորձում են միջին վիճակագրական շրջանակների մեջ խցկել:
-Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահում է, դա ՀՀ նախագահին հիմքեր տալի՞ս էր համարյա հեղափոխական աննախադեպ ելույթի, երբ տարիներ շարունակ նույն վարքագիծը հանդուրժվել է:
-Առաջին անգամ Հայաստանը փորձում է իր ռուսամետ գծի համար փոխհատուցում ստանալ, այսինքն՝ ընդամենը փորձում է անել այն, ինչ ՀԱՊԿ և ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր միշտ է անում: Արտաքին քաղաքական դաշտում առաջին անգամ Հայաստանը ցույց տվեց, որ իր դաշնակցային պարտավորությունների կատարման դիմաց պահանջելու է հասանելիքը՝ սա առաջին: Երկրորդ՝ ինչ ասաց Սերժ Սարգսյանը, ձեռնտու էր Պուտինին: Շատ վաղուց Ռուսաստանում մեծ դժգոհություն կա Բելառուսից ու Ղազախստանից, հատկապես ռուս-թուրքական կոնֆլիկտից հետո: Սերժ Սարգսյանը ոչ միայն մեր հարցը բարձրացրեց, այլև ասաց այն, ինչ Պուտինը պիտի ասեր:
-Մոսկվան ակնկալում էր, որ Մինսկն ու Աստանան պիտի հաջորդ օրն Անկարային դատապարտող հայտարարությո՞ւն անեին, իսկ նրանք մի քանի օր անց ընդամենը հաշտության կո՞չ արեցին:
-Այո, Պուտինին պետք էր աջակցություն, որ չստացավ մերձավոր դաշնակիցներից՝ իր ստեղծած ռազմաքաղաքական դաշինքից ու տնտեսական միությունից: Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված էր Ղազախստանին ու Բելառուսին հիմնականում, և ասում էր՝ կամ դաշնակից ենք, կամ դաշնակից չենք: Միաժամանակ նա նաև Ռուսաստանին հասկացրեց, որ Հայաստանը ևս կարող է այլընտրանքներ որոնել, առավել ևս՝ Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, սկսում է ավելի կոնկրետ հիշել Հայաստանի դերը և հասկանալ՝ ինչ է հետաքրքրում Հայաստանին:
-ՈՒ ի՞նչ է Հայաստանին հետաքրքրում:
-Իր անվտանգությունը, իր տնտեսությունը, Ղարաբաղի հարցը: Հիշեք՝ ինչո՞վ է զբաղված ԱՄՆ նոր դեսպանը անցնող տարում, նա ասում է՝ տնտեսության մեջ ներդրումներ կբերենք, երբ կոռուպցիան վերացնեք: Աշխարհով մեկ փող են որոնում, ոչ ոք, այդ թվում` ռազմավարական դաշնակիցը, չի տալիս՝ վարկի կամ ներդրումի տեսքով, ԱՄՆ-ը պատրաստ է: Մի քանի օրում երկու նախագծեր ի հայտ եկան՝ Էդ Ռոյսի ու 80 կոնգրեսմենների, որ միանշանակ մեզ է ձեռնտու, որովհետև սահմաններին մենք չենք կրակում, և Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևը, որը նույնպես Ադրբեջանի դեմ է: Մեր հասարակությունում դա ընկալվում է, որ Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը ավելի ճկուն քաղաքականություն է վարում և խոստանում է տնտեսական աջակցություն, եթե կոռուպցիան վերացնենք, որը հասարակության մեջ լավ ընկալում ունի: Արևմուտքի մեծ խնդիրն էր, որ չէր կարողանում Հայաստանին իրական այլընտրանքներ առաջարկել, թեմաներ, որ հայկական կողմին ու հասարակությանը հետաքրքրում են: Մարդու իրավունքները, բնապահպանությունը, կենդանիների պաշտպանությունը շատ լավ են, բայց քաղաքացիական հասարակությանն են վերաբերում, քիչ են առնչվում բուն հասարակության հետ, որի 90 %-ը տարվա մեծ մասը Ռուսաստանում է աշխատում: Բարդ է Ռուսաստանում աշխատատեղ ունեցող ու փող ստացող մարդուն ասել՝ մեր գլխավոր դաշնակիցը Ռուսաստանը չէ: ԱՄՆ-ը իր ծրագրերում էականորեն կրճատել է անհասկանալի գրանտային գումարներն ու ուղղել է ռեալ սեկտորին, ավելի կոնկրետ են դառնում քաղաքականությունն ու այլընտրանքների ստեղծումը:
-Ռուս-թուրքական կոնֆլիկտը կարո՞ղ է ազդել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:
-Ես կարծում եմ՝ Ադրբեջանի համար ավելի բարդ խնդիրներ են առաջանում, քան Թուրքիայի, այդ պատճառով էլ միանգամից հայտարարեց իր չեզոքությունը ու միջնորդ դառնալու պատրաստակամությունը:
-Միջնորդության ճիշտ ճանապարհը նավթի ու գազի շուկայում Ռուսաստանի հետ մրցակցե՞լն է, այդ թվում՝ Թուրքիայում:
-Ադրբեջանում շահերի շատ լուրջ բախում կա՝ թե ռազմաքաղաքական, թե տնտեսական, թե աշխարհաքաղաքական: Բաքուն իր դիրքից ու ռեսուրսներից ելնելով՝ միշտ աշխարհաքաղաքական կենտրոնների ճնշման տակ է գտնվում: Կարծում եմ՝ այս պայմաններում Բաքուն կխուսափի ռուսական հարվածի տակ հայտնվելու վտանգից, առավել ևս նավթի գների անկումը, մանաթի արժեզրկումն արդեն ազդում են տնտեսության վրա՝ մի տարում պահուստների կեսից ավելին Բաքուն ծախսել է: Չի բացառվում, որ ավանդույթի համաձայն՝ ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար արտաքին վտանգի խնդիրը առաջ քաշեն: Ռուսաստանում դա արագ աշխատում է, ու Պուտինի վարկանիշը 88 % է դառնում՝ տնտեսական անկումի պայմաններում:
-Հեռուստացույցի ու սառնարանի միջև հաղթում է հեռուստացո՞ւյցը:
-Այո, Ադրբեջանի դեպքում այդ մենթալիտետը չկա:
-Ռուսաստանը Ադրբեջանին զենքի վաճառքը կկասեցնի՞՝ հաշվի առնելով, որ մի օր այդ զենքը կարող է իր դեմ ուղղվել:
-Ռուս-թուրքական ռազմաքաղաքական, տնտեսական ալյանսի փլուզումն իրականում պատրանքների փլուզում էր, և հիմա շատ հարցեր են վերանայվում Ռուսաստանում, չեմ բացառում, որ այդ հարցը դրվել է:
-Մենք ապրում ենք բարեփոխված Սահմանադրությամբ, Ձեր կարծիքով՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունները չե՞ն ունենա նույն հետընտրական զարգացումները, ինչ ունենում էր նախագահականը:
-Որպեսզի հետընտրական զարգացումներ լինեն, պիտի նախընտրականը լինի: Ո՞րն է հետընտրական զարգացումը՝ ընդդիմությունը ընտրությունների արդյունքները չի ճանաչում, ժողովուրդը դուրս է գալիս փողոց: Ո՞ր դեպքում: Երբ եղել են բուռն նախընտրական իրադարձություններ, ժողովուրդը արդեն փողոցում է: Սովորաբար ընտրությունները կեղծվում են և ժամը ութից հետո բոլորը փողոցում են: Որպեսզի մարդիկ փողոց դուրս գան, շարժիչ ուժ պետք է լինի: Ո՞վ է փողոց դուրս բերելու: Պետք է գործուն ընդդիմություն:
-Մինչև 2017-ը բավարար ժամանակ կա՞, որ արտախորհրդարանական գործուն ընդդիմություն ձևավորվի:
-Ընդդիմությունը հիմա յուրահատուկ հեղափոխական վիճակում է՝ հները արդեն չեն կարողանում, նորերը դեռ չեն եկել: Ամենամեծ պրոբլեմը հանրաքվեի պարագայում խարիզմատիկ լիդերների բացակայությունն էր, լիդերներ, որ հավատ են ներշնչում, վստահություն: Երբ ասում են՝ վաղը հավաքվում ենք ու գնանք նախագահական, հետո աղոթելու չեն գնում, չեն ասում՝ վայ, մեզ չթողեցին: Եթե հրապարակում ես օրակարգդ, պիտի գործողություններով պահես: Բողոքական ընտրազանգվածը, որ Հայաստանում կարող է 60 % լինել, տեսականում և օբյեկտիվորեն ընդդիմության հաջողության հիմք է, դժգոհ է ապրուստից, հեռանկար չի տեսնում, սպասում է, որ իրեն տիրություն անեն, բայց այդ մեկը չի գալիս: Հներն ապացուցեցին, որ գործունակ չեն՝ ոմանք ծերացել են, երկրորդ-երրորդ դեմքերը առաջինի դերին չեն ձգում, ոմանք էլ ընդդիմություն են աշխատում: Հայաստանում դեռ 90-ականից ավանդույթ կա՝ իշխանությունը իր համար ձևավորում է ընդդիմություն, նաև աշխարհաքաղաքական խաղեր է տալիս՝ փորձում է խորհրդարան չտանել բացարձակ ռուսամետներին՝ վախենալով, որ Մոսկվան հարմար պահի կօգտագործի: Այդ «կոմպլեմենտարիզմի» արդյունքում դաշինքներ են ստեղծվում, ու արևմտամետներ են ԱԺ մտնում: Կարծում եմ՝ այս անգամ էլ այդ սխեման կաշխատի: Համաձայն եմ, որ ժամանակն է՝ Հայաստանում ստեղծվի ոչհամակարգային ընդդիմություն, որ դեռ չի երևում:
-Ի՞նչն է պակասում, եթե կա «անտեր» բողոքական զանգվածը:
-Ֆինանսները, աշխարհաքաղաքական աջակցությունը, խարիզմատիկ առաջնորդը և, իհարկե, իսկապես այլընտրանքային գաղափարախոսությունն ու տեսլականը: Առայժմ ի հայտ եկածները կամ ինստիտուցիոնալ ընդդիմություն են ուզում, կամ լիբերալ բարեփոխիչներ: Այս պայմաններում քիչ, թե շատ հնարավոր տարբերակ է համարվում, եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի խաղի մեջ մտնել: Մի քանի տարի նա դիրքավորվում է իբրև ընդդիմադիր գործիչ: Ֆինանսներ ունի, աշխարհաքաղաքական աջակցություն, կարծում եմ, որոշ հանգամանքներում կարող է ունենալ, վարչական ռեսուրսի որոշակի հատված պահպանել է: Իհարկե, գրեթե բացակայում է ժողովրդականությունը: Բայց մեզանում եղել են, ինչպես հայտնի է, դեպքեր, երբ նախկինում ցածր ժողովրդականություն ունեցող նախկին ղեկավարները հետագայում շռնդալից վերադարձել են ակտիվ քաղաքական դաշտ:
-2016-ի Կապիկն ո՞ւմ ի՞նչ կտա:
-Կարծում եմ՝ կշարունակի Այծի գործը:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ