Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ապրելով 6-ի մեջ՝ սուրբ պահիր 7-ը՝ Աստծուն

Ապրելով 6-ի մեջ՝  սուրբ պահիր 7-ը՝ Աստծուն
20.12.2016 | 08:19

«Այստեղ է ահա իմաստությունը: Ով միտք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու թիվ է, և նրա թիվն է վեց հարյուր վաթսունվեց» (Հայտ. 13.18)։
Ինչո՞ւ է այս թիվը համարվում սատանայի թիվ:
«Աստված 6 օրում արարեց լույսը, երկինքն ու երկիրը, աստղերը, բուսական և կենդանական աշխարհը և վերջում՝ 6-րդ օրը՝ մարդուն» (Ծննդ. 2.2-3):
7-րդ օրը, Աստված համարեց սուրբ օր, որում հանգստացավ: Այս բոլոր 6 օրվա ստեղծվածները՝ սկզբից մինչև վերջ, պատկանում էին 7-րդ օրվան և սրբվում էին 7-րդ օրով: Աստված ասաց. «6 օր գործիր և 7-րդ օրը սուրբ պահիր» (Ելք 20.9), այսինքն՝ ապրելով 6-ի մեջ՝ սուրբ պահիր 7-ը՝ Աստծուն:
Այն 6 օրերը ուղղված են դեպի 7-ը՝ Աստված, և կենդանի էին կամ ապրում էին 7-ով և 7-ի համար: Բոլոր օրերը պատկանում են Աստծուն. ապրելով 6-ի մեջ պետք է ծառայել 7-ին կամ ապրելով աշխարհում՝ պետք է ծառայել Աստծուն:


Եդեմում խաբելով մարդուն՝ սատանան իշխանություն ձգեց այն ամենի վրա, ինչ Աստված ստեղծեց 6 օրում: Կտրվեց ներդաշնակ կապը աշխարհի և Աստծո միջև, մարդու և Աստծո միջև: Մարդը Աստծո ճշմարիտ իշխանությունից դուրս եկավ մտավ սատանայի սուտ իշխանության կամ ծառայության լծի տակ:
Սատանան իշխանություն չունի և չի կարող ունենալ 7-րդ օրվա կամ Աստծո վրա: Ամեն բան Աստծո իշխանության ներքո է և Աստված ամենից վեր է (Բ Մնաց. 29.11):
Ի սկզբանե Աստված աշխարհը ստեղծեց մարդու համար և մարդուն՝ Իր համար: Այս ներդաշնակությամբ պետք է ապրեր մարդը, ինչը խախտվեց Եդեմի պարտեզում: Ադամի և Եվայի անհնազանդությամբ սատանան դարձավ 6-օրյա արարչության «իշխանը» (Հովհ. 12.31):
Մարդը այն ամենը, ինչ իրեն էր պատկանում, և ինչ պետք է օգտագործեր բարի նպատակի համար, և որը պետք է ծառայեր Աստծուն հանձնեց չարին:
Չարը սկսեց իր մարդատյացության ու մարդասպանության ծրագիրը: Սատանան 6 օրվա ստեղծածը զենք դարձրեց մարդու դեմ: Նրա ամենամեծ նպատակն էր՝ մարդու հայացքը, միտքը, սիրտը ուղղել դեպի տեսանելի աշխարհը, որպեսզի հանկարծ մարդը չտեսնի աներևույթ Աստծուն: Աշխարհին հայելը ծնում է անհավատություն Աստծո հանդեպ:
Սատանան այլասերեց ու արատավորեց աշխարհը և մարդուն:


Այսպիսով չարը իր 6 օրվա իշխանությամբ պղծում է մարդուն:
1. Մարմինը- թողնելով 6-ի մեջ
2. Հոգին- թողնելով 6-ի մեջ
3. Կյանքը- թողնելով 6-ի մեջ:
Մարմնի, հոգու և կյանքի այս երեք փորձությունն է, որ անցավ Հիսուս Քրիստոս անապատում, երբ փորձվում էր սատանայից (Ղուկ. 4. 1-13. Մատթ. 4.1-11, Մարկ. 1.12-13):
Հիսուսի փորձությունները օրինակ են մարդու համար, որովհետև յուրաքանչյուր մարդ անցնում է այդ երեք փորձությունները:
1-ին փորձություն (Ղուկ. 4. 3-4)։
Այստեղ փորձվում էր Հիսուսի մարմինը: Հիսուս քառասուն օր ծոմ պահելուց հետո քաղց զգաց: Քաղցն այդ պահին մեծ իշխանություն էր սատանայի ձեռքում՝ ճնշելու Հիսուսին: Նա Հիսուսին ուղղեց դեպի Իր կարիքը՝ մարմնավոր հացը, և ասաց. «Եթե Աստծո Որդին ես, ասա՛ այդ քարերին, որ հաց դառնան»:
Այստեղ նշվում է քարը՝ որպես մի բան, որը պետք է Հիսուս փոխեր կամ փոխարիներ մարմնավոր հացով: Քարը Աստվածաշնչում բազմիցս է օգտագործվում: Մովսեսը տասը պատվիրանները գրեց քարե տախտակների վրա, Դավիթը քարով սպանեց Գողիաթին, տաճարը կառուցվում է քարերով, Հիսուս ասաց, որ Ինքն է Անկյունաքարը, նաև ասաց, որ Ինքն է Ժայռը, և Սիմոնին քար կամ ժայռ անվանեց, որի վրա կառուցեց Իր Եկեղեցին, Երուսաղեմում Հիսուս փարիսեցիներին հանդիմանեց և ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, այդ քարերը կաղաղակեն» (Ղուկ. 19.40):
Քարը հոգևոր իմաստով նշանակում է Աստծո Խոսք, Աստծո Պատվիրան:
Սատանան այս փորձության մեջ ցանկացավ օգտվել Հիսուսի կարիքից և Աստծո Խոսքը փոխել մարմնավոր հացով կամ փոխարինել մեկը մյուսով: Մարմնավոր հացն այստեղ խորհրդանշական իմաստ ունի: Այն վերաբերում է բոլոր մարմնավոր կարիքներին: Մարմնի չվերահսկվող և չափազանցվող կարիքը մարդու ամենամեծ թշնամին է. ունեցվածք, հարստություն, ագահություն, անբարոյականություն, այլասերություն և այլն: Աստված է մարմնի Տերը և Ինքը գիտի, որ մարմինն ունի կարիքներ և չի անտեսում դրանք: Սակայն մարմնի պետքերն անառողջ են առանց Աստծո ներկայության: Սատանան աղավաղված է ներկայացնում մարդուն՝ իր մարմնի կարիքները:


Հիսուս այս փորձության մեջ այսպես պատասխանեց. «Գրված է, թե մարդ ոչ միայն հացով կապրի, այլև Աստծո ամեն Խոսքով» (Ղուկ. 4.4):
Միայն Աստծո Հոգով ապրելով հնարավոր է մաքուր պահել մարմինը և մաքրվել ու սրբվել մարմնի սխալ և ավելորդ պահանջներից:
-Ձեր մարմինը Աստծո տաճար է,- ասում է Աստծո խոսքը (Ա Կորնթ. 3.16):
Հիսուս այս փորձության մեջ չընդունեց 6-ի իշխանությունը, այլ դավանեց 7-րդ օրվա իշխանությունը՝ Աստծուն: Այսինքն՝ Հիսուս 7-ին հնազանդեցրեց 6-ը:
2-րդ փորձություն (Ղուկ. 4. 5-8)
Այս փորձությունը Հիսուսի Հոգու փորձությունն էր: Սատանան հանեց Հիսուսին իր իշխանության սարը:
Մենք գիտենք Աստվածաշնչում Սիոն սարը, որը համարվում է Աստծո իշխանության լեռը, Աստծո լեռ, որտեղ Աստված իջավ Իր Փառքով:
Սատանան Հիսուսին չհանեց Աստծո, այլ հանեց իր իշխանության սարը, որտեղից ոչ թե երևում էր Աստծո փառքը, այլ աշխարհի փառքը:
Նա մեկ վայրկյանում Հիսուսին ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները և ասաց. «Այս բոլոր իշխանությունը և սրանց փառքը Քեզ կտամ, քանի որ ինձ է տրված, և ում որ կամենում եմ, տալիս եմ այն, և եթե Դու ընկած երկրպագես ինձ, ամենն այս Քոնը կլինի» (Ղուկ. 4.6):
Սատանան աշխարհի կամ 6-ի իշխանությունն ու փառքը առաջարկեց Հիսուսին 7-ի փոխարեն: Նա առաջարկեց Աստծո փոխարեն երկրպագել իրեն:
Ահա այսպես սատանան գնում է մարդու հոգին՝ առաջարկելով նրան փառք և իշխանություն, մի բան, որ ի սկզբանե մարդունը չէ, ոչ էլ սատանայինը, և ոչ էլ որևէ հրեշտակինը, այլ միայն Աստծունը:


Ցանկացած բան տրվում է նրան, ով արժանի է դրան: Փառքի արժանի է միայն Աստված, որովհետև Սուրբ է, Կատարյալ է և Արարիչ է:
Սատանան առաջարկում է փառքի և հարստության փորձությունը, որի պատճառով ինքն ընկել է ամենաբարձր տեղից ամենացածր տեղը: Փառքի և հպարտության ցանկությունը, ծնվելով մարդու հոգում, արատավորում է այն: Փառքի և իշխանության ձգտումը պատերազմում է Աստծո միակ Մեծափառության հետ, այն չի կարողանում հաջողել և ընդունել բարձրին:
Սատանան մարդուն առաջարկում է 6 օրվա արարվածը ու իր փառքը՝ Աստծո փառքի փոխարեն:
Հիսուս այս փորձության մեջ նույնպես կատարյալ է գտնվում. «Հետևս գնա, չա՛ր սատանա, որովհետև գրված է, թե քո Տեր Աստծուն պետք է երկրպագես և միայն Նրան պիտի պաշտես» (Ղուկ. 4.8):
Հիսուս այս փորձության մեջ ընտրեց Աստծո երկրպագությունը և մերժեց 6-ի երկրպագությունը:
Այն մարդը, որ կարողանում է անցնել նախորդ երկու փորձությունները, նա արդեն համարվում է սրբված, հոգևոր մարդ: Այս հոգևոր մարդուն գալիս է փորձելու սատանայի երրորդ փորձությունը (Ղուկ. 4.9-13):
Սատանան այս փորձության մեջ Հիսուսին այլևս չտարավ իր իշխանության տարածք, այլ տարավ Աստծո իշխանության տարածք: Տարավ Երուսաղեմ քաղաք, տարավ տաճար և բարձրացրեց տաճարի աշտարակի վրա: Նախորդ երկու փորձությունն անցած մարդը գտնվում է Աստծո տարածքում կամ Աստծո ներկայության մեջ:
1. Գտնվում է Սուրբ քաղաքում՝ Երուսաղեմում: Այս համեմատական է մարմնի փորձությանը «Սուրբ մարմին-Սուրբ քաղաք»:
2. Գտնվում է տաճարում: Սա համեմատական է հոգու փորձությանը «Աստծո Տաճար կամ Աստծո Հոգի»: «Ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու,- ասում է Աստծո Խոսքը» (Ա Կորնթ. 6.19): Այսինքն՝ Երուսաղեմ քաղաքը, որտեղ գտնվում է տաճարը, կամ Սուրբ Մարմինը, որտեղ ապրում է Սուրբ Հոգին:
3. Գտնվում է տաճարի աշտարակի վրա: Աշտարակը համեմատվում է հավիտենական կյանքի սանդուղքի հետ, Աստծո լեռան հետ՝ որ է Հիսուս Քրիստոս: Հին ՈՒխտում մենք գիտենք ևս մեկ աշտարակի՝ Բաբելոնի աշտարակի մասին (Ծննդ. 11-1-9): Այս աշտարակը համարվում է հպարտության աշտարակ, այն սատանայի աշտարակն է, ճանապարհ դեպի մահ: Երրորդ փորձության աշտարակը Աստծո աշտարակն է: Քրիստոնյան երրորդ փորձության մեջ գտնվում է աշտարակի կամ կյանքի սանդուղքի կամ Աստծո լեռան վրա: Հիսուս գտնվում էր աշտարակի վրա, այսինքն՝ լեռան գագաթին՝ ամենաբարձր տեղում:
Սատանան Հիսուսին ասաց. «Եթե Աստծո Որդին ես, այստեղից Քեզ ցած նետիր, որովհետև գրված է, թե Իր հրեշտակներին պատվիրված է Քո մասին, որ Քեզ պահեն և իրենց ձեռքերի վրա կբռնեն Քեզ, որ Քո ոտքը երբեք քարին չխփես» (Ղուկ. 4.9-10):
Այս փորձությունը նման է նույն Եդեմի փորձությանը, երբ սատանան խաբեց Եվային. «Բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտե, թե այն օրը, երբ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն և Աստծո պես կլինեք՝ բարին և չարը իմացող» (Ծննդ. 3. 4-5):
Այստեղ էլ ասում է՝ եթե Աստծո Որդին ես, չես մեռնի: Այս նույն փորձությունն էր Գեթսեմանիում, երբ Հիսուս աղոթում էր և ասում. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը Ինձնից հեռացրու, բայց ոչ թե Իմ կամքը, այլ Քոնը թող լինի» (Ղուկ. 22.42):
Երբ Հիսուս Իր աշակերտներին նախօրոք հայտնեց, որ ինքը պետք է շատ չարչարվի, անարգվի, սպանվի և երրորդ օրը Հարություն առնի, Պետրոսը Նրան մի կողմ տանելով ասաց. «Քավ լիցի, Քեզ, Տե՛ր, այդ Քեզ չի պատահի»: Եվ Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Հետե՛ւս գնա, սատանա, դու գայթակղություն ես Ինձ համար, որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ մարդկանցը» (Մատթ. 16.21-23):


Պետրոսի բերանով այդ պահին խոսեց սատանան՝ գայթակղելու Հիսուսին՝ հրաժարվելու Իր Հոր կամքը կատարելուց և ներքև նետվելու աշտարակից:
Հիսուսին առջևում սպասում էին ամենամեծ փորձությունները՝ անարգանք, ցավ, վիշտ, չարչարանքներ և խաչի մահ: Սատանան Գեթսեմանիում փորձում էր Հիսուսին հետ պահել Աստծո կամքը կատարելուց՝ օգտվելով Նրա տկարությունից:
Այս երրորդ փորձության մեջ չարն ասում է՝ եթե Աստծո Որդի ես, ցած նետիր Քեզ, միևնույն է, Դու չես մեռնի: Հիսուս այսպես պատասխանեց. «Ասված է՝ մի փորձիր քո Տեր Աստծուն»: Եվ սատանան այս խոսքերից հետո հեռացավ Հիսուսից: Եդեմում Ադամը փորձեց Աստծուն կամ Աստծո պատվիրանը՝ Խոսքը փորձության ենթարկեց:
Քրիստոնյան սատանայից փորձվում է մինչև մահ: Փորձություններում, հավատարիմ գտնվողը կյանքի պսակը կամ հավիտենական կյանքը կժառանգի:
Հիսուս մնաց մինչև վերջ աշտարակի վրա կամ Հոր Կամքի մեջ և հավիտենական կյանք ժառանգեց ու այն փոխանցեց Իրեն հավատացողներին և Իր հետևից գնացողներին: Հիսուս հաղթեց աշխարհին, «6-ին» և ամեն Նրան հավատացող Հիսուս Քրիստոսով հաղթում է աշխարհին կամ սատանային (Հռոմ 8.2)։


Աստծո աշտարակից նետվել նշանակում է պղծել.
1. Մարմինը՝ Սուրբ քաղաքը - 6
2. Հոգին՝ Տաճարը- 6
3. Կորցնել կյանքը՝ նետվել աշտարակից - 6, ստացվում է 666:
Աշտարակից նետվելը համեմատվում է նաև Սուրբ Հոգու հայհոյության հետ՝ գիտակցված դարձ դեպի աշխարհ, կամ ընտրություն 6-ի՝ սատանայի իշխանության:
Այդ աշտարակից նետվեց առաջին մարդը՝ Ադամը, որ գտնվում էր Աստծո ներկայության մեջ, և Ադամի ձեռքով մահը թագավորեց աշխարհը (Հռոմ. 5.12, Ա Կորնթ. 15.22)։
Այդ աշտարակից չնետվեց Երկրորդ Ադամը՝ Հիսուս Քրիստոս, և ունեցավ հավիտենական կյանք, և այն փոխանցեց Իրեն սիրողներին ու հավատացողներին:
Այս երրորդ փորձությունը վերջնական կնիք է, որ կնքում է մարդու ընտրությունը:
Այս փորձությամբ քրիստոնյա մարդը վերջնական դուրս է գալիս 6-ի իշխանությունից և հաստատվում 7-ի մեջ:
Միայն 7-ին, 7-րդ օրվան կամ Աստծուն նայելով, սիրելով և հնազանդվելով հնարավոր է հաղթել 6-ի կամ սատանայի իշխանությանը և ունենալ հավիտենական կյանք: Աստված Իր Սուրբ Հոգին ուղարկեց զորացնելու մեզ: «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի Աշխարհին» (Հովհ. 16.33):

Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆ
Դարբասի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 3305

Մեկնաբանություններ