Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կառլես Պուչդեմոն. Կատալոնիային չեն ստիպի լռել

Կառլես Պուչդեմոն. Կատալոնիային չեն ստիպի լռել
13.01.2018 | 10:00

Կատալոնիայի ժողովրդի ձայնը լռեցնելու Իսպանիայի կառավարության փորձը ձախողվեց` գրում է ԱՄՆ Politico-ի բրյուսելյան հրատարակության մեջ Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը: Կատալոնիայի խորհրդարանի ընտրություններում դեկտեմբերին անկախության կողմնակից կուսակցությունները իրենց պատմության մեջ մեծագույն աջակցությունը ստացան: Անկախության աջակիցների թիվը 113 000-ով ավելի էր, քան 2015-ի խորհրդարանական ընտրություններում և 35 000 ավելի, քան հոկտեմբերի անկախության հանրաքվեում: Ավելին` Կատալոնիայի խորհրդարանի ընտրությունների համար ռեկորդային էր ընտրողների մասնակցությունը: Վերջնական հաշվարկը ցույց է տալիս, որ անկախությանը տրվել է 2079340 ձայն (180 000-ով ավելի, քան ստացել է սահմանադրականների դաշինքը): Հաղթահարվել է ոչ միայն 2 միլիոն ձայնի շեմը, այլև անկախության աջակցության տրամադրությունները ամրապնդվել են ու տարածվում են: Այս թվերը վավերացնում են հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքները: Ես ուզում եմ ընդգծել այդ թվերը, որովհետև այդ թվերի, ոչ թե քարոզչության վրա պետք է սեփական կարծիք ձևավորել ու որոշում ընդունել: Արդյունքները ամբողջությամբ հերքում են դրույթը, որ Իսպանիայի պետությունն աջակցում ու տարածում էր` որ անկախության աջակցության տրամադրվածությունն անկում է ապրում ու փոքրամասնությանն է պատկանում: Ճիշտ չէ: Մադրիդից ազատվելու ցանկությունը մեծանում է, արտահայտում է մեծամասնությունը և չի անցնում` չնայած վիթխարի դժվարությունների է բախվում: Դա արժանի է ուշադրության ու հարգանքի: Ոչ մեկը, ոչ մյուսը Իսպանիայի կառավարությունը կամ ԵՄ-ն չառաջարկեցին: Կատալոնիայի անկախության ցանկությունը ռեալ ֆենոմեն է, որին մասնակցում են եվրոպացի քաղաքացիները, որն արտահայտված է անթերի ժողովրդավարական ու խաղաղ ձևերով:


Ընտրություններից համարյա երեք շաբաթ անց Իսպանիայի կառավարությունը չի ցանկանում ճանաչել արդյունքներն ու ընդունել իր ռեպրեսիվ մարտավարության պարտությունը: Մադրիդն ուժի մեջ է թողնում ինքնավարության կասեցումը, Կատալոնիայի կառավարության մեկուսացումն ու մեր ինքնավարությանը միջամտությունը: Եվրոպացի որոշ ղեկավարներ կարող են շարունակել լռություն պահպանելը ի դեմս կառավարության, որ ակնհայտորեն չի ընդունում ընտրությունների արդյունքները: Մենք այլևս չենք զարմանում, բայց մենք հիասթափված ենք: Աներկբա Իսպանիայի կառավարության կողմն անցնելը չի օգնում լուծել խնդիրը, որ ռեալ է, սրվում է ու չի վերանա մահակների կիրառմամբ, բանտեր նստեցնելով, արտաքսումներով ու արգելքներով: Մադրիդին պետք է հասկացնել, որ երկխոսություն է պետք, բանակցություններ ու համաձայնություն ապագա հարաբերությունների վերաբերյալ, որ մենք` կատալոնացիներս ուզում ենք ունենալ Իսպանիայի հետ` հարաբերություններ հիմնված հարգանքի, ճանաչումի, համագործակցության ու հավասարության վրա:
Կառլես ՊՈՒՉԴԵՄՈՆ, Politico


Հ.Գ. Եվրոպան, իհարկե, գերադասում է ուշադրությունը կենտրոնացնել Գերմանիայի վրա, որտեղ Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններից հետո դեռ կառավարություն չի ձևավորվել, Չեխիայի վրա, որտեղ հունվարի 12-13-ին նախագահ են ընտրում, թեպետ Չեխիան խորհրդարանական հանրապետություն է և կարևոր որոշումները վարչապետն է ընդունում, Իտալիայի վրա, որտեղ խորհրդարանական ընտրություններ են լինելու, բայց ոչ Կատալոնիայի` համարելով Իսպանիայի ներքին գործ: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հաշվարկները սխալ ստացվեցին` նա վստահ էր, որ Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անկախության կողմնակիցները կպարտվեն ու հարցը կփակվի ինքնին: Հարցը մնաց բաց: Մարիանո Ռախոյի ժողովրդական կուսակցությունը իշխանության եկավ 2016-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելով: Մինչև 2021-ը Ռախոյը չի կարող Կատալոնիայի հարցը օդում կախված թողնել: Նա պիտի որոշում ընդունի: Եվ այդ որոշումը ոչ միայն քաղաքական համառություն, այլև իմաստնություն է նրանից պահանջում: Ռախոյը ստիպված է.
1. Ազատ արձակել անկախության հանրաքվեից հետո ձերբակալված կատալոնացի պաշտոնյաներին:
2. Հետ կանչել Կատալոնիայիում Մադրիդի ուղիղ կառավարում մտցնելու որոշումը, որը ժամանակավոր էր` մինչև ընտրությունները:
3. Հնարավորություն տալ Կատալոնիային` իշխանություն ձևավորել ընտրությունների արդյունքներով:
4. Բանակցություններ սկսել Կատալոնիայի նոր իշխանության հետ` շրջանին տալով ավելի մեծ ազատություններ` տնօրինելու իր ֆինանսներն ու եկամուտները:
5. Հանուն միասնական Իսպանիայի` սկսել Սահմանադրության վերանայման գործընթաց: Կատալոնիայից բացի այլ շրջաններ ևս ունեն անկախական տրամադրություններ: Բռնություններն այդ տրամադրություններն ավելի են խորացնում` ինչպես Կատալոնիայի օրինակը ցույց տվեց: Պետք է գտնել համագործակցության փոխադարձ ընդունելի տարբերակ և խմբագրված Սահմանադրությունը դնել համաժողովրդական հանրաքվեի մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները:
6. Կատալոնիայի հանրաքվեին հաջորդած իրադարձությունները տնտեսական զգալի վնաս հասցրին թե շրջանին, թե երկրին: Սոցիալական վիճակի վատացումը շատ ավելի կսրի բողոքական տրամադրությունները ոչ միայն Կատալոնիայում, այլև ամբողջ Իսպանիայում: Մարիանո Ռախոյի առաջնահերթ խնդիրը պետք է լինի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական վիճակի շտկումը:
7. Այս ընթացքով 2021-ի խորհրդարանական ընտրություններում Ժողովրդական կուսակցության հաղթանակը, քաղաքական մեծ մրցակցության պայմաններում, դառնում է կասկածելի: Մարիանո Ռախոյը պետք է մտածի իր գլխավորած կուսակցության ու իր քաղաքական ապագայի մասին:


Ի վերջո` Կառլես Պուչդեմոնի ճակատագիրը չէ ամենակարևորը: Նրա թիկունքում
2079340 մարդ կա, նրանց հետ հաշվի չնստել հնարավոր չէ:
Բացի Իսպանիայի վարչապետից, իր ՙտնային աշխատանքն՚ ունի նաև Եվրամիությունը: Տուսկը, Տայանին, Մոգերինին և ԵՄ պետությունների ղեկավարները շատ լուրջ ու ծանր հարց ունեն օրակարգում, որից հնարավորինս խուսափում են` վախենալով ԵՄ տրոհումից, իսկ հարցը նրանց վախից չի անհետանում և առավել է սրվում` ի վերջո միջազգային իրավունքի տեսակետից պետք է կողմնորոշվել ո՞ր սկզբունքն է գերակա` տարածքային ամբողջականությա՞ն, թե՞ ազգի ինքնորոշման: Սա շրջադարձային ու դարակազմիկ որոշում է լինելու համաշխարհային մակարդակով: 21-րդ դարի գուցե ամենակարևոր որոշումը, և` անխուսափելի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ