Ազգայնական եվրասկեպտիկները, որ հակադրում են իրենց իստեբլիշմենտին, հիացած են Թրամփի հաղթանակից՝ գրում է Քեթի Ֆորստերը The Independent-ում: Եվրոպական շատ երկրներում աուտսայդեր կուսակցությունների պոպուլիստական, հաճախ վիճելի ընտրարշավները դառնում են հանրաճանաչ: Եվրոպայի արմատական աջերն ու կենտրոնամետները պատրաստվում են հաղթանակների առաջիկա ընտրություններում:
1. Նորբերտ Հոֆեր, «Ազատություն» կուսակցության նախագահ (Ավստրիա). Նա հայրենակիցներին խորհուրդ էր տալիս իբրև տրամաբանական արձագանք փախստականների ճգնաժամի՝ հրազեն գնել: Դեկտեմբերի 4-ին կրկնակի նախագահական ընտրություններում Նորբերտ Հոֆերը մրցելու է Ալեքսանդր վան դեր Բելենի հետ՝ Կանաչների կուսակցության նախկին անդամի: Հուլիսին Բելենը Հոֆերին հաղթեց՝ առաջ անցնելով 0,5 %-ով: «Ազատությունը» վիճարկեց ընտրությունների արդյունքները և Գերագույն դատարանը նշանակեց նոր ընտրություններ:
2. Մարին լե Պեն, Ազգային ճակատի նախագահ. BBC-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ մայիսին կայանալիք ընտրություններում դառնալու է Ֆրանսիայի նախագահ ու դա կլինի «գլոբալ հեղափոխության» երրորդ փուլը (առաջինը Բրեկզիտն էր, երկրորդը Թրամփի ընտրությունը): Մարին լե Պենը խոստանում է, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ից դուրս կգա:
3. Գերտ Վիլդերսը (Նիդերլանդներ) փառաբանեց Թրամփի հաղթանակը՝ անվանելով «հայրենասիրական գարնան» սկիզբ: Նրա ազգայնական «Ազատություն» կուսակցությունը գլխավորում է սոցհարցումները 2017-ի մարտի խորհրդարանական ընտրություններից առաջ: Վիլդերսը համեմատել էր Ղուրանը Հիտլերի «Իմ պայքարի»-ի հետ և նրա արգելքի քարոզարշավ էր կազմակերպել: Հիմա նրան դատում են մարոկկոյական ծագումով հոլանդացիների նկատմամբ ատելություն հրահրելու համար:
4. Ֆրաուկե Պետրի, «Գերմանիայի այլընտրանք» կուսակցության նախագահ- Այս պոպուլիստական, ԵՄ-ի դեմ հանդես եկող կուսակցությունը ստեղծվել է 2013-ին և գուցե անցյալ դարի 30-ական թթ.-ից հետո Գերմանիայի ամենաաջ կուսակցությունն է: Պետրին բազմամշակութայնությունը համեմատել է «ընդհանուր փոսի» հետ և հայտարարել, որ սահմանապահները «անհրաժեշտության դեպքում պետք է հրազեն կիրառեն», երբ փախստականների հետ գործ ունեն: «Գերմանիայի այլընտրանքը» ամրապնդել է դիրքերը տարածաշրջանային ընտրություններում և 2017-ի սեպտեմբերի խորհրդարանական ընտրություններում հաղթելու շանսեր ունի:
5. Յիմի Օքեսոն, «Շվեդական դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նրա կուսակցությունը 2014-ին խորհրդարանական ընտրություններում երրորդ տեղը ստացավ՝ 29 մանդատով: Օքեսոնը ուզում է միջազգային արշավ սկսել, որը կարգելեր փախստականներին Շվեդիա գալ, նա չի ուզում, որ իր երկիրը ԵՄ լիարժեք անդամ դառնա:
6. Միլիարդատեր Անդրեյ Բաբիչ, Չեխիայի ֆինանսների նախարար: 2011-ին նա ստեղծեց հակակոռուպցիոն բողոքի ANO շարժում, որը 2012-ին դարձավ կուսակցություն: Սեպտեմբերին Բաբիչը ստիպված էր ներողություն խնդրել, որ հերքել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնչուների համակենտրոնացման ճամբարների գոյությունը: Սոցհարցումները վկայում են, որ 2017-ի հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններում նրա ANO-ն կհաղթի:
7. Բեպե Գրիլո, հեռուստակոմիկ, որ 2009-ին Իտալիայում հիմնեց պոպուլիստական «Հինգ աստղի» շարժումը, որի անդամները եվրասկեպտիկներ են և շրջակա միջավայրի պաշտպաններ, նրանք հայտարարում են, որ ավանդական աջերի ու ձախերի սահմաններում իրենք չեն տեղավորվում: Գրիլոն Թրամփին անվանել է եգիպտացորենի կողր և քննադատել նրա քաղաքականությունը, բայց հայտարարել է, որ Թրամփի հաղթանակը ցույց է տալիս այլընտրանքային մեդիայի հզորությունը: 2018-ին Իտալիայի խորհրդարանական ընտրություններում սուր պայքար է սպասվում եվրոպամետ կուսակցությունների և եվրասկեպտիկների միջև:
Քեթի ՖՈՐՍԹԵՐ, Independent
Հ.Գ. Ինչո՞ւ են տագնապի կոչնակներ հնչեցնում լրագրողները: Իրո՞ք կարող է Եվրոպայով անցնել ընտրական ցունամին ու տանել իշխանական էլիտաներին իր հետ: Նկատեցի՞ք, որ ընդդիմադիր կուսակցություններն իրենց անվանում են «Ազատություն», ումի՞ց են նրանց անդամներն ուզում ազատվել և ի՞նչ են առաջարկում փոխարենը: Առայժմ զուտ պոպուլիստական հայտարարություններ, գուցե գաղափարները հետո՞ են գալու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ