Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մոսկվան ու Անկարան մանևրում են սիրիական հարցում

Մոսկվան ու Անկարան մանևրում են սիրիական հարցում
07.12.2016 | 12:33

Դեռ մեկ տարի առաջ Ռուսաստանն ու Թուրքիան գործնականում պատերազմի շեմին էին, այս շաբաթ Մոսկվա է մեկնել Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը՝ գրում է Der Spiegel-ը: Քրիստինա Հեբելը և Քրիստոֆ Սիդովը կարծում են, որ Թուրքիայի սիրիական քաղաքականությունը փակուղի է մտել: Նախագահ Էրդողանը փորձում է բարձրագոչ հայտարարությունների տակ այդ փաստը թաքցնել, օրինակ, անցած շաբաթ նա հայտարարեց, որ թուրքական բանակը Սիրիա է ներխուժել, որ տապալի բռնակալ Ասադին: Սակայն ռուսական ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկից ու Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներից հետո անսպասելի փոխեց տոնը՝ թուրքական հարձակումը ուղղված է բացառապես ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ հայտարարեցին Անկարայում: Այդ դրվագը ևս մեկ ապացույց է սիրիական պատերազմում ուժերի փոփոխության՝ ռուսական օդատիեզերական ուժերը ռազմական գործողությունները սկսելուց մեկ տարի անց կարողացան տարածաշրջանում Թուրքիայից վերցնել նախաձեռնությունը: Հիմա Ասադը ռուսների օգնությամբ վերադարձնում է Հալեպը:


Երկուշաբթի Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը մեկնեց Մոսկվա: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ նախագահ Պուտինի ու վարչապետ Մեդվեդևի հետ հանդիպումներում խոսվելու է տնտեսական խնդիրների մասին: Ձախողված պետական հեղաշրջումից հետո Անկարան տնտեսական խթանների կարիք ունի: Թուրքերին հետաքրքրում է ռուսական ռազմարդյունաբերությունը: Մոսկվան ուզում է գազ արտահանել, Էրդողանը վերջերս ստորագրեց գազատարի համաձայնագիրը: Ռուսները ծրագրում են Թուրքիայում ԱԷԿ կառուցել: Վերջին ամիսներին Մոսկվայի ու Անկարայի երրորդ բարձրամակարդակ հանդիպումն է արդեն: Անկարայի ու Մոսկվայի փոխհարաբերությունների մոդելը հարկադիր միություն է՝ հիմնված տնտեսական ու աշխարհաքաղաքական հարցերում պրագմատիզմի, Արևմուտքից հեռանալու ու հիասթափվելու վրա: Այնուհանդերձ, փորձագետները զգուշացնում են ռուս-թուրքական հարաբերությունների էյֆորիայից: Չնայած մերձեցմանը, Մոսկվան մինչև վերջ չի հանել առևտրական սահմանափակումները, օրինակ, գյուղմթերքներից: Էրդողանը նույնպես մանևրում է՝ նա դրական ազդանշաններ է ուղարկում մեկ Սաուդյան Արաբիային, որ ուզում է Ասադի տապալումը, մեկ Ռուսաստանին, որ աջակցում է Ասադին: Սակայն իր մանևրների մեջ Էրդողանը չի կարող շատ խորանալ, ռուսները նրան շատ են պետք:

Ամենայն հավանականությամբ՝ Մոսկվան ու Անկարան սիրիական հարցում յուրատեսակ համաձայնության են եկել՝ Ռուսաստանը Թուրքիային քարտ բլանշ է տալիս Սիրիայի հետ սահմանակից շրջաններում, Անկարան հանդուրժում է ռուսական գերիշխանությունը Հալեպի երկնքում և ընդունում է Ասադին՝ իբրև անցումային կառավարության մաս: Էրդողանը պետք է հաջողություններ ունենա: Պուտինը թուրքերին սահմանակից շրջաններում ազատ գործելու հնարավորություն կտա, քանի առաջընթաց ունեն: Մոսկվան, ինչպես Անկարան, ոչ մի դեպքում մտադիր չէ թույլ տալ քրդական ինքնավարության կազմավորումը, որը Սիրիայի մասնատմանը կհանգեցնի: Գուցե Էրդողանը կպնդի տարածաշրջանում զորքերի երկարատև տեղակայման վրա, որի համար ևս Պուտինի համաձայնությունն է պետք:
Քրիստինա ՀԵԲԵԼ, Քրիստոֆ ՍԻԴՈՎ, Der Spiegel


Հ.Գ. Փաստացի՝ ԱՄՆ-ը արդեն հեռացե՞լ է Մերձավոր Արևելքից, ԻՊ-ը կենտրոնանում է Իրաքում կամ սփռվում աշխարհում, մնում է, որ Անկարան ու Մոսկվան հարցերը լուծեն արաբների հետ, որից հետո կամ Ասադը կհեռանա, կամ՝ մի քանի տարի էլ կմնա՝ վերականգնելու Սիրիան: Սրընթաց սցենար է, չէ՞, բայց հազիվ թե իրականանա՝ տարածաշրջանից ԱՄՆ-ը չի հեռանա նույնիսկ շիկահեր նախագահի օրոք, կա Իրանը, որ իր շահերն ունի Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի հետ և երկար չի հանդուրժի ռուս-թուրքական տանդեմը, եթե բախվի իր շահերին: Ի վերջո, Սիրիայում ոչ թե սիրիական, այլ աշխարհաքաղաքական հարցեր են լուծվում և այդ լուծումները դեռ շատ հեռու են: Հալեպի կամ Մոսուլի ազատագրումը չի դառնա պատերազմի ավարտ Սիրիայում կամ Իրաքում: Ցավոք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ