Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Պետական գործիչը նա է, ով ձեռքը չի մտցնում պետության գրպանը»

«Պետական գործիչը նա է, ով ձեռքը  չի մտցնում պետության գրպանը»
24.11.2017 | 03:44

Ռուսական «Звезда» հեռուստաալիքի նոյեմբերի 19-ի եթերում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան անդրադարձել էր ՀՀԿ-ին և Գարեգին Նժդեհին: Նախ հաղորդավարուհին խոսել էր Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվող համաձայնագրից և եզրահանգել, թե Հայաստանը հետևում է ՈՒկրաինայի օրինակին, ապա անհեթեթ մեղադրանքներ հնչեցրել Նժդեհի հասցեին` նրան համարելով «ֆաշիզմի հետևորդ»: ՈՒրիշի պատմությունն ու հերոսներին սեփական քիմքին հարմարեցրած այս հեռուստահաղորդման տեսանելի և անտեսանելի հեղինակներն անգամ փոքր-ինչ ջանք չեն թափել հասկանալու` ով է Նժդեհը: Այս հաղորդման, Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների շուրջ զրուցում ենք ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ որակում կտաք այս հաղորդմանը:
-Դա պատվիրված հաղորդում էր:
-Ո՞վ է պատվիրատուն:
-Դժվար է ասել: Բայց դա շատ կոպիտ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին, երկրորդ` պատմական փաստերը լրիվ աղավաղված են, երրորդ` ռուսները չպետք է որոշեն` ովքեր են հայ ժողովրդի ազգային հերոսները, նրա գաղափարախոսները, առաջնորդները: Հայկական մամուլում կամ հեռուստաընկերություններում չեմ հիշում մի դեպք, երբ փորձ է արվել որակել, թե, օրինակ, Ալեքսանդր Երրորդը լա՞վ, թե՞ վատ ցար էր: Այն դեպքում, որ Պուտինը շատ մեծ հանդիսավորությամբ այդ ցարի արձանի բացումն է արել: Այնպես որ, խոսել Նժդեհի` մեր ազգային հերոսի մասին, որի ծառայությունները ողջ հայ ժողովուրդը գնահատել է, իսկ ինչ-որ ռուս հաղորդավարուհի նման հայտարարություններ է անում, նշանակում է շատ վատ վիճակի մեջ դնել բոլոր ռուսներին: Գարեգին Նժդեհի մասին խոսող այդ օտար մեկնաբանները տարրական պատկերացում չունեն, թե ով է նա, ինչ նպատակներով է համագործակցել անգամ ֆաշիստների հետ: Պետք է պատմությունն իմանալ, հետո խոսել: Եվ, ի վերջո, պետք է իմանալ, որ չի կարելի ժողովրդին պարտադրել ընտրելու իր հերոսներին: Ժողովուրդն իմաստուն է, նա ինքն է իր հերոսներին ընտրում: Այն, որ Գարեգին Նժդեհը ողջ հայ ժողովրդի համար ազգային հերոս է, ոչ ոք չի կասկածում: Հետևապես, շատ տգեղ, անմակարդակ հաղորդում էր, ու այդ հաղորդման հեղինակները շատ անհարմար վիճակի մեջ դրեցին իրենց:
-Ռուսները Նժդեհին մեկ անգամ չէ, որ անդրադառնում են: Կարճ ժամանակ առաջ էլ նույն շեշտադրմամբ այդ մասին խոսել էր հասարակական գործիչ Սերգեյ Մարկովը, կրկին Նժդեհին նույնացնելով ֆաշիստների հետ, և հայտարարել, թե նրա արձանը պետք է հանել: Ինչու՞ են ռուսական որոշ շրջանակներ մշտապես թիրախում պահում հենց Նժդեհին:
-Ռուսաստանի ոչ առաջադեմ հատվածը միշտ էլ Նժդեհից վրեժ լուծելու խնդիր է ունեցել: Սա գալիս է դեռ 1920-ականներից, երբ ռուսներին առաջին անգամ չհաջողվեց Զանգեզուրը սկուտեղի վրա մատուցել թուրքերին: Նժդեհի հանդեպ ատելությունն այստեղից է սկսվում: Մարկովն ո՞վ է, նա պատմություն չգիտի: Նման հայտարարություն անելիս որևէ պատմական փաստ չեն բերել: Մարկովին ադրբեջանցիները փողը տվել են, խոսում է: Նա ընդհանրապես փողով խոսող է: Չարժե այդքան մեծ ուշադրություն դարձնել նման հայտարարություններին: Իհարկե, պետական մակարդակով պետք է խնդիրը լուծվի, որպեսզի մեկընդմիշտ վերջ տրվի նման խոսակցություններին: Ո՞վ իրավունք ունի հայ ժողովրդին հուշելու, թե ով է իր ազգային հերոսը: Սա չլսված, աննախադեպ բան է: Այն դեպքում, երբ Նժդեհը համաժողովրդական սեր վայելող գործիչ է, և սրան ոչ մեկը չի կասկածում: Հիմա ի՞նչ կարևոր է, թե որ կուսակցությունն է նրա գաղափարակիրը: Պահպանողական ցանկացած կուսակցություն տուրք է տալիս Նժդեհի գաղափարախոսությանը` ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն: Հետևապես, մի երկու ռուսի ասելով ոչինչ չի փոխվի:
-Նրանց հայտարարություններում շեշտադրվում է, թե Հայաստանն ՈՒկրաինայի ճանապարհով է գնում: Սա հատկապես ուժգնացավ ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի նախօրեին: Խանդի դրսևորու՞մ է:
-Գուցե դա էլ կա, բայց նման բան ասողները ռուսական պետական շրջանակները չեն ներկայացնում: Ի վերջո, նախագահների բարձր մակարդակի հանդիպումներ են եղել: Ռուս շատ վերլուծաբաններ կարծում են, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները ոչնչով չեն վնասում հայ-ռուսական հարաբերություններին: Եթե այսօր չլինեին Ղրիմի խնդիրը, ռուս-ամերիկյան լարվածությունը, սիրիական հակամարտությունը, դեռ հայտնի չէ, թե Ռուսաստանը ինչ հարաբերություններ կունենար ԵՄ-ի հետ: Մեր երկիրը նման խնդիրների առաջ կանգնած չէ, ուստի կարող ենք ԵԱՏՄ-ին անդամակցող երկրների համար, որոնք հարաբերություններ չունեն ԵՄ-ի հետ, կամուրջ լինել: Չեմ կարծում նաև, թե Հայաստանի որևէ ձեռնարկում կարող է ՌԴ-ին խանգարել, որովհետև մենք մեր պոտենցիալով որևէ լուրջ վտանգ Ռուսաստանի համար չենք ներկայացնում: Ռուս-հայկական հարաբերություններն այսօր բավական բարձր մակարդակում են, և ԵՄ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները ոչ մի կերպ չեն վնասելու դրանց:
-Նախօրեին ՌԴ արտգործնախարարն էր Հայաստանում, որը խոսեց նաև ղարաբաղյան հակամարտությունից` ասելով, թե այն արագ լուծվող խնդիր չէ: «Բաքվում ասացի, որ բոլոր տարրերն առկա են այս խնդրի լուծման համար: Այդ տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք սկսած 2007 թվականից, 2009 թվականից, 2011 թվականից հանձնվել են ԵԱՀԿ ընդհանուր քարտուղարին: Դրանք համարվում են համանախագահների առաջարկներ և ամբողջովին մնում են դեռևս սեղանի վրա: Միակ բանը, որը կուզեմ ընդգծել, այն է, որ այս տարրերը ձևավորվել են մի փաթեթի մեջ, և շատ դժվար է վերցնել դրանցից մեկը, երկուսը կամ երեքը և ասել՝ այ, եկեք սրա հիման վրա համաձայնության հասնենք: Այդ դեպքում հավասարակշռող տարրերը դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որը բոլորս նկատի ունենք»,- ընդգծել էր Լավրովը: Սա ավելի շատ Ադրբեջանին չէ՞ր ուղղված, քանի որ վերջինս է ցանկանում փաթեթից դուրս առանձին հարցեր կարգավորելու ճանապարհով գնալ:
-Ադրբեջան-Ռուսաստան վերջին շրջանի հարաբերությունները հուշում են, որ ռուսներն այդ ամենն ավելի շատ ադրբեջանցիների համար են ասում, որ հույս չունենաք, թե արագ կարող եք լուծել Ղարաբաղի հարցը: Ղարաբաղն էլ, իր այսօրվա կարգավիճակով, բանակով, պետական ինստիտուտներով, ինքնակազմակերպման բարձր մակարդակով ապացուցում է, որ իր հետ հաշվեհարդար տեսնելը գրեթե անհնարին է, իսկ բանակցային գործընթացում գուցե փոխզիջման տարբերակներ լինեն: Ադրբեջանն էլ ցանկանում է ամեն ինչ, դրա համար խոշոր տերություններն էլ ասում են` «Ա՛յ տղա, խելքդ գլուխդ հավաքիր, քո ցանկություններով այդ հարցը չի լուծվի»: Լավրովը և՛ Բաքվում, և՛ Երևանում, և՛ Մոսկվայում հասկացնում է Ադրբեջանին, որ այդ մարդիկ իրենց հողը չեն տալու, խնդրեք, աղաչեք, գուցե ինչ-որ փոխզիջման գնան: Գնալով ակնհայտ է դառնում, որ Արցախի ու Ադրբեջանի իրար հետ լինելու միտքն անգամ անհեթեթ է: Հինգ տարի հետո արդեն այդ ամենը ֆանտազիայի ժանրից կլինի: Արդեն երեսուն տարի է անցել, դե հիմա երեսուն տարեկան տղային ինչպես համոզեմ, որ վաղվանից պետք է Ադրբեջանի տիրապետության տակ լինի, մարդկային տրամաբանությունից դուրս բաներ են խոսում էդ ադրբեջանցիները: Անգամ բարոյական, մարդկային տեսանկյունից անհնար է այդ բռնակցումը: Դա մի բան է, որ զոդել հնարավոր չէ, այնպես, ինչպես փայտն ու երկաթն իրար հետ չեն զոդվում: Կա մի ճանապարհ` բանակցային գործընթաց, որը և՛ ադրբեջանցիներին, և՛ արցախցիներին օգուտ է: Պետք է Արցախի ժողովրդի հետ բանակցությունների նստել, ինչպես ժամանակին եղել է, և ասել, թե ինչպես անել, որ խաղաղություն հաստատվի: Չնայած ինձ համար պարզ է, որ Ադրբեջանի իշխող վերնախավի համար Արցախը իշխանությունը պահելու միակ միջոցն է: Երկրորդ միջոց չունեն: Նավթը սուտ բան դուրս եկավ, քանի որ դրանից օգտվում է ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ալիևի կլանը: Մնում է անընդհատ ասել` Ղարաբաղը գրավելու եմ ու այդ նոտայի վրա պահել սեփական իշխանությունը, որը, ինչպես երևում է, ժառանգական է լինելու:
-Թուրքիայի ղեկավարն էլ բացահայտ հայտարարեց, որ հակամարտությունը կարող է լուծել միայն Ռուսաստանը: Այսինքն, Ռուսաստանը փակու՞մ է Թուրքիայի` հակամարտությանը միջամտելու ճանապարհը:
-Պուտինի վերջին քայլերը փաստում են, որ այս տարածաշրջանից նա կարողացավ բոլորի ոտքը կտրել, մնացել էր Թուրքիան, նրանն էլ կտրեց, հասկացնելով, որ այս տարածաշրջանում ոչինչ չունի անելու: Ոտքը Սիրիայից կտրեց ու աղաչանք-պաղատանքից հետո թույլատրեց, որ Ռուսաստան ներմուծի իր ապրանքը: Այսինքն, կարող ես Ռուսաստանից զենք գնել, արտահանել քո պոմիդոր-վարունգը, բայց այս ռեգիոնում ասողը ես եմ, ուրիշ ասող չպետք է լինի: Էրդողանը սա շատ լավ հասկացել է և ամենակարևորը` ընդունել է: Ռուսաստանն ասում է` Ամերիկան անգամ չի կարող ինձ հետ ոտք գցել, դու ո՞վ ես, որ եկել ես այստեղ ու ինձ հետ հարցեր ես ուզում լուծել: Հայտարարվեց, թե Պուտին-Էրդողան հանդիպմանը ղարաբաղյան հիմնախնդիրը չի քննարկվել, նշանակում է, Պուտինը թույլ չի տվել հարցը արծարծել, այսինքն, դա նրան վերաբերող հարց չէ: Այսօր Ռուսաստանի ազդեցությունն աշխարհում շատ մեծ է: Զարմանալի մի փաստ կարդացի` Պուտինը հայտարարել է, թե Սիրիայում փորձարկվեցին ռուսական զենքերի նոր տեսակներ, որոնք շատ արդյունավետ էին: Իմա` մենք ցանկացած մեծ պատերազմի պատրաստ պետություն ենք:
-Արտաքին քաղաքականությունից վերադառնանք ներքին խնդիրներին: 2018-ին ընդառաջ քաղաքական դաշտում դիրքավորումներ են կատարվում: Հիմա Դուք կողքից եք հետևում զարգացումներին, ի՞նչ եզրահանգումներ ունեք:
-Որքան հեշտ է արտաքին քաղաքականության մասին խոսել, նույնքան դժվար է ներքին զարգացումները մեկնաբանել: Մեր պետության հիմքերն այնքան խախուտ կառուցեցինք, որ չենք էլ կարող նորմալ կանխատեսումներ անել: Չգիտենք` վաղն ինչ է լինելու: Միշտ ասել եմ` մինչև չունենանք պետական քաղաքական գործիչներ, ոչ մի հաջողություն չենք ունենա: Սրան ոչ մեկը ուշադրություն չի դարձնում, նախ` մեզ մոտ կանոն չկա, թե ով է պետական գործիչը: Երեսուն տարվա մեջ այդ կանոնն այդպես էլ չկարողացանք հնարել: Մեկ նախագահով, վարչապետով հնարավոր չէ, որ պետությունը զարգացում ապրի:
-Պետական գործիչ ասելով ի՞նչ նկատի ունեք, և՛ ներքին, և՛ արտաքին հարցերին ամբողջությամբ տիրապետող գործի՞չ:
-Պետական գործիչը նա է, ով ձեռքը չի մտցնում պետության գրպանը: Խորհուրդ եմ տալիս պետական գործչի իրական պատկերացում ունենալու համար կարդալ Թոմաս Ջեֆերսոն: Տնտեսական զարգացում ապահովելն այդքան դժվար չէ, դժվար է երեք միլիոն մարդու մեջ գտնել առնվազն հիսուն պետական գործչի: Մենք մի մարդ ենք գտնում` կա՛մ նախագահ, կա՛մ վարչապետ, ու բոլոր խնդիրները թափում ենք այդ մարդու գլխին: Այդ մարդը կարող է անգամ հանճարեղ լինել, բայց եթե, հիսուն չասենք, տասը, քսան պետական գործիչ նրա կողքին չեն, ոչինչ չի կարող անել: Հիմա ցանկացած մարդու պաշտոն են տալիս, երեկվա քսանութ-երեսուն տարեկան ջահելին էլ: Մի հատ նրանց կենսագրությունը և հայտարարագիրը կարդացեք: Ո՞վ է տեսել ազնիվ աշխատանքով տասը կամ քսան հազար դոլար ունենալ հաշվեհամարին: Ես երեսուն տարի ամենաբարձր աշխատավարձ ստացողներից եմ եղել, բացահայտ ասում եմ` դա անհնար է: Բայց իննսուն տոկոսից ավելի մեր պետական չինովնիկների հայտարարագրերում դոլարային միլիոնատերեր կան: Ո՞նց կարող են նրանք պետական գործիչ լինել: Պետական գործչի առաջին նախապայմանն այն է, որ պետք է անտարբեր լինի կոմֆորտի նկատմամբ, ոչ թե օրվա մեջ երկու-երեք ժամ հատկացնեն իրենց կոստյումին, ժամացույցին, կոշիկին, փողկապին: Եթե անտարբեր եղավ հարմարավետության հանդեպ, նա աշխատանքի ընթացքում քիչ կմտածի այն ապահովելու միջոցների մասին: Հիմա էլ պարզվեց, որ մեր պետական պաշտոնյաների մեծ մասը բանակում չի ծառայել: Ջեֆերսոնի կետերից մեկում էլ ասված է, որ պետական գործիչը պետք է անսահման նվիրված լինի հայրենիքին` անհրաժեշտության դեպքում կյանքը չխնայի հայրենիքի համար: Արցախյան պատերազմում չկար մի ապահովված մարդ, որը տունը, հարյուր կամ երկու հարյուր հազար դոլարը թողել ու եկել էր կռվելու: Հայրենասեր, ազգասեր մարդկանց չեն հետաքրքրում այդ նյութական բարիքները: Գանք այս օրերի ամենաքննարկվող հարցին` ո՞վ է լինելու վարչապետը. ասեմ` ինձ այս հարցն ընդհանրապես հետաքրքիր չէ:
-Ինչու՞:
-Ինձ համար ավելի կարևոր է, որ մեր երկիրը զարգանա, և մեր երկրի ամենամեծ սխալը` կադրային քաղաքականությունը, ճիշտ ընթանա: Այլապես կունենանք այն վիճակը, ինչն այսօր կա: Պետք է փնտրել և գտնել հայրենասերների:
-Իսկ գուցե խնդիրն այն է, որ երկրում բոլոր հարցերը լուծում է մեկ մա՞րդ:
-Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մեկ չէ, մի քանի մարդ էր «ասողը», բայց ավելի խայտառակ վիճակ էր: Ես միշտ դեմ եմ եղել դիկտատուրային, բայց պետք է մեկ ասող լինի ու մի տասնհինգ էլ կատարող: Եթե ասողները շատ են լինում, ավելի վատ է: Մենք փոքր ազգ ենք, մեզ մոտ պետք է մեկ ասող լինի, բայց կատարողները, ոչ թե սաբոտաժնիկները շատ լինեն: Նապոլեոնը, որ տարբեր ճակատամարտեր է շահել, իրեն շրջապատել էր տաղանդավոր մարշալներով, որոնցից ամեն մեկն այդ հաղթանակներում սեփական լուման ուներ: Բայց այդ բոլորի մեջ ամենահանճարեղը Նապոլեոնն է եղել, որովհետև իրեն հանճարներով էր շրջապատել: Ասողի ամենամեծ գործն այն է, որ նման մարդկանցով իրեն շրջապատի, որ տարբեր ճակատներում հաղթանակներ գրանցի: Իսկ զորավարը պետք է մեկը լինի:
-Մեզ մոտ հիմա նապոլեոններ չկան, ոչ էլ հանճարեղ մարշալներ, ունենք այն, ինչ ունենք: Այս իրավիճակում, այդուհանդերձ, 2018-ին պետության ղեկն ո՞վ պետք է ստանձնի:
-Սերժ Սարգսյանի մասին ամեն ինչ գիտենք, նրա թույլ և ուժեղ կողմերն էլ գիտենք: Նոր վարչապետը դեռ մեկ տարի է աշխատում, ի՞նչ եք կարծում` նա այս մրցակցությանը կդիմանա՞, թե՞ ոչ: Ոչ մեկի երկրպագուն չեմ, շարքային ՀՀ քաղաքացի եմ և առաջնորդվում եմ իմ հայրենիքի շահերով: Պետք չէ ասել` կուսակցության նախագահն է, նա՛ պետք է լինի, Կարեն Կարապետյանը լավ մենեջեր է, նա՛ պետք է լինի, այլ նժարին պետք է դնել արժանիքները և գալ ընդհանուր եզրահանգման: Դրա համար էլ բոլորին հորդորում եմ նժարին դնել արժանիքները և տեսնել, թե ով կդիմանա մրցակցությանը: Բայց ինչու՞ ենք մենք մարդկանց միայն վարչապետի պաշտոնում տեսնում, առաջին փոխվարչապետ, տնտեսական ներդրումների նախարար: Ի՞նչ է, նրանք ծնվել են վարչապետ լինելու համա՞ր:
-Եվ, թերևս, ամենակարևոր խնդրի մասին. 2040-ին Հայաստանում պետք է լինի 4 մլն մարդ: Դեմոգրաֆիկ ծանր վիճակի, սոցիալ-տնտեսական խնդիրների, արտագաղթի տեմպերի պայմաններում ինչպե՞ս է հնարավոր ունենալ նման ցուցանիշ:
-Ես 4 մլն դառնալու ճանապարհները տեսնում եմ:
-Որո՞նք են:
-Քսաներեք տարի կա, չէ՞: Նախ` գիտականորեն ուսումնասիրել արտագաղթի պատճառները և ոչ թե ասել` երեխեքին բանակից փախցնելու համար գնում են: Մի դրվագ, որ անձամբ ինձ հետ է կատարվել. մեքենայի ապահովագրման պայմանագիրը կնքելը երեք օր ուշացրել էի, կանգնեցրեց ոստիկանն ու ասաց, որ դրա համար տուգանք է նախատեսված: Ասացի` կներեք, երեք օր եմ ուշացրել, վաղն ապահովագրելու եմ: Ասաց, թե պետք է տուգանի, իմանալով, որ տուգանքի չափը կլինի հինգ հազար դրամ, ասացի` դե, ինչ արած, տուգանեք: Ասաց, գիտե՞ք` որքան է տուգանքը` հարյուր հազար դրամ: Հենց այդ պահին արտագաղթելու ցանկություն առաջացավ: Ո՞վ է թույլ տվել նման ենթաօրենսդրական ակտերով մեզ կողոպտել: Եթե երեք տարի կենտրոնանանք և լուծենք մեր ներքին խնդիրները, քսան տարում հաստատ կարող ենք 4 մլն դառնալ:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ