Սկսենք փաստից, որ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզջիգիտովի մեկնումից հետո համարյա մեկ տարի Աստանան Երևանում դեսպան չուներ (2015-ի հունիսի 24-ին Այիմդոս Բոզջիգիտովը հավատարմագիրն արդեն հանձնել էր Ղրղզստանի նախագահին, իսկ Թիմուր ՈՒրազաևը Հայաստան եկավ միայն 2016-ի մայիսի 6-ին): Դա արդեն վերաբերմունք է՝ մեկ տարի դեսպան չնշանակելը: Թիմուր ՈՒրազաևը գուցե իր դիվանագիտական հմտություններով բոլորովին չի զիջում բազմափորձ ու բարի հիշողություններ թողած Այիմդոս Բոզջիգիտովին, բայց իր աշխատանքային կես տարին Հայաստանում նա առանձնապես ոչնչով չի նշանավորել, իսկ առիթներ կային: Պարզապես Թիմուր ՈՒրազաևը բարդ ժամանակ նշանակվեց դեսպան մի երկրում, որ ռազմական ու տնտեսական դաշինքով կապված է իր երկրին, բայց գործնականում դաշնակցային հարաբերությունները թղթի վրա են: Իհարկե, Թիմուր ՈՒրազաևի, ինչպես ցանկացած դեսպանի, օրակարգում երկու երկրների քաղաքական, առևտրատնտեսական կապերի կայացումն ու ամրապնդումն է, այս դեպքում թերևս՝ կայացումը:
ԵԱՏՄ-ին չանդրադառնանք, թեպետ հենց ԵԱՏՄ-ում Աստանան իրեն առավել քան տարօրինակ էր պահում ի սկզբանե: Նախ՝ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ էր Հայաստանի անդամակցությանը՝ հիմնավորելով, որ ընդհանուր սահման չկա: Նա չէր թաքցնում ու հիմա էլ մեծ գաղտնիք չէ, որ Նուրսուլթան Նազարբաևը իր փայփայած կառույցը այլ կազմով էր տեսնում՝ պարտադիր անդամ ունենալով Ադրբեջանին ու ցանկալի անդամ Թուրքիային, բայց դա նրա մեծ երազն էր, որ մինչև այսօր չեն տեսնում ոչ Իլհամ Ալիևը, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Երբ մայիսին ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովում Նազարբաևը հրաժարվեց իր վարչապետին Երևան ուղարկել, Թիմուր ՈՒրազաևը դեռ դեսպան չէր, բայց երբ Նուրսուլթան Նազարբաևը «հիվանդացավ» ու Հայաստան չեկավ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, Ղազախստանի դեսպանը, բացի Աստանայի պաշտոնական բացատրությունից, որևէ մեկնաբանություն չտվեց: Չտվեց՝ չտվեց: Զարմանալի է, որ հիմա է նա հարկ համարել անդրադառնալ ՀԱՊԿ-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետությանը, հաշվի առնելով, որ Հայաստանի նախագահը բազմիցս դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու առնչությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշման վերաբերյալ, դեսպանն ասել է. «Նախ՝ ՀԱՊԿ Կանոնադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ անդամ պետությունները միմյանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում երրորդ՝ Կազմակերպության անդամ չհանդիսացող երկրի կողմից ագրեսիայի դեպքում: Տավուշի մարզում սահմանի մի մասը սահմանակից է այն շրջաններին, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո:
Հենց սկզբից մենք հստակ և բաց դիրքորոշում ենք ունեցել՝ և Ղազախստանը, և Ռուսաստանը, և ՀԱՊԿ մյուս երկրները. եթե խոսքը երրորդ երկրի կողմից արտաքին ագրեսիայի մասին է, որը չի վերաբերում տարածքային խնդիրների, մեկ հարց է, և այլ խնդիր է, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին»: Այսինքն՝ երբ Ադրբեջանը դիվերսիա է ձեռնարկում Տավուշի մարզում, դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի՞ն: Եթե տեքստում չկան թարգմանական անճշտություններ, դեսպանի ասածից չի հասկացվում՝ ի վերջո, նրա կարծիքով, Տավուշի մարզը հայկակա՞ն տարածք է, թե՞ ոչ: Սա՝ մեկ, և երկրորդ՝ ինչպե՞ս է վերաբերվում դեսպանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի չռոտացվող պաշտոնին՝ եթե Ա-ով սկսվող Հայաստանը չստանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը, Կ-ով սկսվող Ղազախստանին ռոտացիան երբևէ չի հասնի: Եթե, իհարկե, չորոշեն այբուբենը վերջից առաջ կարդալ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համենայն դեպս, Թիմուր ՈՒրազաևը կարծում է, որ Ղազախստանի դիրքորոշումն ազնիվ է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մենք դուրս ենք բերում այն խնդիրների շրջանակից, որոնք լուծվում են ՀԱՊԿ Կանոնադրությանը համապատասխան: Մենք արտահայտվում ենք միայն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ բացառելով ռազմական լուծումը»: Ամեն ինչ ճիշտ է, բայց այդ դեպքում ինչո՞ւ Ղազախստանի նախագահը երբևէ այդ ազնիվ դիրքորոշումը չի պաշտպանել ու չի արտոնել պաշտպանել իր դեսպանին: Բառերով բացառելով «ռազմական լուծումը», որտե՞ղ էր Աստանան ապրիլյան քառօրյայի ժամանակ: Շահերը հասկացանք, մուսուլմանական համերաշխությունն էլ մի կերպ ընկալեցինք, բայց այդ պարագաներում ո՞ւմ առաջ են ձևեր թափում, թե կան դաշինքներ ու դաշնակցային պարտավորություններ, անգամ՝ շահեր: Եվ մենք ինչո՞ւ ենք «ամենաքաղաքավարին» այդ դաշինքներում: