Հնդկաստանի շուրջ 20-միլիոնանոց Կալկաթա քաղաքում հայեցիորեն շնչող մի օազիս կա՝ Հայոց մարդասիրական ճեմարանը, ուր կրթվում, դաստիարակվում ու կյանքի մեծ ճանապարհ են դուրս գալիս հայ սփյուռքի տարբեր գաղթօջախներից ու հայրենիքից այստեղ ուսանելու եկած տասնյակ պատանիներ ու աղջիկներ: Ինքս, որպես ճեմարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, անկարող եմ թաքցնել հիացումս ճեմարանի մեր սաների բարեկիրթ ու ուսումնատենչ վարքի հանդեպ, չսքանչանալ այս սաներով, ովքեր հմուտ մասնագետի վարպետությամբ են հանդես գալիս՝ ցուցադրելով իրենց ձիրքն ու տաղանդը տարբեր միջոցառումների ժամանակ: Այդպիսի տաղանդաշատ սաներից մեկն է Վեդի Հարությունյանը՝ ծնված Իրանի Սպահան քաղաքում: Նրա նախնիները այստեղ են հանգրվանել դեռևս Շահ Աբասի ժամանակներից: Վեդիի հետ է նաև նրա քույրը՝ շռայլորեն օժտված ու խոնարհ կեցվածքով Անաշան: Նրանք այժմ սովորում են 12-րդ դասարանում: Վեդի Հարությունյանը Աստծո ընտրյալ զավակներից է՝ գեղանկարիչ, երգիչ, հմուտ խոհարար, հմուտ կազմակերպիչ:
Նրա նախաձեռնությամբ են ճեմարանում նշվում ուսուցչի օրը, կազմակերպվում ցուցահանդեսներ, ամանորյան տոնահանդեսներ, երգի մրցույթներ, կապեր հաստատվում տարբեր երկրների իրենց հասակակիցների հետ: Նշեմ, որ Վեդին արդեն երեք անհատական ցուցահանդես է ունեցել Կալկաթայի Հայոց ակումբում, որպես երգիչ և խոհարար մասնակցել տարբեր փառատոների ու մրցույթների: Տակավին թարմ է տպավորությունը Սուրբծննդյան տոներին նվիրված միջոցառումից, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը նույն բազմաշնորհ հայ երիտասարդն էր՝ Վեդին: Ճաշակով ընտրված տոնական ծրագրում հնչեցին Ծննդյան տոներին նվիրված երգեր, կատարվեցին հայկական ժողովրդական պարեր, եղավ ասմունք, հայոց մեղեդիների երգ ու ցնծություն: Այդ օրվա խոհանոցի, սեղանների համուհոտի ու պերճանքի հեղինակն էլ էր ինքը՝ համեստ ու շնորհառատ մեր Վեդին: Հիացած էին բոլորը՝ և՛ հյուրերը, և՛ ճեմարանականները: Իսկ հայ պատանիների գեղարվեստական ելույթները ամենից առավել ապշեցրել էին հնդիկ մեր գործընկերներին: Այո՛, Վեդի Հարությունյանը ոչ միայն իր հարազատների, այլև մեր բոլորի հպարտությունն է, ճեմարանի «զարդը»: Համոզված եմ՝ նրա անունը վաղ թե ուշ հնչելու է հանրահայտ բեմերից, փառք ու պատիվ է բերելու նրան ու իր ժողովրդին։ Պատեհ առիթն օգտագործելով՝ տաղանդավոր երիտասարդը բարեմաղթանքի իր խոսքը հղեց Սպահանում ապրող սիրասուն մորը՝ տիկին Ժուլիեթին, ընկերներին, ծանոթներին ու հարազատներին.
-Ինձ տրվածի համար շնորհակալ եմ ծնողներիս, այն միջավայրին, որտեղ լույս աշխարհ եմ եկել, դաստիարակվել ու մեծացել: Շնորհակալ եմ բոլորին և սրտանց շնորհավորում եմ նրանց Սուրբծննդյան տոների, Ամանորի առթիվ, մաղթում, որ լինեն առողջ, երջանիկ և շարունակեն ապրել հայեցիորեն, բարձր հնչեցնեն հայի անունն ու պատիվը:
Իսկ մենք նույնը մաղթենք նրան՝ սիրելի Վեդիին, ով, այս տարի ավարտելով ճեմարանը, մտադիր է ուսումնառությունը շարունակելու Կալկաթայի համբավավոր ու լավագույն քոլեջներից մեկում։ Բարին ընդ քեզ, սիրելի Վեդի: Թող իրականություն դառնան քո բոլոր նպատակներն ու երազանքները:
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ
Բանաստեղծ, ՀԳՄ անդամ
ք. Կալկաթա