Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նազարբաևի 5+1-ը Թրամփի հետ

Նազարբաևի 5+1-ը Թրամփի հետ
21.01.2018 | 12:01

Աշխարհը, իհարկե, ընտելացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անակնկալներին, բայց նա շարունակում է զարմացնել: Հունվարի 16-ին նա Սպիտակ տանը ընդունեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և Օվալաձև աշխատասենյակում ստորագրեց Ընդլայնված ռազմավարական գործընկերության համաձայնագիր, 7 միլիարդ դոլարի ևս 20 պայմանագրերեր: Դա առաջին անգամ էր` նման փաստաթուղթ և փոխհարաբերությունների այդպիսի մակարդակ ԱՄՆ-ը չունի ԵԱՏՄ ու ՀԱՊԿ որևէ պետության հետ: Ղազախստանը, որպես Միջին Ասիայի հետխորհրդային երկրների ԱՄՆ հիմնական ռազմավարական գործընկեր` Վաշինգտոնի հետ ունենալու է տնտեսական, ռազմաքաղաքական և անվտանգության ընդհանուր շահեր: Նուրսուլթան Նազարբաևը` ԵԱՏՄ-ի կնքահայրը, մի կողմ թողած իր «սանիկին» ու ՀԱՊԿ-ը` համագործակցում է մի պետության հետ, որ համարյա պաշտոնապես Ռուսաստանի թշնամին է: Իսկ այդ «թշնամին» բացարձակապես անտեսում է, որ գործընկերը ասիական «բռնապետ» է, ում երկրում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները խորհրդային սինդրոմի շրջանակներում են: Եվ, այնուամենայնիվ, Նազարբաևը նոր չի սկսել «արևմտյան շեղումը»` 2015-ին Աստանան համագործակցության համաձայնագիր է ստորագրել Բրյուսելի հետ: Համագործակցում է Պեկինի հետ: Բնական է, որ երրորդը պետք է լիներ Վաշինգտոնը: Առավելևս, որ Աստանան խորացնում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Հավելեք, որ Ղազախստանը ստանձնել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահությունը:


7 միլիարդը, իհարկե, թիվ է, բայց այնքան տպավորիչ չէ, որքան Նազարբաևի հայտարարությունը և խնդրանքը Թրամփին. «Մի կողմից մեր հարևանը Ռուսաստանն է, մյուս կողմից` Չինաստանը, հարավում իսլամական աշխարհն է: Եվ այստեղ շատ կարևոր է ԱՄՆ-ի ներկայությունն ու համագործակցությունը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ` 5+1 ձևաչափում: Ես խնդրում եմ նախագահին շարունակել մեր այդ համագործակցությունը»: Նազարբաևն ասել է, որ Սպիտակ տանն է ոչ միայն Ղազախստանի, այլև Կենտրոնական Ասիայի մյուս պետությունների անունից: Փաստացի` Նուրսուլթան Նազարբաևը Դոնալդ Թրամփից պաշտպանություն է խնդրում Ռուսաստանից, Չինաստանից ու իսլամից: Հրապարակավ:
Եվ ոչ մեկին դա չի զարմացնում: Ռուսաստանը չի արձագանքել ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահի ԱՄՆ վոյաժին` պայմանագրերին ու հայտարարություններին: Որևէ մակարդակով` պաշտոնականից` նախագահ, վարչապետ, ԱԳ նախարար, մինչև «Զվեզդա» ու քարոզչամիջոց հեռուստաալիքներ: Կամ Նազարբաևը կանխել է, կամ հակադարձել: Կամ էլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի տարբերությունն է աշխատել: Միայն չասեք` ոչ այս, ոչ այն: Պարզապես Ղազախստանը Հայաստան չէ Ռուսաստանի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այդքանով Նուրսուլթան Նազարբաևի ԱՄՆ վոյաժի հետևանքները չեն սահմանափակվում: RFI-ին հաղորդում է, որ հունվարի 19-ին ԱՄՆ եռօրյա այցի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում Ղազախստանի նախագահը պատմել է Դոնալդ Թրամփի նախաձեռնության` Դոնբասի հարցով բանակցությունները Մինսկից «այլ տեղ» տեղափոխելու մասին: Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել այդ առաջարկը: Նազարբաևն ասել է, որ երկկողմ բանակցությունների ժամանակ Թրամփն ընդունել է Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի կարգավորման Մինսկի բանակցությունների անարդյունավետությունը և առաջարկել «այլ տեղ փոխադրել»: «Նա ասում է. «Արի` ուրիշ տեղ»: Ես ասում եմ «Եկեք»` փոխանցել է Նազարբաևը Թրամփի հետ խոսակցությունը: Հետո նա հայտարարել է, որ իսկզբանե Դոնբասի հարցով բանակցությունները պետք է Ղազախստանում լինեին: «Ընդհանրապես, ամենասկզբից` դա պետք է Ղազախստանում լիներ: Ես այցեր արեցի, որ բոլորին հավաքեմ, որ իրար հանդիպեն: Պայմանավորվեցինք, որ այդ ուղղությամբ պիտի աշխատենք»` ասել է Նազարբաևը: Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը մեկնաբանել է Նազարբաևի հայտարարությունը` «Հազիվ թե ինչ-որ բան կախված է բանակցությունների վայրից: Ուկրաինայի հարցով բանակցությունները կարելի է տեղափոխել թեկուզ Անտարկտիդա, եթե հաջողության վստահություն կա: Այդ վստահության համար պետք է, որ կոնֆլիկտում ներգրավված բոլոր անմիջական կողմերը, նաև իբր «կողմնակիները», բայց շատ շահագրգիռ պետությունները, անկեղծորեն նպատակադրված լինեն դադարեցնել արնահեղությունը»:
Դոնբասի իրավիճակի կարգավորման Մինսկի ձևաչափը ստեղծվեց 2014-ի օգոստոսին, երբ Բելառուսի մայրաքաղաքում հանդիպեցին Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահները` Գերմանիայի կանցլերի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ: Ու Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ հնարավորություն ստացավ ֆրաու Մերկելի ձեռքը համբուրել, մսյե Օլանդի ձեռքը սեղմել, բանակցողներին տնական հավի ձվերով ձվածեղ ու տնական կաթ իր ձեռքով մատուցել` ինչպես հետո ինքն էր պատմում` բանակցություններում Բելառուսի ու անձամբ իր ներդրումի մասին: Դա «Եվրոպայի վերջին բռնակալի»` միակ հնարավորությունն էր Եվրոպայի տերերի հետ հարաբերվելու ու Մակեյը իզուր է հանդիպման տեղը այդքան հեշտ ու հանգիստ Անտարկտիդա տանում, Մինսկը ստացավ իր դիվիսենտները լիուլի: Նորմանդական քառյակի երկրորդ հանդիպումը 2015-ի փետրվարին էր:


Բայց Նուրսուլթան Նազարբաևն էլ ձեռնունայն չմնաց` նա էլ, զուգահեռ ՄԱԿ-ի հովանու ներքո Ստաֆան դե Միստուրայի միջնորդությամբ Ժնևի բանակցություններին, ստացավ Սիրիայի իրավիճակի կարգավորման քաղաքական բանակցությունների Աստանայի գործընթաց: Ոչ նորմանդական քառյակը Մինսկում, ոչ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակը Աստանայում հարցի լուծման չեն հասել: Հունվարի 19-ի ասուլիսում Նուրսուլթան Նազարբաևի անկեղծանալու պատճառը նորմանդական քառյակի բանակցությունները Մինսկից Աստանա փոխադրելու ցանկությունը չէ: Ղազախստանի նախագահը փաստացի վկայել է, որ ԱՄՆ նախագահը իր հետ քննարկել է միջազգային օրակարգի մակարդակի խնդիրներ և ինքը մեկն է այդ խնդիրները լուծողներից: Դա մարտահրավեր է ոչ թե Լուկաշենկոյին, այլ` Պուտինին: Հետաքրքիր է` ինչքա՞ն է Մոսկվան լռելու:

Դիտվել է՝ 1984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ