Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վաղուց ժամանակն է «Մուստաֆա» ասելու

Վաղուց ժամանակն է «Մուստաֆա» ասելու
22.11.2017 | 11:52

Ղարաբաղյան ուղղությամբ նորից ինտրիգային իրավիճակ է` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու ու Երևան այցերից հետո, որոնց ընթացքում քննարկվել է կոնֆլիկտի կարգավորման խնդիրը: Ռուսաստանի համար հաջո՞ղ էր ընտրված վոյաժի պահը: Նախարարի այցը հաջորդեց Սոչիում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպմանը: Նախօրեին Էրդողանն ասում էր, որ կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին:

Այդպես էլ եղել է, բոլոր դեպքերում դա է հաստատում ՌԴ-ում Թուրքիայի դեսպանը: Ամփոփելով Ռուսաստան, Քուվեյթ և Կատար այցերը` Էրդողանն ասել է. «Պարոն Պուտինը դրական է տրամադրված, բայց ինչքան ես հասկացա, առանձնապես հույսեր չունի: Կարծում եմ` նրա անհուսությունը կապված է երկու կողմերի հարաբերությունների հետ»: Ռուսական կողմը որոշեց չարձագանքել այդ հայտարարությանը: Ափսոս, Լավրովի Բաքու ու Երևան մեկնելու բուն փաստը, պաշտոնապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով, Բաքվում սկսեցին մեկնաբանել «Էրդողանի հետ հանդիպումից հետո Պուտինի հատուկ հանձնարարություն»: Այդ վարկածը խաղարկեց և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Համատեղ մամլո ասուլիսում նա ասաց. «ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը գործողության ժամկետ չունեն: Նրանք ուժի մեջ են մինչև կատարվելը: Ես չեմ կասկածում, որ այդ բանաձևերը կատարվելու են: Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Եթե 3 համանախագահները մեծամասնություն են ՄԱԿ-ի ԱԽ-ում, ինչպե՞ս կարելի է այդ թիվը մեծացնել: Մտքովս Թուրքիան է անցնում: Իսկ Թուրքիան վաղուց Մինսկի խմբի անդամ է»: Այսինքն` Բաքուն մեկ սենսացիա արդեն ունի` հասկացնելով, որ ոչ միայն չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը փոխելու գաղափարից, այլև առաջարկում է Թուրքիային ներառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում: Եվ` ասես թե այդ հարցը կարող էր քննարկվել Սոչիում Պուտինի ու Էրդողանի բանակցություններում: Լավրովի խոսքով` դա իր համար անակնկալ էր, նա առաջին անգամ է այդ մասին լսում: Զարմանալի չէ: Ավելի վաղ` Բաքու իր այցերից մեկի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը խոսել էր կոնֆլիկտի կարգավորման ինչ-որ առաջարկների գոյության մասին, որից հետո նախ Բաքվի փորձագետները, հետո էլ քաղաքական գործիչները (ընդհուպ` Թուրքիայի ԱԳ նախարարը) սկսեցին դատողություններ անել ինչ-որ «Լավրովի պլանի» մասին` իբրև ռեալ գործոնի` հակադրելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների դիրքորոշումերին: Մոսկվան և ՄԽ մյուս համանախագահները ոչ քիչ ժամանակ կորցրին այդ մեկնաբանությունը հերքելու վրա:
Ասես կանխազգալով հավանական քայլը` Լավրովի Բաքու ու Երևան այցերի նախօրեին` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը որոշեց մեկ անգամ ևս հիշեցնել, որ «Ռուսաստանը չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման իր առանձին առաջարկները» և «Մոսկվան աշխատում է բացառապես ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափով»: Չօգնեց: Բաքվի ԶԼՄ-ները գրեցին, որ Լավրովը Բաքու է բերում արդեն ոչ թե իր, այլ «Պուտինի պլանը»` իբրև ապացույց նշելով որոշ «խոսող գլուխների» տեսակետները: Նրանցից մեկը Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Վլադիմիր Սուխիյն է, որ ադրբեջանական պորտալին հայտարարել է. «Եթե Լավրովը գնում է այդ պլանով, դա շատ կարևոր է Ռուսաստանում նախագահական ընտրարշավի տեսակետից` անել դրական քայլեր, որ ձեռք են տալիս և Բաքվին, և Երևանին: Պուտինի պլանը ինչ-որ սիմբիոզ է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման առավել վաղ ժամանակների առաջարկներից: Որքան ինձ հայտնի է` Մոսկվան մշակում է կոնֆլիկտի փուլային կարգավորման պլան, որ ներառում է նախ և առաջ Լեռանային Ղարաբաղի շրջակա ադրբեջանական 7 շրջանների ազատագրում, որից հետո միայն Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի քննարկում: Կարծում եմ` հենց այս գաղափարներն են պլանի հիմքում»: Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը ՌԴ ԱԳՆ-ի հետ զուգորդվող կառույց է, որի պրոֆեսորի հայտարարությունը պետք է որոշակի կշիռ հաղորդի շրջանառության մեջ դրվող նոր հասկացությանը` «Պուտինի պլանին»: Այդ առումով ակնհայտ է ևս մեկ կարևոր պահ` Մամեդյարովը մամլո ասուլիսում հատուկ ընդգծում էր, որ Լավրովի հետ հանդիպմանը «քննարկվել է Ռուսաստանի դերը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մեջ»: Որ ինքը տեղեկացրել է Լավրովին Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման մասին: Ինչու՞ ոչ Մոսկվայում: Լավրովն այդ ժամանակ մայրաքաղաքում էր: Թե՞ նրա խնդիրն էր ցույց տալ, որ իբր «ղարաբաղյան ուղղությամբ նախաձեռնությունը Մոսկվայի ձեռքում է»: Այդ պատճառով չափազանց կարևոր էր` ինչպես բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությանը կարձագանքի Լավրովը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի բանակցություններին, նա ընդգծեց հետևյալ դրույթները: Առաջինը և Բաքվում: ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների որոշ փակուղային իրավիճակները չեն ազդում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում համագործակցության վրա, հետևաբար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին «անջատելու» Բաքվի փորձերը դատապարտված են ձախողման: Լավրովի խոսքով, «համանախագահները, դեսպանները հանդիպում են նախարարներին, պարբերաբար այցելում են տարածաշրջան»: Նա հույս հայտնեց, որ «անցած ամսվա նախագահների հանդիպումը կնպաստի կոնֆլիկտի կարգավորման առաջընթացին»: Երկրորդ դրույթ, նույնպես Բաքվում: Կարգավորման գործընթացը տեղից շարժելու բոլոր քայլերը, միջոցները, պայմանավորվածությունները սեղանի վրա են: Այդ փաստաթղթերը բազմիցս ամփոփել են Մինսկի խմբի համանախագահները` սկսած 1997-ից, շարունակել են 1999-ին, հետո եղել է 2011-ի տարբերակը:

Շատ փաստաթղթեր հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարությանը: Մոտեցումները քանիցս բարձրաձայնվել են երեք համանախագահների հայտարարությունների տեսքով, նախարարների ու նախագահների մակարդակով: Երրորդ դրույթ, արդեն` Երևանից: Նալբանդյանի հետ բանակցություններից հետո Լավրովն ասաց. «Կոնֆլիկտը ոչ մեկին ձեռնտու չէ, պետք է որոշում փնտրել, առավել ևս, որ արդեն ուրվագծվում են շատ ուղղություններ, որ պետք է արդյունք տան: Կարգավորման գործընթացը տեղից շարժելու բոլոր քայլերը, միջոցները, պայմանավորվածությունները սեղանի վրա են: Իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի մասնակից` կշարունակենք որոնել փոխընդունելի խաղաղ հանգուցալուծումներ` հաշվի առնելով այն նշումները, որ հայտնվել են Մոսկվայում երեք համանախագահների` Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներում»:
Գլխավոր եզրակացությունը` Լավրովի բարձրաձայնած քչերին հայտնի «հետաքրքիր առաջարկները» մեկնաբանվում են ինչպես պատահի` և ՌԴ ԱԳ նախարարի քաղաքական վարկաբեկման փորձերով, և արդեն ՌԴ նախագահի: Մեկ խոսում են Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման «կառուցողական մթնոլորտի» մասին, հետո կողմերից մեկի գնահատականը հերքվում է: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացի երկարամյա գաղտնիությունը քամում է դիվանագիտությանը, դարձնում պատանդ տեղեկատվական պատերազմի, որ այսօր ձևավորում ու որոշում է քաղաքական տրամադրությունները Հայաստանում ու Ադրբեջանում, երկրներից յուրաքանչյուրում ստեղծում բարձրացված կամ նվազեցված ակնկալիքներ: ՈՒ՞մ է դա ձեռնտու: Ադրբեջանցիները ասույթ ունեն` կարելի է բազմիցս ասել «մուս-մուս-մուս», բայց գալիս է պահը, երբ պետք է ամբողջությամբ «Մուստաֆա» ասես: Վաղուց ժամանակն է, որ Լավրովը դա անի:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկ եթե Լավրովն արդեն ասել է «Մուստաֆա», բայց Բաքվում հրաժարվում են հասկանալ և իրենք են տարբեր մակարդակների ռուսներին ստիպում «մուս-մուս-մուս» ասել: Օրինակ` հարգարժան պրոֆեսոր Վլադիմիր Սուխիյի հայտարարությունը, որ տառ առ տառ պատճենում է ադրբեջանական ցանկությունները` նույնիսկ քաղաքական շրջանակ տալով` ՌԴ նախագահական ընտրարշավը:


Փաստը մնում է փաստ, որ ոչ Բաքվում, ոչ Երևանում Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը չհիշատակվեցին: Թեպետ տողատակերում երևում էր իրավիճակը պահածոյացնելու իրողությունը: Խաղաղապահներով կամ առանց նրանց: Մամեդյարովը շտապում է, թե չի շտապում: Լավրովի հիմնական խնդիրը Մերձավոր Արևելքն է: Եվ եթե Պուտինին ընտրություններից առաջ պետք են արտաքին քաղաքական հաղթանակներ, առաջին պլանում Սիրիան է, որտեղ ռուս զինվորներ են կռվում ու զոհվում:


Հետաքրքիր է` ասուլիսում Լավրովին «Զվեզդայի» մասին հարց չտվեցին, իսկ ԱԳ նախարարը չի՞ հարցրել` թե ինչ գործ ունեն ռուսները Նժդեհի հետ: Կամ ՀՀ պաշտպանության նախարարը գրավոր հարցում ուղղե՞լ է ՌԴ պաշտպանության նախարարին, թե իր հեռուստաալիքը ինչու՞ է սպառնալիքներ ու զրպարտանքներ շաղ տալիս ռազմավարական գործընկերոջ դեմ: Դարձյալ ադրբեջանական նավթադոլարնե՞րն են պատճառը, թե՞ ինչպես «Զվեզդան» ազդարարեց` «Հայաստանը մտնում է Եվրամիություն»` հայտարարություն, որ ոչ Բրյուսելի, ոչ Երևանի մտքով չի անցել: Թե՞ պետք էր Լավրովի Հայաստան այցից առաջ հայերի «մեղքերը» հիշեցնել, որ ռուսների մեղքերը մոռացվեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ