Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարեն Կարապետյանի պատասխան ա՞յցը, թե՞ փակ շրջանակ

Կարեն Կարապետյանի պատասխան ա՞յցը, թե՞ փակ շրջանակ
17.01.2018 | 10:20

Տեսա՞ք` ինչ արագություն է հավաքում իշխանությունը` կառավարման մոդելի փոփոխության անցնցում անցման համար, որը ճաքեր է տալիս: Հունվարի 11-ին ՊԵԿ նախագահը գնում է նախագահական` զեկուցելու 2017-ի արդունքների ու 2018-ի անելիքների մասին: 15-ին վարչապետ Կարեն Կարապետյանն է գնում ՊԵԿ` լսելու 2017-ի արդյունքները և 2018-ի անելիքները: Ի՞նչ տարբերություններ կան երկու զեկույցների միջև:


1. Կամա-ակամա ստացվեց, որ Կարեն Կարապետյանի այցը պատասխան էր նախագահականի հանդիպմանը: Բայց վարչապետը ոչ թե ընդունեց, այլ ինքը գնաց:

2. Գնահատականների հարցում տարբերություններ չեղան` նախագահն էլ, վարչապետն էլ ՊԵԿ-ից գոհ էին:
3. Հանձնարարականների հարցում էլ տարբերություններ համարյա չեղան: Միակ տարբերությունը` վարչապետին իրենց զեկույցը ներկայացրել են ոչ միայն Վարդան Հարությունյանը, այլև ՊԵԿ-ի մյուս ղեկավար աշխատակիցները, և յուրաքանչյուր զեկույցից հետո նա, ըստ պաշտոնական հաղորդագրության, ողջունել է ու վերջնական եզրակացությունն էլ եղել է. «ՊԵԿ-ի 2017-ի աշխատանքը գնահատում եմ դրական և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: 2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք: Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր: Եթե այդ դաշտն ապահովենք, մնացած բոլոր խնդիրները որպես ածանցյալ լուծվելու են: Եվ վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել»: Եթե նկատեցիք` 2018, 2019, 2020-ի համար վարչապետը ասել է` մենք դա կարող ենք անել: Արժի՞ բացատրել` ի՞նչ տարբերություն կա` «Դուք դա կարող եք անելու» և «Մենք դա կարող ենք անելու» միջև:
4. Չարժի նաև բացատրել, թե ինչ դեր ունի ՊԵԿ-ը պետության կյանքում և պետության կյանքի կազմակերպման մեջ: Գործնականում ՊԵԿ-ի հաջող աշխատանքից կամ աշխատանքի ձախողումից է կախված պետական բյուջեի կատարումը: Վարդան Հարությունյանը կարող է հայտնվել երկիմաստ վիճակում: Մի կողմից` եթե Կարեն Կարապետյանի աշխատանքային գրքույկում չլիներ «ՀՀ վարչապետ» տողը, Վարդան Հարությունյանի աշխատանքային գրքույկում չէր լինի «ՊԵԿ նախագահ» տողը: Մյուս կողմից` դա չի նշանակում, որ Վարդան Հարությունյանը նշանակման համար 100 տոկոսով շնորհակալ պիտի լինի միայն Կարեն Կարապետյանին, և Սերժ Սարգսյանը ՊԵԿ վերահսկողությունը թողել է այդ երկուսին: Եվ ու՞ր կլինի Վարդան Հարությունյանը մայիսին:
5. Հարց է` այսօր կամ վաղը Կարեն Կարապետյանը կկատարի՞ երկրորդ պատասխան քայլը` գնաճի հարցով խորհրդակցություն հրավիրելով, թե՞ նախագահականում անցկացված խորհրդակցությունն ու տրված հանձնարարականները կհամարի բավարար` պատասխանատվությունը «փոխանցելով» նախագահին ու խորհրդարանին` իր լսումներով:
6. Կարո՞ղ է գնաճը դառնալ կառավարության հրաժարականի պատճառ` քավության նոխազ նշանակելով վարչապետին: Այդ դեպքում հաջորդ` խիստ ժամանակավոր, կառավարությունը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի: Ո՞վ պետք է հրաժարվի իր գերշահույթից իշխանական բուրգի ներսում:
7. ՊԵԿ-ը, իհարկե, գործում է թափանցիկ, բայց միշտ էլ կան տվյալներ, որ չեն թափանցում թափանցիկության դաշտ և քաղաքական որոշում է պետք` փարատելու ՀՀ նախագահի ասած «ագահության» կասկածները և գտնելու գնաճը կանխելու ֆինանսական միջոցներ` առանց համակարգը քանդելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Գնաճը կարո՞ղ էր անհետևանք անցնել քաղաքական դաշտի համար, եթե «Ելքը» լռեր: Դատելով խորհրդարանական ու արտախորհրդարանական մյուս ուժերի եզակի ու միահամուռ համաձայնությունից` այո: Բայց դրանից գնաճը չէր նվազի: Այսօր երթուղայինների վարորդները գործադուլ են անում, վաղը նրանք և ուղևորներից շատերը, հակառակ 2040-ին 4 միլիոն լինելու ծրագրին, կհեռանան Հայաստանից` տուն պահելու համար: Երեկ վարչապետը այցելել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ծանոթանալու 2017-ի արդյունքներին ու 2018-ի անելիքներին: Նախարար Վահան Մարտիրոսյանը խոսքը տվել է տեղակալներին և նախարարության ենթակա կառույցների ղեկավարներին՝ իրենց ոլորտներում կատարված աշխատանքները ներկայացնելու համար: Երկար-բարակ թվարկումներից ու հանձնարարականներից հետո պաշտոնական տեղեկատվության մեջ թանկացումների ու հետևանքների վերաբերյալ 2 տող կա միայն. «Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել 2018-ի հունվարի 1-ից սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային բարձրացումների հարցին»: Վերջ: Այսինքն` լուծումները վարչապետը չի տալու: Եթե նախագահը խորհրդակցություն է հրավիրում, վարչապետը անդրադառնում է, ԱԺ նախագահը լսումներ է կազմակերպում, ո՞վ է հարցը լուծելու: Փակ շրջանա՞կ, թե՞ ելք կա:

Դիտվել է՝ 1585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ