Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արևելյան հարևանություն` ո՞վ, ինչպե՞ս և որտե՞ղ

Արևելյան հարևանություն` ո՞վ, ինչպե՞ս և որտե՞ղ
20.11.2017 | 23:11

Նոյեմբերի 24-ին ԵՄ պետությունները և Արևելյան գործընկերության 6 երկրները` ՈՒկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսն ու Հայաստանը, Բրյուսելում կավաքվեն 5-րդ համաժողովին: Նախորդը 2015-ի մայիսին էր, Ռիգայում: Անցած երկու տարում եվրոպական պաշտոնյաներն ու փորձագետները տպավորիչ աշխատանք են կատարել, որը թույլ է տալիս բնութագրել Արևելյան գործընկերության վիճակը` Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձևի լույսի ներքո: Առաջին և գլխավոր խնդիրը` ուղղորդել Արևելյան գործընկերությանը մինչև 2020-ը առանցքային 20 խնդիր լուծելու: Հիմնական ուղղություններն են` տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ, պետական ինստիտուտների և հասարակության ամրապնդում: Դա պետք է նոր թափ հաղորդի Բրյուսելի և նրա արևելյան հարևանների հարաբերություններին: Հատուկ խմբում են Վրաստանը, Մոլդովան, ՈՒկրաինան, որ ասոցացման պայմանագիր ունեն ԵՄ-ի հետ: Նրանց խոստանում են որոշ տնտեսական արտոնություններ իբրև «եվրոպական ճանապարհին էական առաջընթաց դրսևորած երկրներ»: Երրորդը` առանձին խմբում են Բելառուսը, Ադրբեջանը և Հայաստանը, որ «ոչ միայն շարժվում են տարբեր արագություններով, այլև տարբեր ձգտումներ ունեն ԵՄ-ի հետ համագործակցության մեջ»: Եվրոպացի փորձագետները կարծում են, որ Բելառուսում ու Ադրբեջանում եվրոպական մոդելով քաղաքական կամ սոցիալ-տնտեսական փոփոխություններ չեն լինում, իսկ ՈՒկրաինան ու Մոլդովան «ռուսական սպառնալիքի» անվան տակ փորձում են գործնական օրակարգը վերաձևել «աշխարհաքաղաքականի»: ԱԳ 6 երկրներին ընդհանուր առմամբ միավորում է մեկ, բայց տարբեր պատճառներ ունեցող գործոն` օրակարգ մտցնել իրենց մեկնաբանությունները, առաջին պլան բերելով աշխարհաքաղաքականությունը և հետո միայն երկրորդ կամ երրորդ պլանում` Բրյուսելի պարտադրած ներքին բարեփոխումների ծրագրերը:

Պատճառները հասկանալի են` ԵՄ առաջարկած ներքաղաքական ու տնտեսական բարեփոխումները վաղ թե ուշ հանգեցնելու են այդ երկրներում գործող իշխանությունների փոփոխությանը: Բրյուսելի ռոմանտիկ պատկերացումը, որ շրջապատելով Ռուսաստանը «նոր ժողովրդավարական վարչակարգերով»` Մոսկվային կմղի ցանկալի վերափոխումների, իրատեսական չեն: Փաստացի` Կիևի, Թբիլիսիի, Քիշնևի, Մինսկի, Երևանի վարչակարգերը ոտք ու ձեռքով կառչած են Ռուսաստանից: Եվրահանձնաժողովի փաստաղթերը պատասխան չեն տալիս հարցին` ինչպե՞ս է ԵՄ-ն մտադիր լուծել իր «արևելյան քաղաքականության» դիլեման: Ոմանք կարծում են, որ ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները ԱԳ երկրների չկատարելը պետք է հանգեցնի ԵՄ ֆինանսավորման դադարեցման կամ պայմանագրի որոշակի հատվածների կասեցման: Ներքին բարեփոխումների գերակայության պնդումը կարող է հանգեցնել նոր «մայդանների», պետականության ճգնաժամերի: Ներքին բարեփոխումներ ասելով` Բրյուսելը ենթադրում է ոչ միայն պայքարը կոռուպցիայի ու «տեղական օլիգարխիկ կառույցների մասնավոր շահերի» դեմ, քաղաքական ժողովրդավարացումը, այլև էթնիկ փոքրամասնությունների վիճակի բարելավումը: ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի համար այդ առաջարկը նույնն է, ինչ բարոն Մյունխհաուզենին սեփական մազերից բռնած ճահճից դուրս հանելու առաջարկը: Ի տարբերություն բարոնի` նրանց շանսերը քիչ են: ՈՒկրաինան հրաժարվում է կատարել Մինսկի համաձայնությունները, բանակցել Լուգանսկի ու Դոնեցկի հետ երկրի հարավ-արևելքում իրավիճակը կարգավորելու համար: Դա հանգեցրեց Կիևի ու Բրյուսելի հարաբերությունների լուրջ ճգնաժամի, որ հատկապես երևում է ՈՒկրաինայում ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարություններից: Բացառված չէ, որ ապագայում ԵՄ-ն որոշի սառեցնել կամ դադարեցնել օգնությունը Կիևին տարբեր ուղղություններով, այդ տարբերակն արդեն գործում է Մոլդովայում:


ԵՄ երկրների դեսպաններն արդեն համաձայնեցրել են Բրյուսելում ԱԳ համաժողովի հռչակագիրը` բացի մեկ պարբերությունից, որ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին: Ադրբեջանն ու Հայաստանը փորձել ու փորձում են այդ խնդրով փաստաթուղթ բերել իրենց փոխբացառող ձևակերպումները: Այդպես էր և 2015-ին Ռիգայի ԱԳ համաժողովում, երբ Բաքուն պնդում էր, որ «ադրբեջանահայկական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հիմնարար սկզբունքը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն են», թեպետ այս ձևակերպումը չկա եվրոպական ինստիտուտների փաստաթղթերում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքային փաստաթղթերում: Ավելին` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը իր չստորագրելը Բաքուն բացատրում էր պրեամբուլայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանությունը չհիշատակելով: Բրյուսելն առաջարկեց միջանկյալ տարբերակ` անվանական չնշել գոյություն ունեցող կոնֆլիկտները և սահմանափակվել ընդհանուր ձևակերպումով` կոնկրետ չնշելով այս կամ այն խնդիրը` կոչ անելով ակտիվացնել խաղաղ կարգավորման ջանքերը միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա: Հիմա էլ նույնն է: Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իր երկիրը կամավոր է անդամակցել եվրոպական բոլոր կառույցներին: ԱԳ-ի ուղղությամբ նրա բոլոր քայլերն արվել են վստահությամբ, որ իրականացնելով Ռուսաստանը շրջանցող էներգետիկ նախագծեր, հանդես գալով համարյա թե «Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորի» դերում` կստանա ԵՄ դրական վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը բացառապես Բաքվի սցենարով կարգավորելու հարցում: Եվ ի՞նչ:
Այլ է Հայաստանը: Նախ` Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը ամբողջության մեջ համընկնում է եվրոպականի հետ: Երկրորդ` եվրոպացի փորձագետները կարծում են, որ ԱԳ-ի ձևաչափում կարելի է ընդլայնել Հայաստանի ու Վրաստանի հաղորդակցական կապերը: Երրորդ` ըստ ամենայնի` Ռուսաստանը Երևանի գործողություններում չի տեսնում իր դեմ խաղ, Հայաստանն արդեն արել է իր ռազմավարական ընտրությունը` անդամակցելով ԵԱՏՄ-ին: Հիմա շանս է ստեղծվում Վրաստանի հետ ալյանսի հիմքի վրա կամուրջ կառուցել ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև: Եթե ԱԳ հերթական համաժողովն ավարտվի մասնակիցների միջև հորիզոնական կապերի հաստատումով, թեկուզ Հայաստանի ու Վրաստանի միջև, դիվանագիտական չափանիշներով նույնպես արդյունք է: Բաքուն լուրջ մտածելիք ունի: Ադրբեջանը այն փոքրաթիվ տրանսմայրցամաքային երկրներից է, ում տարածքը և Եվրոպայում է, և Ասիայում: Բայց ԵՄ-ն երբեք Ադրբեջանին չի վերաբերվել իբրև եվրոպական երկրի, մինչդեռ Հայաստանը բոլորովին այլ ընկալում ունի: Բրյուսելը Բաքվին սպառողաբար է վերաբերվում, պահում է տարածության վրա իբրև իսլամական աշխարհի տերություն: Հավասարապես դա վերաբերում է Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիային, որ դուրս է մղվում Եվրոպայից: Պատահականությու՞ն է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Արևելյան գործընկերության համաժողովին մնում է 3 օր: Եվ տարօրինակ է 3 օր առաջ իմանալ, որ.
1. ԵՄ առաջարկած ներքաղաքական ու տնտեսական բարեփոխումները վաղ թե ուշ հանգեցնելու են այդ երկրներում գործող իշխանությունների փոփոխությանը:

2. Բրյուսելը ռոմանտիկ պատկերացում ունի, որ շրջապատելով Ռուսաստանը «նոր ժողովրդավարական վարչակարգերով»` Մոսկվային կմղի ցանկալի վերափոխումների:
3. Փաստացի` Կիևի, Թբիլիսիի, Քիշնևի, Մինսկի, Երևանի վարչակարգերը ոտք ու ձեռքով կառչած են Ռուսաստանից:
4. Իսկ Բաքուն կախված է օդում:
5. Եվրահանձնաժողովի փաստաղթերը պատասխան չեն տալիս հարցին` ինչպե՞ս է ԵՄ-ն մտադիր լուծել իր «արևելյան քաղաքականության» դիլեման:
6.Դիվանագիտական չափանիշներով արդյունք է, եթե ԱԳ հերթական համաժողովն ավարտվի մասնակիցների միջև հորիզոնական կապերի հաստատումով, թեկուզ Հայաստանի ու Վրաստանի միջև:
7. Ռուսաստանը Երևանի գործողություններում չի տեսնում իր դեմ խաղ, Հայաստանն արդեն արել է իր ռազմավարական ընտրությունը` անդամակցելով ԵԱՏՄ-ին: Հիմա շանս է ստեղծվում Վրաստանի հետ ալյանսի հիմքի վրա կամուրջ կառուցել ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև:
Իրականում բոլոր հարցերն էլ ունեն իրենց պատասխանները, բայց այդ պատասխանները տեսնել ու չտեսնելու մեջ է քաղաքականության հմայքն ու թերությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ