Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Քրդերը հայրենիք չունեն»

«Քրդերը հայրենիք չունեն»
26.09.2017 | 00:42

Երեկ Իրաքյան Քրդստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Այլ երկրների քրդական համայնքներում քվեարկությունն սկսվել է սեպտեմբերի 23-ից: Քվեաթերթիկում քրդերենով, արաբերենով, թուրքմեներենով և ասորերենով գրված է ընդամենը մեկ հարց՝ «Ցանկանու՞մ եք, որ Քրդստանի շրջանը և շրջանի կառավարումից դուրս գտնվող քրդական տարածքներն անկախ պետություն դառնան»: Եթե հանրաքվեն կայանա, ի՞նչ զարգացումներ են հնարավոր, աշխարհաքաղաքական ինչպիսի՞ շահեր են այս տարածաշրջանում բախվելու: Այս և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:


-Եթե քրդերն անկախանան, ի՞նչ կարող է փոխվել այս տարածաշրջանում:
-Եթե քրդերը հասնեն իրենց նպատակին, Միջին Արևելքում պատերազմն անխուսափելի է: Նախ` Թուրքիան կներխուժի այդ տարածաշրջան, նրան կօգնի Ռուսաստանը, Իրանը ևս Քրդական պետության հանդեպ բացասաբար է տրամադրված, որովհետև իր տարածքների խնդիրն է դրված: Կա անվիճելի ճշմարտություն` պետություն ստեղծելու համար հայրենիք պետք է ունենալ: Քրդերի համար անհայտ է, թե որն է իրենց հայրենիքը: Անկասկած, Արևմտյան Հայաստանը չէ: Եթե այդուհանդերձ, Քրդական պետությունը ստեղծվի, նշանակում է, որ նրա թիկունքում ԱՄՆ-ն է և առավելապես Իսրայելը: Հիմա հարց է` ԱՄՆ-ը և Իսրայելը վերոնշյալ պետությունների կամքին հակառա՞կ կգնան: Եթե իրենց պետք լինի, կգնան, իսկ քրդերի համար հաստատ չեն գնա: Ես հոռետես եմ` Քրդական պետություն չի լինելու: Հանրաքվե կանեն, բայց վերջին պահին հնարավոր է նահանջեն, այսինքն, իրենց վերջնագրերը տեղ կհասցնեն, իրենց փոքր փայաբաժինը կստանան: Կսպասեն, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան ինչ կառաջարկեն իրենց, իհարկե, վերջինս միայն ցեղասպանություն «կառաջարկի» ու կփորձի էլ: ՈՒ դրանով հարցը «կլմնցնեն»:
-Եթե, այդուհանդերձ, քրդերին հաջողվի սեփական պետություն ունենալ, Հայաստանն ի՞նչ վտանգների առջև կարող է հայտնվել:
-Հայաստանի տարածքների հարցը դրվելու է այլ ռակուրսով: Հայկական կողմը պետք է շատ լավ տիրապետի Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի բովանդակությանը, ոչ թե Սևրի դաշնագրին: Մեզանում դրանք նույնացնում են, այնինչ բոլորովին այլ փաստաթղթերի հետ գործ ունենք: Իրավարար վճիռը ծնվել է 1920-ի ապրիլին` Սան Ռեմոյի խորհրդաժողովում, որտեղ Անտանտի պետությունները խնդրեցին Վիլսոնին Իրավարար վճռով սահմաններ գծել, ինչն արվեց նոյեմբերին և հրապարակվեց արդեն 1921-ին: Այս հարցը պետք է լավ ուսումնասիրել, դրան զուգահեռ Հայաստանը պետք է միշտ պատրաստ պահի իր բանակը ցանկացած գործողությունների համար, որպեսզի կարողանանք զբաղեցնել այն տարածքները, որոնք ի վերուստ մեզ էին վերապահված:
-Փաստորեն, պատերազմի վտանգը մե՞ծ է, եթե քրդերը պետություն ստեղծելու ճանապարհից հետ չկանգնեն:
-Այո, թուրքերն արդեն իրենց բանակը կենտրոնացրել են, նրանք կփորձեն ցեղասպանություն անել: Համաշխարհային հանրությունն այս օրերին ապավինում է քրդերի առողջ բանականությանը, բայց ինչպես թուրքերը, քրդերն էլ առողջ բանականություն չունեն: Նրանք ունեն բնազդ` մորթել, ուրիշինը սեփականել: Այս տրամաբանությամբ հնարավոր է ոչ տրամաբանական քայլեր լինեն, ինչը նշանակում է ռազմական գործողությունների սկսում: Այստեղ բազմաթիվ տերությունների շահեր են բախվելու, որովհետև քրդերը հայրենիք չունեն: Այն, ինչ նրանք իրենց հայրենիքն են համարում, այլ պետությունների տարածքներն են: Տեսեք, Արցախը հայկական հող է, որովհետև նրա վրա ստեղծվել են հայկական մշակույթ, քաղաքակրթություն, այսինքն, հայրենիքի գաղափարի հետ գործ ունենք: Որևէ մեկը կդժվարանա սա մերժել ու հերքել: Բայց քրդերի հայրենիքը ո՞րն է: Ասում են` հայկական Տավրոսի ներքևի մասը, բայց, անշուշտ, ոչ հայկական Տավրոսը: Իսկ այդ հատվածն էլ դառնում է արդեն Իրանի, Իրաքի մի հատվածը: Այնպես էլ չէ, որ շատերն ընդունում են, թե դա էլ քրդական հատված է:
-ՈՒնենալով ԱՄՆ-ի և Իսրայելի պես հզոր դաշնակիցներ, արդյո՞ք քրդերն իրենց վերջնանպատակին չեն կարող հասնել:
-Նրանք դաշնակից են մինչև ինչ-որ պահ: Այնպես, ինչպես Ռուսաստանը դաշնակից է մեզ, մինչև թուրքերի հետ կռվելը: Խոշոր պետությունների հաշիվներն ու խաղերը լրիվ այլ են: Այնպես որ, միանշանակ չենք կարող ասել, որ նրանք դաշնակիցներ են: Օրինակ, Իսրայելը որքանո՞վ է ի վիճակի հաղթահարելու դիմադրությունը, եթե կա Սաուդյան Արաբիա, որի հետ բարեկամություն է անում, նույնն է նաև Իրանի պարագան: Ասել է` բավական բարդ իրավիճակ է ստեղծվելու:
-Տեսակետ է հնչում, որ Քրդական պետությունը ստեղծվում է որպես Իսլամական պետությանը հակընդդեմ ուժ:
-Դա մանիպուլյացիայի փորձ է: Մինչ ԻՊ-ի ստեղծումը Քրդական պետության հարցը կար դեռևս Սևրի դաշնագրից: Այսինքն, տրամաբանական խեղաթյուրում է իրականացվում: Ի դեպ, Սևրի դաշնագրով ոչ թե քրդական ինքնուրույն պետություն, այլ ինքնավարություն է նախատեսվում, ինչն էլ ունեն:
-Այս իրավիճակում ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը:
-Այս ողջ գործընթացում Հայաստանը շատ քիչ բան կարող է անել: Իրավիճակի սրացումը մեզ պարտադրում է նախ մեր բանակը մարտունակ պահել, դաշնակիցների հետ փոխադարձ գործողությունների ծրագիր մշակել, օրինակ, Ռուսաստանի բանակի հետ Սիրիայում խաղաղապահ ուժեր ունենալ: Շատ լավ կլիներ, որ հայերը Սիրիայում հայկական մի դիվիզիա ունենային, որը կարող էր ճգնաժամի ժամանակ մտնել Արևմտյան Հայաստան: Պետություններն այսպես են գոյատևում, խաշ-խորովածով չեն ապրում: Եթե ոչ թե ձևական, այլ իրական գործողություններ լինեն, միջազգային ուժերի խոշոր բախում կլինի: Բայց կարծում եմ` Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ լուրջ գործընթացներ տեղի չունենան, ու թուրքերի պահանջներն էլ բավարարվեն: Իսկ եթե Բարզանին խելքը թռցրել է ու մինչև վերջ է գնալու, լուրջ գործընթացներ են սկսվելու նաև Արևմտյան Հայաստանում:
-Վերադառնալով համաշխարհային զարգացումներին, արձանագրենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը գնալով նոր երանգներ է ստանում: Հնարավո՞ր է նրանց «պրկված նյարդերը» կոնֆլիկտային այսպիսի տարածաշրջաններում պայթեն:
-Պարոններ Թրամփը և Պուտինը կապի մեջ են: Այդ հակասությունները որքան էլ սրվեն, ինչ-որ պահի կկասեցվեն, քանի որ երկուսն էլ միջուկային գերտերություններ են ու իրար հավասարապես կոչնչացնեն: ԱՄՆ-ն ասում է, թե իրենց պոտենցիալը հարյուր անգամ բավարարում է ՌԴ-ն վերացնելու համար, վերջիններս էլ հակադարձում են, թե իրենք էլ նույնքան պոտենցիալ ունեն` ԱՄՆ-ը աշխարհի երեսից ջնջելու: Իսկ ես կարծում եմ, որ աշխարհը կործանելու համար մեկի պոտենցիալն էլ բավարար է: Տեսեք, ԱՄՆ-ը չի կարող մի Հյուսիսային Կորեայի հարց լուծել, դրա համար էլ նրանց բացարձակ պետք չէ մի նոր Կորեա էլ Քրդստանում ստեղծել: Այնպես որ, դեռ մեծ հարց է` ԱՄՆ-ն իսկապե՞ս ուզում է Քրդական պետություն, թե՞ ոչ:
-Այսօր աշխարհը կանգնել է միջուկային պատերազմի շեմին: ԱՄՆ-ի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից սպառնաց վերացնել մի ողջ պետություն` Հյուսիսային Կորեան: Աշխարհի մյուս անկյուններում անկախացման գործընթացներ են` Կատալոնիայում, Իրաքյան Քրդստանում: Շարունակվում է նաև սիրիական ճգնաժամը: ՈՒ՞ր են տանում զարգացումները:
-Պատկերացնենք, որ աշխարհում կա մի հինգ-վեց այսբերգ: Ամենախոշորը ԱՄՆ-ն է, ավելի փոքրը` Չինաստանը, հետո` Եվրոպան: ԽՍՀՄ-ից հետո Ռուսաստանը «սկել» էր: Խորհրդային Միության փլուզումից հետո ավելի հզորացավ ԱՄՆ-ը, քանի որ աշխարհ «նայողը» ինքը մնաց, Եվրոպան ներգաղթածների, համասեռամոլների, մուսուլմանների ճիրաններում է ու իրեն դեռ չի վերագտնում, թուրք-իսլամական տարրը դառնում է գերիշխող։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ֆրանսիային և Գերմանիային, որոնք միշտ եղել են ոխերիմ թշնամիներ, իսկ հիմա անբաժան «ամուսիններ» են: Գերմանիան «ամուսնացել» է Ֆրանսիայի հետ միջուկային զենքի համար, որովհետև նա նման զենք ունենալ չի կարելի: Իսկ Ֆրանսիան տնտեսապես թույլ է և օգտվում է Գերմանիայի տնտեսական հզորությունից: Բայց այս երկրներում արդեն հարմար տեղավորվել է թուրքական անհամատեղելի տարրը: Գերմանիայում արդեն հինգ միլիոն թուրք կա, նույնքան իսլամիստ ու արաբ էլ Ֆրանսիայում են: Դրա համար այս երկրները շատ են թուլացել: Իսկ Մեծ Բրիտանիան «փախչում» է, որ նման ճակատագիր չունենա: Բրեկզիթն ի՞նչ է, եթե ոչ փախուստ: Բայց ահաբեկչությունն արդեն իրենց էլ է հասել: Երբ աշխարհն այս խմորումների մեջ էր, Պուտինը Ռուսաստանի «այսբերգը» ջրից բարձրացրեց: Մինչ ԱՄՆ-ն ասում էր` ինչ լավ է, ես եմ աշխարհը կառավարում, Ռուսաստանը կանգնեց կողքին ու պահանջեց իր բաժինը: Իսկ ռուսի բաժինն իր այսբերգին տեղ տալն է, որը ճռճռոցներ է առաջացնում Քրդստանում, Հայաստանում և այլուր: Հիմա ո՞րն է աշխարհի խնդիրը: Քանի որ գերտերությունները միջուկային պատերազմից վախենում են, իրենց «մանկլավիկներով» են միմյանց սպառնում ու հարաբերություններ ճշտում: Օրինակ, Ռուսաստանը մեզ ադրբեջանցիների հետ է կռվեցնում ու իր հաշիվները փակում, ԱՄՆ-ը` քրդերի միջոցով, Իսրայելն էլ` իր «շնիկների»: Աշխարհակարգն արմատական վերափոխումների է գնում, մենք չգիտենք այդ այսբերգների հզորությունը տասը տարուց որքան կլինի: Ռուսաստանին տնտեսապես սանձել են, բայց ունի ռազմական հզորություն, ու նրա պոտենցիալը վտանգավոր է դառնում: Չինաստանն էլ հանգիստ իր գործն է առաջ տանում: Այս մեծ խաղում ամեն մեկն իր շահն ու անվտանգությունն է որոնում: Այս ամենն ապացուցում է, որ այսօր քաղաքականության կանխատեսելիությունը շատ փոքր է, իսկ երբ կանխատեսելիության աստիճանն ընկնում է, պատահականությունները մեծ դեր են խաղում, հետևապես, վտանգի չափը մեծանում է:
-Դիմակայել այս մարտահրավերներին հնարավոր է միայն հզո՞ր բանակով:
-Եվ խելացի քաղաքականությամբ: Նախ պետք է արագ օգտվես իրավիճակից, ինչը խելք է պահանջում, իսկ վտանգի դեպքում արագ հակահարված տաս բանակով:
-ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներից ո՞րն էր Ձեր նշած քաղաքականությանը մոտ:
-Ամեն մեկն էլ իրենն ասաց: Ադրբեջանի նախագահը խայտառակ եղավ սելֆիով: Կնոջն ու աղջկան վերցրել ու՞ր էր բերել, փոխանակ տաներ շուկա առևտուր անեն, քյուֆթա ուտեն, բերել նստեցրել էր ՄԱԿ-ում: Եվրոպացիներն էլ կողքից նայում ու ասում են` էս ապուշը կնոջն ու աղջկան բերել է, որ ի՞նչ, չտես է, էլի: Մեր նախագահն էլ բարձրացրեց հարցեր, որոնք Հայաստանին խիստ անհրաժեշտ են, բայց թե ինչ զարգացում կունենան, դժվար է ասել:

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ