Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հիշեք՝ փետրվարի 24

Հիշեք՝ փետրվարի 24
25.02.2016 | 09:54

Փետրվարի 24-ին նախագահական նստավայրում ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ստորագրեցին համագործակցության համաձայնագիր՝ երկու կուսակցությունների ղեկավարության ներկայությամբ: Ստորագրելուց հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը (լավ, ուրիշ մեկը չկա՞ր՝ ստորագրեր, փաստորեն Արմեն Աշոտյանը ստորագրում էր աշխատանքից ազատվելու իր հրամանագիրը) ասաց, որ համագործակցության հիմքում երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանություններն են: «Քաղաքական նոր մշակույթի սկիզբ է դրվում Հայաստանի քաղաքական դաշտում, քանի որ այս համաձայնագիրը ոչ հետընտրական կոալիցիա է, ոչ էլ նախընտրական դաշինք»: Պարզվեց՝ համաձայնագիրը սկիզբ է դնում քաղաքական երկարատև համագործակցության, որը խարսխված է արժեհամակարգային ընդհանրությունների և միասնական նպատակների և գործողությունների ծրագրի վրա: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ ասաց. «Երկար աշխատված փաստաթուղթ է, որը անդրադառնում է մեր երկրի գրեթե բոլոր ոլորտներին: Ինչ-որ առումով ճանապարհային քարտեզ է, որտեղ դրված են երկու կուսակցությունների համադրելի նպատակները, երկրի նախագահի վերջին ելույթի այն դրույթները, որոնք ընդհանուր են»:
Իբրև անմիջական արդյունք հետևեցին ՀՀ ախագահի հրամանագրերը, որով Արծվիկ Մինասյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար, Լևոն Մկրտչյանը՝ կրթության և գիտության, Դավիթ Լոքյանը՝ ՀՀ տարածքային կառավարման: Նախագահի մեկ այլ հրամանագրով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է՝ տարածքային կառավարման և զարգացման և արտակարգ իրավիճակների նախարարության: Արմեն Երիցյանը մնաց արտակարգ իրավիճակների նախարար, Արմեն Աշոտյանը և Կարեն Ճշմարիտյանը գրանցվեցին ՀՀԿ խոստումնալից կադրերի բանկում: Հետո արդեն հրապարակվեց «ճանապարհային քարտեզը»՝ իբրև Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Պարզվեց, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն մեկնակետ ունեն ներքին և արտաքին մարտահրավերները երկու կուսակցությունների ներուժի մեկտեղմամբ հաղթահարելու հրամայականը: Հետաքրքիր է՝ ո՞վ էր հրամայել: Ավելի հետաքրքիր են հնչում համագործակցության նպատակները՝ ամրապնդել ՀՀ և Արցախի անվտանգությունն ու ժողովրդավարական կայունությունը` ապահովել երկրի արագընթաց զարգացումը, բարելավել հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: ՈՒ՝ այդպես ամբողջ երեք էջ: ՈՒզում ես սկզբից մինչև վերջ կարդա, ուզում ես վերջից առաջ արի, «ճանապարհային քարտեզը» խիստ գաղտնագրված է, ու այդպես էլ չի երևակվում: Ոչ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընձեռած հնարավորություններով ու հանրային կյանքի սահմանադրականացման հանձնառություններով, ոչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված մոտեցումներով, ոչ էլ ՀՀ նախագահի 2016-ի փետրվարի 12-ի ելույթում արծարծված մոտեցումներով, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի՝ Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ընդհանրությամբ: Երկու կուսակցություն ստանձնում են ՀՀ կառավարության ծրագրերի իրականացման պատասխանատվությունը: Վերջ: Հետո թվարկվում են Աժ-ի առաջիկա անելիքները՝ օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու մասով՝ Ընտրական ու Դատական նոր օրենսգրքեր, հանրաքվեի, կուսակցությունների, ԱԺ կանոնակարգ նոր օրենքներ: ՀՀ վարչատարածքային նոր բաժանում, և այլն, և այլն: Շատ աշխատված ու հիմնավոր մշակված փաստաթուղթ, որ շարքային մահկանացուներին ոչինչ չի ասում՝ ինչպես և լինում են նման կարգի փաստաթղթերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ի՞նչ էր նշանակում՝ 1.2.1. կետով նախատեսված «տարազանելը»՝ տարազատելու ու զանազանելու «համագործակցությու՞նն» էր: Չգիտեմ, բայց եթե չլինեին Քաղաքական համագործակցության կազմակերպման կարգի կետերը, ամբողջ համաձայնագիրը խիստ հիշեցնում էր նախընտրական գովազդային բուկլետ, որտեղ ևս արձանագրվում են լավագույն մտադրությունները, բայց պարտադիր չեն իրականացման մեխանիզմները: Իսկ քաղաքական համագործակցության կազմակերպման կարգի 4-րդ կետը սահմանում է համագործակցության խորհուրդ, որը գործում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են կանոնավոր պարբերականությամբ: Թե ինչպես է խորհուրդը աշխատելու, ստորագրված համաձայնագրից ելնելով՝ դժվար է «տարազանել», միայն հասկանալի է, որ «Անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը»: Չուրախանաք կամ չվախենաք (ով՝ ինչպես) առաջիկա տարիուկեսում կուսակցությունները հաստատ միմյանց հետ գրավոր չեն շփվի: Բարի երթ:

Դիտվել է՝ 1339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ