Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վարդան Օսկանյանը առաջարկեց իր կուսակցությունը ԲՀԿ-ին

Վարդան Օսկանյանը առաջարկեց իր կուսակցությունը ԲՀԿ-ին
10.11.2016 | 19:04

Այսօր ասուլիս է տվել Վարդան Օսկանյանը՝ խախտելով երկար լռությունը: Նոր ոչինչ նա չի ասել, կամ համարյա չի ասել: Արդեն ականջ են սղոցում կուսակցապետերի համախմբման կոչերը, նույնիսկ եթե այդ կոչն անում է «Համախմբման» նախագահը: Ինչպես մյուսները, նա ևս քաղաքական բոլոր հիմնական ուժերին ուզում է տեսնել առավելագույնս համախմբված՝ այլընտրանքային քաղաքական բևեռ ձևավորելու ընտրություններից առաջ, քանի որ Հայաստանը գտնվում է պատմական խաչմերուկում: Հայաստանը պատմական խաչմերուկում է եղել միշտ, ընդունեք, որ դա չգործող փաստարկ է:


Վարդան Օսկանյանը, բնականաբար, ասել է, որ «Համախմբումն» անելու է իրենից կախված ամեն ինչ, որ քաղաքական, քաղաքացիական շրջանակների ներգրավմամբ առավելագույնս համախմբված հանդես գան: «Այդպիսին է այսօր հանրության պահանջը, և այդպիսի պատկերացում ունենք մենք, որ այս համանուն կուսակցությամբ ենք հանդես գալիս»: Թերևս նորություն չէ, որ եթե «Համախմբումը» ընտրություններին մասնակցի միայնակ, ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահը, նորություն է, որ դաշինքի դեպքում Վարդան Օսկանյանը պատրաստ է մի կողմ դնել անձնական հավակնությունները և շարժվել ըստ նպատակահարմարության։


Ճիշտ ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Վարդան Օսկանյանն էլ համոզված է, որ Հայաստանում իրական բեկում, իրական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ են առաջին հերթին բաց և անկեղծ երկխոսություն ժողովրդի հետ, առանց թշնամանքի քաղաքական հարաբերություններ, պրոգրեսիվ մտածողության և հայացքների կրող ուժերի և անհատների լայն համագործակցություն: Եվ ճիշտ ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանը, նա էլ հենվում է հայտարարությունների վրա:


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ Վարդան Օսկանյանն արձանագրել է. «Իսկապես շատ լուրջ բանակցություններ են սպասվում և մտահոգիչ խնդիրներ կան», և տվել է բանաձև՝ «Մեր հիմնական խնդիրը պետք է լինի, որ արդեն բանակցային փաստաթղթում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից անցնենք շատ ավելի գործնականի՝ արդեն 25 տարի այդ իրավունքի կիրառված լինելու փաստի քննարկմանը: Սա հնարավոր է անել ճիշտ դիվանագիտության կիրառման դեպքում: Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը կամ միջնորդները փորձեն շեղել քննարկումը և տանել դեպի տարածքների վերադարձ: Սա շատ վտանգավոր ճանապարհ է լինելու: Մեր խնդիրն է լինելու շեշտադրումները ճիշտ դնել, դրա համար պետք է նախաձեռնությունը մերը լինի»: Փաստորեն ստացվում է, որ իր նախարարության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը թույլ չէր տալիս «ճիշտ դիվանագիտություն կիրառել»: Ավելին՝ նախկին ԱԳ նախարարը շեշտել է. «Մի բան պետք է հստակ հասկանանք, որ այդ շեշտադրումների պարտադրումը և լուծման բանալին գտնվում են միայն Երևանում և Ստեփանակերտում: Մենք ինքներս պետք է որոշենք մեր հայրենիքի սահմանները»: Ինչպես սա բացատրել, համարյա գաղտնիք է: ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահներին, Բաքվին՝ բոլորին մի կողմ դնենք, ու Ստեփանակերտի հետ որոշե՞նք: Դա փաստացի նշանակում է, որ երկու մայրաքաղաքները պիտի ընդունեն Արցախը Հայաստանին միացնելու որոշո՞ւմ:


Վարդան Օսկանյանը ևս, ինչպես ՀԱԿ-ը, կարծում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունները բացառիկ հնարավորություն են օրինական ճանապարհով հասնել քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակի փոփոխության, որի բաղադրիչներից է նոր որակի իշխանության ձևավորումը: «Երկրում այսօր իրական և խորքային փոփոխությունների հրամայականը միանշանակ է: Երկիրն այսօր լուրջ խնդիրների ու մարտահրավերների առաջ է կանգնած, բայց այդ մարտահրավերներից պետք չէ վախենալ, պետք չէ դրանք անտեսել, այլ՝ համարձակորեն խոսել դրանց մասին և փորձել գտնել լուծումներ»՝ ասել է Վարդան Օսկանյանը:

Եվ այդ մարտահրավերների լուծումները հնարավոր են ոչ միայն Հայաստանի ջանքերով, այլև՝ ողջ հայության: Ժողովուրդը պետք է հասկանա՝ իր որոշումից է կախված Հայաստանում խաղաղության և պատերազմի հնարավորությունը, տնտեսական զարգացման հեռանկարը: Հարց՝ իսկ ժողովուրդը ե՞րբ չի հասկացել: Եթե ժողովուրդը չի հասկացել, միայն այն, թե ինչպես դա անի: «Մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքական ուժերը և նրանց առաջնորդները թաքնվեն ընդհանուր ձևակերպումների և անհատական անպատասխանատվության շղարշի տակ»՝ ասել է Վարդան Օսկանյանը, թերևս, նկատի ունենալով իշխանական ուժերին: Նրա խոսքով՝ երկրում տնտեսական-քաղաքական բարեփոխումներ անելու համար նոր վարչապետը փորձում է ինչ-որ բաներ անել: «Բայց ես կարծում եմ, որ դրանք դեռ քիչ են: Ես լուրջ հակասություն եմ տեսնում առաջարկվող քայլերի և վերջերս ընդունված Հարկային օրենսգրքերի միջև: Տնտեսությունն այն ոլորտն է, որտեղ կիսատ և ընտրովի քայլերն արդյունքներ չեն կարող տալ»՝ ասել է Վարդան Օսկանյանը՝ երկրորդելով Կարեն Կարապետյանին, որ Տիգրանակերտի ասուլիսում ասում էր, որ ինքն էլ գոհ չէ Հարկային օրենսգրքից ու խնդիրներ է տեսնում:


Փաստացի՝ Վարդան Օսկանյանը չի ասել նոր ոչինչ: Գուցե լինելով փորձառու դիվանագետ՝ նա սկսում է «ինչ»-ից, որ հետո ներկայացնի «ինչպես»-ը, բայց այդ «ինչը» այնքան տարի են ասում, որ արդեն ակամա ուզում ես հարցնել՝ որ ի՞նչ:


Վարդան Օսկանյանը պիտի նախ քաղաքական ուժերին դասակարգեր, հետո ասեր՝ ում հետ կարող է «Համախմբումը» դաշինք կազմել, այլապես նրա հնարավոր «դաշնակիցները» շատ լայն սպեկտր ունեն՝ սկսած ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից մինչև ՀԱԿ ու այլք: Իսկ դա ավելի շուտ վկայում է, որ համախմբում պետք չէ ու հնարավոր էլ չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը չի բացառել, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ԲՀԿ-ի հետ դաշինքով: «Ովքեր կխուսափեն դաշինքներից, իրենց երեսը ցույց կտան, թե ինչ նպատակների են ծառայում»՝ ասուլիսում ասել է նա: Հարցին, թե ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձի կարիքը կա՞, Վարդան Օսկանյանը պատասխանել է. «Կփորձեմ խուսափել այդ հարցից, բայց ասեմ, որ նրա հետ բավարար ճանապարհ ենք անցել, և ես չեմ փոշմանել»։ Պատասխանն այնքան էլ դիվանագիտաան չէ, որովհետև չի բացառում, որ փոշմանողը Գագիկ Ծառուկյանն է եղել: Իսկ եթե ասուլիսը հրավիրված էր Գագիկ Ծառուկյանին ասելու համար, որ «Համախմբումը» ուզում է իր հաշվին խորհրդարան մտնել, այլ խոսակցություն է, բայց Վարդան Օսկանյանը այդ պարագայում պիտի մեկ այլ հարցի էլ պատասխանի՝ պատրա՞ստ է իր կուսակցությունը լուծարել ու վերամիավորվել ԲՀԿ-ին: Ի վերջո, այդպես նվազ ծախսատար է: Եթե, իհարկե, Գագիկ Ծառուկյանը վերադառնա ու գլխավորի ԲՀԿ համամասնական ցուցակը, որտեղ երկրորդ տասնյակում միայն «Համախմբումը» կարող է իրեն տեսնել:

Դիտվել է՝ 1928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ