Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բրյուսել` եթե դա լիներ գեղեցկության մրցույթ

Բրյուսել` եթե դա լիներ գեղեցկության մրցույթ
27.11.2017 | 00:22

Նոյեմբերի 24-ին` ուրբաթ օրը, Բրյուսելում հրավիրվեց Արևելյան գործընկերության վեհաժողովը բոլոր 6 երկրների մասնակցությամբ, ոչ առանց դժվարության ընդունվեց հռչակագիրը և առանց խոչընդոտների ստորագրվեց երկար սպասված համաձայնագիրը Հայաստանի հետ:


Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա
ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումն առանցքային իրադարձություն էր Բրյուսելի վեհաժողովում բազում պատճառներով: Նախ` Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ 2013-ին հաջողությամբ ավարտելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունները, շատերի համար անսպասելի` Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի ընթացքում հայտարարեց, որ միանում է Մաքսային միությանը: Անցած 4 տարիներին Հայաստանը հետևում էր` ինչպես Վրաստանն ու Մոլդովան ստորագրեցին այդ համաձայնագիրը, մտան Եվրոպայի հետ ազատ առևտրի գոտի, ստացան առանց վիզային ռեժիմ: Նրանց հետքերով նույն ճանապարհն անցավ ՈՒկրաինան` հեղափոխության ու պատերազմի միջով: Հայաստանը որոշեց իր ճանապարհով գնալ դեպի Եվրոպա և դարձավ առայժմ միակ երկիրը, որ նոյեմբերի 24-ին նոր համաձայնագրի ստորագրումով ԵՄ-ի հետ իր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացրեց` լինելով ԵԱՏՄ անդամ:

«Ռուսաստանը մեզ համար սրբազան է»
Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ դեռ բանակցում են: Ամենից քիչ ծրագրում ներգրավված է Բելառուսը, որ վեհաժողովում ներկայացնում էր ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: Առաջին անգամ հրավեր ստացած Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ միայն հրաժարվեց Բրյուսել գնալ, այլև հասկացրեց, որ պատրաստ է համագործակցել բոլորի հետ, եթե իրեն չդնեն ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև ընտրության առաջ: Գոմելի մարզում նա հայտարարեց. «Մենք բարեկամություն կանենք ու կաշխատենք Եվրոպայի հետ, բայց Ռուսաստանը մեզ համար սրբազան է»: Եվրոպայի անվտանգությունը և ռուսական ագրեսիան
«Սրբազան Ռուսաստանի» մասին Բրյուսելում հիշեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և անվանեց «թշնամական երկիր, որ սպառնում է արևելյան հարևանների աճի հնարավորությանը»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ «հարևանությունն արևելյան երկրների հետ սերտ կապված է Եվրոպայի անվտանգությանը»: Կանցլերն ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկեց կոնֆլիկտը ՈՒկրաինայի արևելքում, որտեղ մեկ օրում 5 ուկրաինացի զինվոր է սպանվել: Իսկ ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը ամփոփիչ մամլո ասուլիսում ոչ միայն արտահայտեց ԵՄ հակվածությունը տարածքային ամբողջականության սկզբունքին, այլև նշեց «ռուսական ագրեսիան»: Այդ բառերը ամփոփիչ հռչակագրում այդպես էլ չհայտնվեցին, չնայած Կիևի ձգտումներին: Հազիվ թե իմաստ ուներ ակնկալել Բելառուսի համաձայնությունը, ում համար Ռուսաստանը սրբազան է: ԵՄ-ում անընդհատ շեշտադրում են, որ Արևելյան գործընկերությունը Մոսկվայի դեմ ուղղված չէ:


Ամփոփիչ հռչակագրի շուրջ վեճերը
Եվրապաշտոնյաները ջանադիր փորձում են համոզել, որ ԱԼԳ հարևանության, այլ ոչ թե ընդլայնման ծրագիր է` ջուրը գցելով ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հույսերը` ԵՄ երկրներից «եվրոպական հեռանկարի» խոստում պոկել ամփոփիչ հռչակագրում: Կիևին դուր չեկավ և հռչակագրի 9-րդ կետի հղումը (Նիդերլանդների պնդումով) ԵՄ խորհրդի 2016-ի դեկտեմբերի որոշմանը, որի համաձայն ՈՒկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը չի նախատեսում ԵՄ անդամակցություն: Կիևի անհանգստությունը հարուցեց և Հունգարիայի պնդած 18-րդ կետը, որով կոչ է արվում հարգել ազգային փոքրամասնությունների իրավունքները (Բուդապեշտի կարծիքով` կրթության մասին ուկրաինական օրենքը հունգարներին իրավունք չի տալիս սովորել մայրենի լեզվով): Հեշտ չէր և երկու հակամարտող երկրների` Ադրբեջանի ու Հայաստանի համար, համաձայնեցնել կետերը, որ կարող էին վերաբերվել ղարաբաղյան հարցին: Որ ամփոփիչ հռչակագրի քննարկումները բարդ էին, հասկացրեց և հարևանության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը: Այնքան բարդ, որ Կիևի հետ տարաձայնությունների պատճառով հռչակագիրը կարող էին չընդունել: Չնայած բազում վեճերին` փաստաթուղթը, այնուամենայնիվ, համաձայնեցվեց, և դա կարելի է համարել վեհաժողովի գլխավոր ձեռքբերումներից մեկը: Ասվում էր, որ ՈՒկրաինան նախապատրաստում է իր վերապահումը, բայց տեղեկատվությունը չհաստատվեց: Ամփոփիչ հռչակագրում նշվում է «20 կոնկրետ խնդիրների մասին մինչև 2020-ը», որ բաժանված են 4 ուղղություններով` տնտեսության զարգացում, իշխանության ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության ամրապնդում, տրանսպորտային ինֆրակառույցների և էներգետիկայի ոլորտի զարգացում:


Հարևանության ծրագիր, այլ ոչ թե ԵՄ ընդլայնում
«Ռիգայի վեհաժողովի իմ փորձը ցույց է տալիս, որ մինչև վերջին պահը կարող են անակնկալներ լինել»` լրագրողներին ասում էր Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչսը: Այս վեհաժողովում ոչ լավ, ոչ վատ անակնկալներ չեղան: Արևելյան գործընկերությունը հերթական անգամ ցույց տվեց, որ ի վիճակի չէ դուրս գալ իր լիմիտների սահմաններից: Չնայած «Երկու արագությունների Եվրոպա» և «Արևելյան գործընկերություն+» երկու նախագծերի մասին խոսակցություններին, դատելով ընդունված փաստաթղթերից և ԵՄ ղեկավարների ելույթներից ամփոփիչ ասուլիսում` այս վեհաժողովի գլխավոր ուղերձը միասնության ցուցադրումն է: ԵՄ-ն ընդունում է ասոցացման համաձայնագիր ստորագրած իր արևելյան 3 հարևանների «եվրոպական ձգտումները», նաև` եվրաինտեգրման սեփական մակարդակն ընտրելու բոլորի ինքնիշխան իրավունքը: Միով բանիվ` ով ավելին է ուզում, կա հարաբերությունների երկկողմ ձևաչափը, բայց ԵՄ անդամության երաշխիքներ այդ երկրներին չի տրվում: Որ ԱԼԳ-ն հարևանության, այլ ոչ թե ընդլայնման ծրագիր է, արձանագրված է ԵՄ մամլո ծառայության տարածած փաստաթղթի 1-ին կետում` «10 միֆ Արևելյան գործընկերության մասին»: Եվրապաշտոնյաները խնդրում են այդ թեմայով սպեկուլյացիաներ չանել: Այնուամենայնիվ, ամփոփելով վեհաժողովը, հնարավոր չէ չնշել ԵՄ դիրքորոշումների երկակիությունը: Եթե ոմանք պնդում են, որ անդամության հեռանկարի մասին խոսք լինել չի կարող, մյուսները վստահեցնում են, որ «Եվրոպայի դռները բաց են մնում»: Զարմանալի չէ, որ այդ բառերն ասաց ոչ այլ ոք, եթե ոչ ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը: Նա Լեհաստանի վարչապետն էր, երբ իր երկիրը Շվեդիայի հետ նախաձեռնեց Արևելյան գործընկերությունը 2008-ին: Ամփոփիչ ասուլիսում նա ասաց, որ կյանքի առաջին մասն անցել է սովետական դաշինքում, երկրորդը` «ազատ աշխարհում»: «Եթե դա լիներ գեղեցկության մրցույթ, ես չէի տատանվի` ում տալ մրցանակը»` ամփոփեց Դոնալդ Տուսկը:
RFI


Հ.Գ. Թերևս դիրքորոշումների երկակիության մասին պնդումն էլ է միֆ` ի վերջո ինչ ծրագրեր էլ ընդունվեն ու նախատեսվեն, գալիս է կյանքը և ասում իր ամփոփիչ խոսքը: Արևելյան գործընկերության հինգերորդ վեհաժողովում Ֆեդերիկա Մոգերինին ու Էդվարդ Նալբանդյանը արեցին այն, ինչ երրորդ վեհաժողովում 2013-ին Վիլնյուսում չեղավ: Դոնալդ Տուսկն ասաց` «Մենք վերամիավորում ենք Եվրոպան»: Ինչ-որ պահի ԵԽ հերթական նախագահը դա կասի ԵՄ-ՌԴ համաձայնագրի ստորագրումից հետո: Դա ևս միֆ չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ