Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Կրեմլյան զեկույցը» Կոնգրեսում է

«Կրեմլյան զեկույցը» Կոնգրեսում է
31.01.2018 | 10:36

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է քաղաքական գործիչների ու օլիգարխների ցանկը, որ կապեր ունեն Վլադիմիր Պուտինի հետ` Կրեմլյան զեկույցը, ըստ` 2017-ի օգոստոսին Դոնալդ Թրամփի ստորագրած պատժամիջոցների մասին օրենքի: Փաստաթղթում 210 անուն կա` 114 բարձրաստիճան պաշտոնյա և 96 օլիգարխ: Կրեմլյան զեկույցում ներառված են Ռոման Աբրամովիչը, Օլեգ Դերիպասկան, Յուրի Միլները, որ մինչ այդ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների տակ չեն եղել: Ցանկում ներառվածները մեխանիկորեն չեն բախվելու պատժամիջոցների` ԱՄՆ-ում ունեցած ակտիվների սառեցում կամ ԱՄՆ վիզաների արգելք, սակայն նրանց ներառումը ցուցակում կարող է դրդել բանկերին և ԱՄՆ-ի ու Եվրոպայի այլ կազմակերպությունների, նրանց հետ բիզնես չանել` գրում է Բլումբերգը:


2017-ի օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին» օրենքը, որն արձանագրում էր` 180 օրում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը համագործակցելով ազգային հետախուզության ղեկավարի ու պետքարտուղարի հետ` պետք է նախապատրաստի ու Կոնգրես ներկայացնի ռուսական բիզնեսի ու իշխանությունների կապի մասին զեկույց: Հաջորդ ամիսներին ռուսական ու արտասահմանյան ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում էր զեկույցի այն մասը, որը տեղեկություններ պիտի պարունակեր ՌԴ նախագահի ու օլիգարխների կապերի մասին: Վարչակազմը պետք է տեղեկություններ հավաքեր և ընտանիքների անդամների մասին` կանանց, երեխաների ու ազգականների ակտիվների, ներդրումների ու բիզնես շահերի: Զեկույցում պետք է տեղեկություններ լինեին օլիգարխների արտասահմանյան ակտիվների, կոռուպցիոն դեպքերի մասին: ԱՄՆ պաշտոնյաները պատրաստվում էին զեկույցում ներառել տեղեկություններ պետական կապիտալով ռուսական ձեռնարկությունների մասին (օրենքում անվանված են «կիսապետական»), տնտեսության մեջ նրանց դերի, ղեկավարների ու հիմնական բաժնետերերի, արտասահմանում նրանց բիզնես շահերի մասին: Այդ նկարագրին համապատասխանում են, օրինակ, Արտաքին տնտեսական բանկն ու «Գազպրոմը»: Նյութերի մեջ պետք է գնահատական տրվեր օլիգարխների նկատմամբ պատժամիջոցների արդյունավետությանը (ակտիվների սառեցում, ԱՄՆ մուտքի արգելք), նաև ռուսական պետական ու կիսապետական ընկերություններին: ԱՄՆ վարչակազմը պետք է գնահատեր` ինչպե՞ս են պատժամիջոցները ներգործում ընկերությունների ու բիզնեսմենների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ԱՄՆ դաշնակիցների տնտեսության վրա: Վարչակազմը պետք է նաև զեկույց ներկայացներ, թե ի՞նչ հնարավոր արդյունք կտա ռուսական պետպարտքը գնելու արգելքը:


Այս զեկույցների ներկայացումը Կոնգրես չի նշանակում, որ պատժամիջոցները մեխանիկորեն սկսում են գործել: Բայց ցուցակում օլիգարխների հայտնվելը կարող է վնասել նրանց հեղինակությանը` արևմտյան գործընկերները կարող են դադարեցնել նրանց հետ բիզնեսը` պրոբլեմներից խուսափելու համար:
Պատժամիջոցների ցանկի վրա աշխատանքը հրապարակայնորեն չի քննարկվել: Վաշինգտոնի Atlantic Council վերլուծական կենտրոնի փորձագետներ Անդերս Օսլունդը, Անդրեյ Իլարիոնովը, Անդրեյ Պիոնտկովսկին ու Դենիել Ֆրիդը կազմել են չափանիշների ցանկը, որոնց համապատասխան այս կամ այն անձը կարող է ներառվել ցուցակում: Նրանց կարծիքով` «Կրեմլի ցանկում» կարող են հայտնվել մարդիկ, որ «պահում են» ՌԴ նախագահի փողերը, բիզնեսմեններ, որ Կրեմլին ծառայություններ են մատուցում, նախագահի մերձավոր շրջապատի օլիգարխների գործընկերները, պետական ձեռնարկությունների մենեջերները, ոսկի երիտասարդությունը` օլիգարխների զավակները: Անդերս Օսլունդը կարծում է, որ պետք է տարբեր խթաններ լինեն, որ մարդիկ չցանկանան Պուտինի հետ մոտ ընկեր լինել: Ատլանտյան խորհրդի նախագահ Ֆրեդերիկ Կեմպը ասում է, որ Վաշինգտոնը շատ լուրջ է վերաբերվում զեկույցին և ցուցակում կարող են 40-400 մարդ լինել:


Օսլունդը նաև ասել է, որ ռուսները բազում փորձեր են ձեռնարկել իմանալու ցուցակի մանրամասները ու կանխելու իրենց հայտնվելը ցուցակում` լոբբիստների ու փաստաբանների միջոցով: Ռուսաստանի մեծ բիզնեսում «մարդ չի մնացել, որ ամերիկացի լոբբիստներին չի դիմել»` ասել են ԱՄՆ նախագահի վարչակազմից` անանուն մնալու պայմանով, բայց դա չի նշանակում, որ լոբբիստները ռուսական ոսկու մեջ լողում են: Ռուսները ձգտում էին առանձնապես աչքի առաջ չլինել, որ չհայտնվեն ԱՄՆ վարչակազմի ռադարների տակ: Խուճապ բիզնեսմենների ու պաշտոնյաների մեջ չկար, տարեսկզբին նյարդայնությունը ավելի շատ էր, հետո բոլորը հոգնեցին վախենալուց ու սկսեցին պարզապես սպասել: ԱՄՆ Սենատի կայքի տվյալներով` լոբբիստների ստացած գումարներն իրոք շատ չեն: 2017-ին պատժամիջոցների տակ գտնվող «Գազպրոմբանկը» և «Յամաըլ» (որ պատժամիջոցների տակ չէ) լոբբիստական ընկերություններին վճարել են ընդամենը 300 000 դոլար: 2014-ից պատժամիջոցների տակ ընկած ռուսական ընկերությունները ԱՄՆ լոբբիստներին 3 միլիոն դոլար են վճարել: Հրապարակայնորեն ռուս պաշտոնյաները, մենեջերները, բիզնեսմենները վերջին մի քանի շաբաթներին պատժամիջոցների մասին խոսում էին բացարձակապես հանգիստ:
BBC


Հ.Գ. ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը կոչ է արել հունվարի 29-ին հրապարակված «կրեմլյան զեկույցին» վերաբերվել առանց հույզերի և ընդգծել է, որ փաստաթուղթը պատժամիջոցների ցուցակ չէ:

«Դա ընդամենը զեկույց է, որը պահանջվում է օրենքով և պատրաստվում ֆինանսների նախարարության ու պետական դեպարտամենտի կողմից, իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսն, ունենալով այդ զեկույցը, ընդունում է որոշում, թե ինչ անի դրա հետ: Ես կասեի. հարկ չկա, որ հույզերը գերիշխեն, խոսքը նոր պատժամիջոցների մասին չէ, այլ ընդամենը զեկույցի»,- հունվարի 30-ին ասել է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Դեսպանն ընդգծել է, որ զեկույցը այն անձանց ցուցակն է, որ ազդեցություն ունեն Ռուսաստանում: «Ոչինչ ավելին»,- հավելել է նա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ չկա ցուցակում, հրապարակավ իր «վիրավորանքն» է հայտնել և ասել է, որ առայժմ կսպասեն Կոնգրեսի քննարկումներին և դեպքերի հետագա զարգացումներին ու պատասխան քայլեր չեն ձեռնարկի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ