Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վրաստանը հրաժարվում է Ռուսաստանի հետ առճակատումից

Վրաստանը հրաժարվում է Ռուսաստանի հետ առճակատումից
18.01.2018 | 10:43

Թբիլիսիի հմայիչ Հին քաղաքի փայտե պատշգամբների տակ պսևդոհնամենի ցուցանակներին, որ առաջարկում են գինի համտեսել, ռուսերենն այդքան չես հանդիպի, որքան վրացերենը կամ անգլերենը: Ռուսաստանի ու Վրաստանի 2008-ի պատերազմից հետո ռուսաստանցի զբոսաշրջիկները դադարեցին Վրաստան գնալ: Այդ պատճառով հյուրերին ավելի հաճախ դիմում են անգլերեն: Բայց հիմա ռուսները վերադարձել են: Նրանց հետ էլ լեզուն: Վրաստանի քաղաքական գործիչների նոր սերունդը նախընտրում է Ռուսաստանին պրագմատիկ վերաբերվել: Մինչև հիմա երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ: Սակայն պաշտոնյաները պարբերաբար երկկողմ բանակցություններ են վարում: Իսկ գործնական նախաձեռնությունները թույլ են տալիս հեշտացնել առևտուրը, տեղաշարժն ու բեռների փոխադրումը:

«Ներկա կառավարությունը հնարավորինս ջանում է Ռուսաստանի հետ թշնամություն չանել»` ասում է լատվիացի քաղաքական գործիչ ու դիվանագետ Օյար Կալնինշը: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու օրոք ամեն ինչ այլ էր: Նա հաճույք էր ստանում` սադրելով Վլադիմիր Պուտինին, ում, ըստ լուրերի, անվանում էր «Լիլիպուտին», և բացահայտ հիանում էր ԱՄՆ-ով, որ իրեն համարում էր ժողովրդավարության ճառագայթ` ավտոկրատների տարածաշրջանում: Ռուսաստանի հետ հարաբերություններում լարումը մեծանում էր և գագաթնակետը դարձավ հնգօրյա պատերազմը, որ Վրաստանը տանուլ տվեց: Իր նախագահության վերջին տարիներին Սաակաշվիլին ավելի ավտորիտար էր դարձել և 2012-ի խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը պարտվեց «Վրացական երազանքին»` շարժում, որ ղեկավարում էր Վրաստանի ամենահարուստ մարդը` Բիձինա Իվանիշվիլին:

Կարելի՞ է ասել, որ Վրաստանը երես է թեքում Արևմուտքից ու վերադառնում է Ռուսաստանի ուղեգիծ: «Առճակատմանը, որ գերիշխում էր Սաակաշվիլու շրջանում, փոխարինել է զուսպ տոնը, սակայն բովանդակությունը շատ չի փոխվել»` կարծում է Սալոմե Զուրաբիշվիլին, որ Սաակաշվիլու օրոք ԱԳ նախարար էր, իսկ հիմա` խորհրդարանի անկախ պատգամավոր: Վրաստանը ձգտում է անդամակցել ԵՄ-ին: Սահմաններին վերաբերող առանցքային հարցերում շարունակում է մնալ նույն դիրքերում: Վրաստանի կառավարությունը, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն համարում են Ռուսաստանի աջակցությունն ունեցող Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստանի օկուպացված տարածքներ: ԵՄ պաշտոնյաները ուրախ են Վրաստանի «պրագմատիկ, բայց սկզբունքային» վերաբերմունքից Ռուսաստանի նկատմամբ: Նրանք հույս ունեն, որ ավելի հանգիստ հռետորաբանությունը, առևտրի ու տրանսպորտային հաղորդակցության կայացումը կբարելավեն մթնոլորտը և կմեծացնեն սահմանային վեճի կարգավորման հավանականությունը: Սակայն Վրաստանի հաշտարար քայլերը դեռ պատասխան քայլեր չեն ստացել Ռուսաստանից: Աբխազիան ու Հարավային Օսիան ավելի շատ են ինտեգրվում ռուսական կառույցներին, անցակետերը փակվել են, իսկ անցած տարի Ռուսաստանը այդ շրջանների փաստական սահմանը տեղաշարժեց վրացական տարածքի խորքը: Մինչդեռ Վրաստանն ավելի է մերձենում ԵՄ-ին: Պաշտոնյաները Վրաստանն անվանում են մեկն այն երկրներից, որ ավելի շատ շանսեր ունեն անդամակցելու այդ ակումբին` շնորհիվ այնտեղ անցկացվող քաղաքական բարեփոխումների: 2016-ին ուժի մեջ մտավ ասոցիացիայի համաձայնագիրը, որ հեշտացնում է ԵՄ-Վրաստան առևտուրը: 2017-ի մարտին ԵՄ-ն Վրաստանի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի արտոնագիր տվեց: Հետագա առաջընթացն առայժմ հարցականի տակ է` Վրաստանի համար ծայրահեղ դժվար է իր օրենքները համապատասխանեցնել ԵՄ-ի չափանիշներին բնապահպանության ու աշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտներում: Որոշ փորձագետներ նույնիսկ անհանգստանում են, որ «Վրացական երազանքը» ճնշում է ընդդիմությանը:

2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը ստացավ բազում դրվատական արձագանքներ իր առաջին խաղաղ քաղաքական իշխանափոխության համար` անկախություն ձեռք բերելուց հետո: Բայց հետո նախկին կառավարության տասնյակ պաշտոնյաներ ձերբակալվեցին և նրանց մեծ մասին իշխանության չարաշահման մեղադրանք ներկայացվեց: Նրանցից մեկն էր նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, որ մինչև այսօր բանտում է: «Վրացական երազանքը» համախմբեց իշխանությունը, բայց մենք մինչև այսօր չենք տեսնում զսպումների ու հակակշիռների արդյունավետ մեխանիզմ»` ասում է «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի անդամ Վանո Չխիկվաձեն: Հատուկ անհանգստություն է հարուցում անթափանցությունը, որ շրջապատում է Բիձինա Իվանիշվիլուն: Նա մինչև այսօր երկրի ամենաազդեցիկ մարդն է, թեպետ 2013-ին հեռացավ վարչապետությունից: Մինչև քաղաքականություն մտնելը նա բավականաչափ խորհրդավոր անձ էր` հայտնի տանը պահվող կենդանիների իր տարօրինակ նախասիրություններով` կենգուրու, զեբր, պինգվին, և շռայլ բարեգործություններով: Նա վճարեց իր ծննդավայրում գյուղացիների նոր տների ու Թբիլիսիում նոր շքեղ եկեղեցու կառուցման ծախսը: Ժամանակ առ ժամանակ ֆինանսական օժանդակություն էր տրամադրում մտավորականներին: Նա մինչև հիմա շարունակում է թելերը ձգել Թբիլիսիին նայող իր ֆուտուրիստական դղյակից, իսկ նրա առատաձեռնությունը մեծացնում է նրա ազդեցությունն ու հեղինակությունը: Ասում են` նախարարները նշանակվում ու պաշտոնանկվում են նրա կամքով: Որոշ վերլուծաբաններ համարում են, որ Իվանիշվիլին «Վրացական երազանքի» ընտրյալ քաղաքական գործիչներին թույլ է տալիս մեծացնել իրենց վերահսկողության աստիճանը: Եթե այդպես է, Վրաստանը, գուցե, զարգացման նոր փուլ է մտնում: Այսօր վրացական կառավարությունը չունի իշխող գաղափարախոսություն: Քանի որ կառավարությունը բախվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրներին և ընտրողներին համոզելու անհրաժեշտությանը, որ հանուն ԵՄ անդամակցության բարեփոխումները իրոք արժեն գործադրվող ջանքերին, չէր խանգարի ինչ-որ տեսլական ունենալ: Միխեիլ Սաակաշվիլին, չնայած իր բոլոր թերություններին, միշտ ուներ: «Նա խելահեղության աստիճանի կրեատիվ էր»` ասաց Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի համար շատ ավելի լավ է առանց խելահեղության, բայց մի քիչ կրեատիվությունը չէր խանգարի:
The Economist, Մեծ Բրիտանիա


Հ.Գ. Եվ ո՞վ է կրեատիվության թեման բարձրացնում` սառը Ալբիոնը, որ ԵՄ-ն անվանում է ակումբ: Բայց` բրեկզիտից հետո: Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը հատկապես կարևոր է մեզ համար, որ արտաքին աշխարհ ցամաքային երկու ելք ունենք` Իրանով ու Վրաստանով: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը հրապարակավ ոչ Թբիլիսին, ոչ Մոսկվան չեն անդրադառնում, թեպետ հարցը կողմերի օրակարգում է: Եվ գուցե գա պահ, որ այլևս չկապվի Հարավային Օսիայի ու Աբխազիայի խնդրի հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ