Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչպես գնալ վաբանկ

Ինչպես գնալ վաբանկ
24.10.2017 | 08:50

Պատճառի ու հետևանքի օրենքն ասում է` ինչ տալիս ենք մենք, վերադառնում է մեզ։ Նաև բումերանգի օրենքն է։ 10 պատվիրաններից մեկը։ Ստեղծարարության օրենքն ասում է` ճակատագիրը` ճակատագիր, բայց մենք էլ պիտի գործենք: Համակերպումի օրենքն ասում է` ընդունեք և հաշտվեք, եթե ոչինչ հնարավոր չէ փոխել: Աճի օրենքն ասում է` պետք է փոխես քեզ, ոչ թե շրջապատդ։ Փոխկապակցվածության օրենքն ասում է` անցյալը, ներկան, ապագան` ամեն ինչ կյանքում շաղկապված է։ Կենտրոնացման օրենքն ասում է` հնարավոր չէ երկու գործ միաժամանակ լավ անել։ Այստեղի և հիմայի օրենքն ասում է` այն ամենը, ինչ մենք իրոք ունենք, ներկան է։ Փոփոխությունների օրենքն ասում է` կյանքի դասը կրկնվելու է այնքան, մինչև սովորես։ Ներշնչանքի օրենքն ասում է` տիեզերքը մեզ կվերադարձնի այնքան, որքան մենք չենք խնայել նրան։
Ի՞նչ ենք ասում մենք։


Տարբեր ձևակերպումներով նորից մամուլում շրջանառվում է լուրը, որ հերթական պայմանավորվածությունն է կնքվել` Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին համոզել է 2018-ի ապրիլից հետո դառնալ երեք փոխվարչապետներից մեկը: Հիմնավորումը` Արցախի հիմնահարցի և Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ վարչապետից ցածր որևէ պաշտոն չի տալիս լիարժեք բանակցելու և որոշումներ կայացնելու մանդատ, այսինքն` ինքը և միայն ինքը կարող է ու պիտի վարչապետ լինի, իսկ Կարեն Կարապետյանն իր համար դրայվով կշարունակի կառավարության նիստերը վարել Հանրապետության հրապարակում, ազատել ու նշանակել նախարարներին ու նրանց ենթականերին։ Կարեն Կարապետյանը, իբր, դիմադրել է ու հիշեցրել, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ խոստացել է նախագահ, վարչապետ ու ԱԺ նախագահ չլինել և վարչապետի պաշտոնն էլ իրեն է խոստացել։ Հետո սկսվել է առևտուրը` Սերժ Սարգսյանը հակադարձել է, որ ինքն էլ ներդրումներ էր խոստացել։ Կարեն Կարապետյանն առարկել է, որ հրաժարական կտա։ Եվ այլն, և այլն: Առևտուրը չի ստացվել, և Սերժ Սարգսյանը մտածելու ժամանակ է տվել Կարեն Կարապետյանին: Նա էլ մտածել-մտածել ու համաձայնել է։ Հենց այդ ընթացքում «պատահաբար» պարզվեց, որ տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարությունը հայտնվել է նախագահի վերահսկողության ծառայության ու վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում։ Ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նախարարությունում։ Նախարար Վահան Մարտիրոսյանը մեկ տարում աղաղակող չարաշահումներ է կատարել և նախագահականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ այս թեմայով առաջիկայում բում է լինելու։ Բում չեղավ։ Վահան Մարտիրոսյանը ոչինչ չհերքեց։ Նա առաջինն էր ցուցակում։ Հերթը հասնելու էր մյուս նախարարներին` նրանց նշանակելիս Կարեն Կարապետյանը հմայիչ ժպիտով անվանում էր պրոֆեսիոնալներ, անբիծ կենսագրությամբ մարդիկ ու պարզապես հայրենասերներ: Շարքը եզրափակեց Սերժ Սարգսյանը` նախագահականում խորհրդակցություն հրավիրելով տոնառատ 2018-ից առաջ: Տոները 2018-ին կամակոր են` ձգվում են ամբողջ տարին, բայց` մինչև ապրիլ ոչ մի տոն։ Համահամահամապետական։
Տրամաբանորեն գլխավոր տոնը պիտի դառնար Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը մայիսին, բայց թե 100-ամյակը, թե Երևանի 2800-ամյակը, որ նշվում է հոկտեմբերին, հետին պլան են մղվել ու առաջնագծում է հայտնվել հոկտեմբերի 11-12-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: «Ըստ էության, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը՝ աշխարհի ֆրանկոֆոն երկրների ղեկավարների, բարձրաստիճան բազմաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ: Ենթադրվում է, որ 100-ից ավելի պատվիրակություններ և մինչև հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն գագաթնաժողովին: Սա մեծ միջոցառում է, որի սահուն կազմակերպումը պետք է վկայի մեր պետական մարմինների կայացածության մասին»,- ասել է նախագահը, թեև ընդգծել է, որ երեք միջոցառումներն էլ ունեն առանձնահատուկ նշանակություն և պետք է անցնեն անթերի:

Հանձնարարականներ են տրվել` երկու շաբաթում ներկայացնել միջոցառումների մանրամասն ծրագրերը՝ կատարման պատասխանատուներով և ֆինանսական հստակ հաշվարկներով: Հինգ տասնյակ պետությունների ղեկավարների ո՞վ է ընդունելու: Իհարկե, Սերժ Սարգսյանը: Զարմանալի է, որ նախկին քաղաքապետ ու գործող վարչապետ Կարեն Կարապետյանը այդպես էլ չընկալեց հայաստանյան «քաղաքականության» նրբությունները: Ստեղծարարության օրենքն ասում է` ճակատագիրը` ճակատագիր, բայց դուք էլ պիտի գործեք: Պաշտոնավարման մեկ տարում նա մեկ առաքելություն կատարեց` ԱԺ ընտրություններում հնարավորինս լեգիտիմացրեց ՀՀԿ-ի վերարտադրությունը։ Թեպետ իր հաղթանակի համար ՀՀԿ-ն պարտական է ոչ թե Կարեն Կարապետյանին կամ երբեմն նրա կողքին հայտնվող Արփինե Հովհաննիսյանին ու Արմեն Ամիրյանին, այլ սեփական ֆինանսական ներարկումներին` ընտրակաշառքի տեսքով։ Մնացած հարցերում Կարեն Կարապետյանի ներդրումը պայմանական է: Նույնքան պայմանական է Կարեն Կարապետյանի փոխվարչապետությունը։ Կես տարի, լավ` մինչև 2019-ը։ Բայց մի հարցում և նա, և Սերժ Սարգսյանը իսկապես մեկ հարթության վրա են: Երկուսն էլ չեն ուզում ռիսկի դիմել: Համակերպումի օրենքն ասում է` ընդունեք և հաշտվեք, եթե ոչինչ հնարավոր չէ փոխել: Կարեն Կարապետյանը չմտավ քաղաքականություն, իր բարձրաձայնած ախտորոշման ու բուժման ծրագիրը դրեց դարակը և Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի կառուցվածքում ընդամենն ուժեղացրեց ռուսական ներկայությունը: Այդպես չեն բուժում։ Նա չդարձավ ինքնուրույն և երբ հեռանա, Հայաստանում ոչ մի մնայուն գործ նրա անվան հետ չի կապվի, ասենք` «Նաիրիտի» վերագործարկումը, նոր ատոմակայանի կառուցման որոշման ընդունումը, Իրանի հետ գազային պայմանագիրը: Սերժ Սարգսյանն էլ ռիսկի չի դիմում` 2022 հետաձգելով քաղաքական էլիտայի փոփոխության բազմիցս խոստացված ծրագիրը: Երբ նա պատրաստ լինի փոփոխությունների, կպարզվի, որ այդ երիտասարդները արդեն նախկին երիտասարդ են ու կորցրել են իշխանության գալու ժամանակն ու իմաստը:

Քաղաքականության մեջ 2017-2022-ը ահռելի ժամանակ է` այնպիսի փոփոխություններ կարող են լինել, որ ոչինչ հետ չես բերի։ Հիմա է վաբանկ գնալու պահը: Ժամանակ դեռ կա։ ՀՀԿ-ի «ապստամբությունից» զգուշանալն անլուրջ է։ Բազում պարտիաներ հնարավոր է վերախաղարկել` հաղթական արդյունքով։ Խոստացվե՞լ է նոր ոգի: Խոստացվել է: Երբ սիմվոլները իրենց սիմվոլիկ էլ դրսևորում են, միշտ գտնվում են իսկականները։ Այստեղի և հիմայի օրենքն ասում է` այն ամենը, ինչ իրոք ունեք, ներկան է։ Ելք միշտ ունեն նրանք, որ ուզում են ելք գտնել։


Ներկան` հոկտեմբերի 19-ին հակառակորդի կրակոցից սպանվեց ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: «Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, թե որն է իր խոսքի արժեքը, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները: Ադրբեջանը ցույց է տալիս, որ սա կրակոց է ոչ թե հայկական կողմի վրա, այլ կրակոց է Ժնևյան պայմանավորվածությունների վրա: Գոնե հիմա պիտի արձագանք լինի միջազգային հանրությունից՝ ուղիղ ու հստակ»` ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ժնևի հանդիպումից հետո քանի՞ օր պահանջվեց, որ Իլհամ Ալիևը խախտի պայմանավորվածությունը: Աբսուրդ է կարծել, որ նա չի տիրապետում իրավիճակին, կամ զինվորականները գործում են նախագահի դեմ։ Իսկ համանախագահները հայտարարություն չարեցին: Փոփոխությունների օրենքն ասում է` կյանքի դասը կրկնվելու է այնքան, մինչև սովորես։ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի, ևս մի քանի քաղաքների պայմանավորվածությունները հերթով գալիս ու բախվում են նույն պատին` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի: Իսկ միջազգային հանրությունը չի կարողանում ապահովել երրորդ սկզբունքը` ուժի չկիրառման։ Սա է ամբողջ պատմությունը։ Ի դեպ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային փորձագիտական «Վալդայ» ակումբի հավաքում որոշեց Թորայից մեջբերում անել. «Պատահական չէ, որ Թորայում գրված է, որ մեծ մեղք է հրաժարվել տարածքից: Թե տարածքները, թե հարստությունը, որ հողում կա, մարդիկ, բոլորը կարևոր գործոններ են: Փոփոխությունների արագությունն այնպիսին է, որ գիտատեխնոլոգիական գործոնը դառնում է վճռորոշ ռազմական անվտանգության ու միջազգային քաղաքականության ոլորտում»: Գիտի Պուտինը միաժամանակ զինել և Հայաստանին, և Ադրբեջանին։


Կենտրոնացման օրենքն ասում է` հնարավոր չէ երկու գործ միաժամանակ լավ անել։
Գործի մասին` Իրաքի բանակը գրավեց Քիրկուկն ու շրջանները, փեշմերգան սկզբում չէր դիմադրում, ինչ-որ դիմադրություն եղավ, բայց ապարդյուն։ Քիրկուկի նահանգապետը հաստատեց 100000 քրդերի գաղթելը: Իրաքի բանակի գրոհից առաջ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունն ու Քրդստանի հայրենասերների միությունը նահանջի միասնական որոշում են կայացրել: Գուցե իսկապես Մասուդ Բարզանին մարտահրավեր էր նետել՝ մարտը շահելու հնարավորություն չունենալո՞վ: Աճի օրենքն ասում է` պետք է փոխես քեզ, ոչ թե շրջապատդ։


Փոփոխությունների մասին` ամենակտրուկ ու անդառնալի փոփոխությունը նախ կատարվում է մարդու մտքում: Երկար ու դանդաղ, թե կարճ ու արագ` որոշումներն ի վերջո ընդունվում են: Դու կարող ես ընդունել ամենաճիշտ ու ամենաարդար որոշումը: Բայց` ապարդյուն։ Իրականացման պայմաններ են պետք: Պայմանների չգոյությունը որոշումը փոխելու պատճառ չէ։ Եթե որոշումդ նաև նպատակ է, պիտի սկսես պայմաններ ստեղծել: Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը որոշումն ընդունել է և փորձում է ստեղծել պայմանները: Չի ստացվում։ Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը՝ ասել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին` կատալոնական ճգնաժամը Պիրենեյան թագավորության ներքին գործն է։ «Եվրոպան կողմ է երկխոսությանը, կարևոր է Իսպանիայի իրավական բազայի և Սահմանադրության շրջանակում լուծում գտնել։ Լավ կլիներ, եթե Կատալոնիայի կառավարությունը անկախություն չհռչակեր: Եվրոպայում ոչ ոք չի կարող համաձայնել Կատալոնիայի անկախությանը»,- ասել է Անտոնիո Տայանին։ Կառլես Պուչդեմոնը Մադրիդին հստակ «այո» կամ «ոչ» չասաց, և Մարիանո Ռախոյը վճռեց կիրառել Սահմանադրության 155-րդ հոդվածը և ուղղակի կառավարում մտցնել` նա ոչ թե վերացնում է Կատալոնիայի ինքնավարությունը, այլ պաշտոնանկում գործող կառավարությունը ու կես տարում նոր ընտրություններ է հայտարարում։ Կատալոնիան կաթսաների բողոքի ցույցի դուրս եկավ: Սա տխուր պատմություն է` մեծ Իսպանիայի ու փոքր Կատալոնիայի մասին, որտեղ կատալոնացիները ավելի քիչ են իսպանացիներից։ Սա նաև պատմություն է քաղաքականության մեջ բազմակի ստանդարտների մասին, որ օգտագործվում են ըստ առաջարկի ու պահանջարկի գերակայության։ Փոխկապակցվածության օրենքն ասում է` անցյալը, ներկան, ապագան` ամեն ինչ կյանքում շաղկապված է։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Կյանքը ոչինչ չի ընծայում: Ապրել օրենքներով, թե նոր օրենքներ հաստատել` սա է գլխավոր հարցը նրանց համար, որ իրենց պատրաստ են համարում ուրիշների ճակատագիրը տնօրինելու: Եթե նրանք Հուլիոս Կեսարը չեն, որ գնում-տեսնում-հաղթում էր, եթե Նապոլեոն Բոնապարտը չեն, որ ամեն ինչ տանուլ տալուց հետո 100 օրով ամեն ինչ նաև վերադարձնել գիտեր, մնում է ընդունել պատճառի ու հետևանքի օրենքը` ինչ տալիս ենք մենք, վերադառնում է մեզ, կամ ավելի ընդհանրական` տիեզերքը մեզ կվերադարձնի այնքան, որքան մենք չենք խնայել նրան։ Իսկ ընդհանրապես օրենքները պայմանականություն են` կասկածելի միջոց կյանքը կարգավորելու, որ ընդունում են մի խումբ մարդիկ` մարդկանց ավելի մեծ խմբի համար: Երբեմն օրենքները չխախտելը հանցանք է, որ պատժվում է օրենքով:

Դիտվել է՝ 3977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ