Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թուրքիայի համար ինչ Թրամփը, ինչ Հիլարին՝ երկուսն էլ վատ են

Թուրքիայի համար ինչ Թրամփը, ինչ Հիլարին՝ երկուսն էլ վատ են
09.11.2016 | 13:51

Ամերիկացիները այսօր գնալու են ընտրատեղամասեր՝ նոր նախագահ ընտրելու: Շատերը կարծում են, որ ընտրությունը վատի ու շատ վատի միջև է՝ գրել է Hurriet-ը նոյեմբերի 8-ին: Անկախ արդյունքից՝ այդ ընտրության հետևանքները զգալու են ամբողջ աշխարհում: Ճակատագրի հեգնանքով՝ եթե «վատ ընտրությունը» հաղթի, շատերը հանգիստ շունչ կքաշեն, որովհետև երկրորդ թեկնածուն համարվում է «շատ վատ»: Եվ, կարծես, այդպես էլ կա: Ի վերջո, Հիլարի Քլինթոնը երկար տարիներ աշխատել է Կոնգրեսում, ԱՄՆ պետքարտուղարն է եղել: Թվում է՝ ողջամիտ ամերիկացիների համար այլ ընտրություն չկա, քան նրան ձայն տալը՝ հաշվի առնելով՝ ով է նրա ընդդիմախոսը, անկախ սիրում են նրանք Քլինթոնին, թե ոչ: Դոնալդ Թրամփն այն մարդն է, ում ամերիկացիները կարող էին անվանել դատարկախոս, ում հռետորաբանությունն ուղղված է հասարակության ստորին խավերին:

Նա սարսափելի արտահայտություններ է իրեն թույլ տվել մուսուլմանների, փոքրամասնությունների ու կանանց հասցեին: Շատ հայտնի ամերիկացիներ՝ կինոաստղերից մինչև գիտնականներ ու վերլուծաբաններ, արդեն բավականաչափ կոպիտ արտահայտություններ չեն կարողանում գտնել, որ նրան նկարագրեն: Թրամփը փորձում է տպավորություն ստեղծել, որ իր վարկանիշը այդ վիրավորանքներից միայն աճում է: Սակայն կասկածելի է, որ ամերիկացիները ուրախ լինեն մի նախագահի համար, ում այդքան անգամ անվանել են «խոզ» կամ «շուն»: Այնուհանդերձ, Թրամփի բարձր վարկանիշը վկայում է ԱՄՆ-ում ժողովրդավարության ճգնաժամը: Պոպուլիզմը նրան տարել է այնպիսի բարձունքներ, որոնց արժանի չէր: Նրան աջակցում է ամերիկացիների այն դասը, որի հետ ինքն ընդհանուր ոչինչ չունի: Ճակատագրի ևս մեկ հեգնանք՝ «աստվածավախ ամերիկացիները», որ աջակցում են նրան, ակներևաբար, պատրաստ են ներել նրա ոչ վայելուչ պահվածքը:
Թրամփի արտաքին քաղաքականության մասին միայն կռահել կարելի է: Նա ասում է, որ ուզում է «ԱՄՆ-ը աշխարհում նորից մեծ տերություն դարձնել», բայց առայժմ դա պարզապես կարգախոս է:

Քլինթոնը այն նախագահը չէ, որ կարող է «ԱՄՆ-ը աշխարհում նորից մեծ տերություն դարձնել», բայց նրա գիտակից հայրենակիցներն ու աշխարհը նրանից դա չեն էլ սպասում: Նրանք սպասում են, որ նա կվերադարձնի հարգանքն ԱՄՆ-ի նկատմամբ: Շատերն ասում են, որ նա կշարունակի Բարաք Օբամայի գործը, բայց նշաններ կան, որ նա այլ ճանապարհով կգնա: Օբամային քննադատում են Իրաքում ու Սիրիայում վարած քաղաքականության համար: Մերձավոր Արևելքում շատերն են համարում, որ նա հրաժարվեց միջազգային առաջատար լինելուց ճգնաժամի ժամանակ: Նրա պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ գործեր: Քլինթոնը, թերևս, ավելի ակտիվ կլինի այդ առումով: Սպասվում է, որ նա ձեռքը զարկերակին կպահի աշխարհի այդ մասում և ավելի սերտ կհամագործակցի տարածաշրջանային դաշնակիցների հետ ընդհանուր նպատակներին հասնելու համար:


Տարածաշրջանային մեկ դաշնակցի հետ, հաստատ, թե Քլինթոնը, թե Թրամփը հաղթանակի դեպքում երաշխավորված պրոբլեմներ են ունենալու: Թուրքիայի: Հիմա երկու երկրները առանցքային հարցերում այնքան են տարբերվում իրենց տեսակետներով, որ դա, հավանաբար, տեսանելի ապագայում այդպես էլ կշարունակվի: Թուրքական որոշ ԶԼՄ-ներ կցանկանային, որ հաղթեր Թրամփը՝ չնայած մուսուլմանների մասին արտահայտություններին: Հազիվ թե նրանք հաոզված են, որ Թրամփի քաղաքականությունը Թուրքիայի համար լավը կլինի: Նրանք աջակցում են Թրամփին, որովհետև կարծում են, որ նա վատն է լինելու ԱՄՆ-ի համար, երկիր, որ թուրքերը օրեցօր ավելի ու ավելի են ատում: Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես չի աջակցում ոչ մի թեկնածուի: Անկարայի ու Վաշինգտոնի կապերին բոլոր դեպքերում լուրջ տուրբուլենտություն է սպասում, ով էլ հաղթի ընտրություններում:
Hurriyet


Հ.Գ. ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց Դոնալդ Թրամփը: Կատարվեց նրանց ցանկությունը, թեպետ հազիվ թե նրանք կարող են «ավելի մեծ հույսեր» ունենալ դաշնակցի հաստատակամ ու ակտիվ գործողությունների վերաբերյալ տարածաշրջանային խնդիրներում: Իսկ գուցե ոչ: Ոչ այն պատճառով, որ թուրքերն ամեն օր ավելի ու ավելի են ատում ԱՄՆ-ին, պարզապես Թուրքիան թափ է տալիս արևմտյան դիմափոշին և իրական դեմքն է պարզում աշխարհին, իսկ Արևմուտքը հանուն թուրքերի հետ համագործակցության չի հրաժարվում իր հիմնարար արժեքներից: Ընդհանուրը մնում է ՆԱՏՕ-ն: Հետաքրքիր է՝ ե՞րբ Էրդողանը կշնորհավորի Թրամփին ու ի՞նչ կասի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ