Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գուցե իսկապե՞ս վերջին շանս է

Գուցե իսկապե՞ս վերջին շանս է
31.01.2017 | 00:35

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումն ուղեկցվեց այնպիսի մոտիվների ներկայացմամբ, որ հանրային գիտակցության մեջ արմատավորվեց վերջին շանսի գիտակցությունը: Երկրում վիճակը շատ ծանր է: Խոսքը միայն տնտեսության գահավիժման կամ սոցիալական տնավեր բևեռացման մասին չէ: Խնդիրն ավելի լուրջ ու խորքային է, ճգնաժամն ավելի համապարփակ` պետականության հիմքերը շոշափող, ապագայի տեսլականը ստվերող: Այս համատեքստում պարզունակ կլինի ենթադրել, որ մեկ մարդը, որ վերջին ամիսներին դարձել է հրապարակային կյանքի հերոսը և այդ կարգավիճակը պահպանելու է խորհրդարանական առաջիկա ընտրություններում, կարող է հրաշքներ գործել, մանավանդ խոստովանել է` «կախարդական փայտիկ» չունի:

Մյուս կողմից` չպետք է անտեսել, թերագնահատել քաղաքական այն իրավիճակը, որում տեղի ունեցավ կառավարության փոփոխությունը: Սա կաբինետի շարքային փոփոխություն չէր, այլ մի իրադարձություն, որը տեղի ունեցավ հին ու նոր համակարգերի, կառավարման մոդելների, իշխանության վերարտադրության բազմաշերտ գործընթացի խաչմերուկում: Այս ամենից իսկապես վերջին շանսի հոտ է գալիս: Այլ խնդիր է, թե յուրաքանչյուրս ինչ է հասկանում «վերջին շանսի» հրապուրիչ, բայց նաև տագնապեցնող խորհրդի խորքերում: Սերժ Սարգսյանի համար դա գուցե իշխանության վերարտադրությունն է` ավելի մարդկային, աշխարհի համար ընկալելի դեմքով: Կարեն Կարապետյանի համար գուցե տնտեսական մենեջմենթի համալրումն է քաղաքական բովանդակությամբ ու հավակնությամբ: Ընդդիմության «վերջին շանսը» իր այսօրվա կարգավիճակը փոխելու հնարավորության ստեղծումն Է: Բայց կարևորը հասարակությունն է, որին, հավատացեք, ավելի շատ հուզում է ոչ թե ընտրության ինտրիգը, այլ որակը, ոչ թե իշխանության քաղաքական պատկանելությունը, այլ պոտենցիալը: Մեր ժողովուրդն անտանելի վատ է ապրում, կարելի է ասել` թշվառ, օրվա հացի կարոտ, բայց, ինչքան էլ տարօրինակ է, նա ամենաշատն է հավատում «վերջին շանսի» հրաշքին:

Գուցե այն պատճառով, որ տեսավ հնարավորություն` առանց «կախարդական փայտիկի» ազատվելու իշխանության օդիոզ, կոռումպացված ու կրիմինալ դեմքերից: Սա հաջողություն չէ, ոչ էլ հաղթանակ, բայց քաղաքական մեսիջ է, որ գտնվում ենք լաբիրինթոսը քանդող ճանապարհի մեկնարկին: Մնում է` ճանապարհին նոր «բեռներով» մեզ չծանրաբեռնենք` միշտ հիշելով շանսի վերջինը լինելու տագնապի մասին:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 3527

Մեկնաբանություններ