Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանը թուրք-ֆրանսիական հարաբերություններում

Հայաստանը թուրք-ֆրանսիական հարաբերություններում
01.02.2018 | 14:41

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը և հայտարարությունները հայկական մամուլում այդքան չլուսաբանվեցին, որքան թուրքական: Մենք, կարծես, ընտելացել ենք Ֆրանսիայից աջակցություն ստանալ և բնական ենք համարում, որ Ֆրանսիայի փոփոխվող նախագահները պետք է անփոփոխ «հայամետ» լինեն: Թեպետ իրականում ոչ Նիկոլա Սարկոզին, ոչ Ֆրանսուա Օլանդը, ոչ էլ նրանց նախորդ նախագահները ծնյալ ու համոզված հայամետներ չէին և հայկական օրակարգին անդրադառնում էին այնքան ու այնքանով, որ պետք էր Ֆրանսիայի շահերին և համաժամանակյա տնտեսական հարաբերություններ էին զարգացնում թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ: Նույնիսկ Լուվրում Ադրբեջանի «դարավոր մշակույթի» ցուցադրություն էին արտոնում: Եվ դա բնական է: Նախագահներից ու վարչապետներից այսօր միայն Դոնալդ Թրամփն է հայտարարում «Ամերիկան նախ և առաջ», բայց բոլորն էլ օրակարգի առաջին կետում ունեն իրենց երկրի շահերի պաշտպանությունն ու առաջմղումը: Քաղաքականության բովանդակությունը նույնն է, տարբեր են իրականացման ձևերը: ՈՒրեմն` ինչու՞ են թուրքական լրատվամիջոցները տագնապի ազդանշան հնչեցնում Մակրոնի ու ֆրանսահայերի հանդիպումից հետո:
«Միլլիեթը» գրում է, որ Մակրոնը մասնակցել է ընթրիքին, որին ներկա են եղել հայկական լոբբիի հայտնի դեմքեր: «Ինչպես և խոստացել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ Մակրոնն ասել է, որ այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ներառելու է օրացույցում: Նա լսել է հայկական լոբբիի պահանջները»,- գրում է թերթը: «Սաբահը» հրապարակել է լուրը «Մակրոնի երկրորդ ամբարտավան ելույթը» վերնագրով՝ հիշատակելով, որ նախօրեին նա դժգոհություն էր հայտնել սիրիական Աֆրինում Թուրքիայի գործողությունների առնչությամբ: «Այս անգամ օրակարգ բերելով 1915-ի դեպքերը՝ նա շարունակեց իր սադրիչ վերաբերմունքը»,- գրում է թերթը: «Սթարը» մեջբերել է Մակրոնի խոսքերը. «Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության համար պայքարը բոլորիս պայքարն է: Մենք միանում ենք այդ պայքարին՝ աջակցելով ցեղասպանության հիշատակի օրն օրացույցում ամրագրելու նախաձեռնությանը»: Haber7-ը գրում է. «Անկարային զայրացրած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ ասել էր, թե դա չպետք է վերածվի Սիրիայի հյուսիսը օկուպացնելու գործողության, հայտարարել է, որ Ֆրանսիայում այսպես կոչված «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» է հայտարարվելու»: NTV-ն մեջբերել է Մակրոնի խոսքերը՝ նշելով. «Հայկական պնդումները կրկին կարող են խորհրդարանի օրակարգ բերվել»: «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է տվել, որ Ֆրանսիայի խորհրդարանն առաջիկա ամիսների ընթացքում կարող է կրկին օրակարգում ներառել 1915-ի դեպքերը»,- գրում է լրատվամիջոցը:
Խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցը կրկին ներառելու մասին Մակրոնի հայտարարությունն է շեշտադրել «Աքշամը»՝ նշելով, որ ընթրիքին մասնակցել է նաև Թուրքիայի հայ պատգամավոր Գարո Փայլանը: «Իհլաս» գործակալությունը լուրը հրապարակել է «Սկանդալային որոշում Ֆրանսիայում» վերնագրով՝ նշելով, որ այդ երկրում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարող է պաշտոնապես ամրագրվել ֆրանսիական օրացույցում: «Yeniçağ»-ը նշել է, թե «Մակրոնը շարունակում է հակաթուրքական նախաձեռնությունները» և անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, որ հիմա ԼՂ այցելությունը կարող է բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացին: BirGün-ը լուրը հրապարակել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Փայլանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ» վերնագրով՝ գրելով, որ Ազգային մեծ ժողովի պատգամավորը հորդորել է աչալուրջ լինել Աֆրինի գործողությունների առնչությամբ: Եվ սրանք բոլոր անդրադարձները չեն, գուցե որոշ ժամանակ անց թուրքերը կվերլուծեն, թե ի՞նչ ու ինչու՞ է Ֆրանսիայի նախագահն ասել, որտե՞ղ է Ֆրանսիայի շահի պաշտպանությունը և որտե՞ղ Հայաստանի կամ Արցախի: Ընդհանրապես` թուրք-ֆրանսիական հարաբերությունների վիճակն ու մակարդակը: Եթե, իհարկե, այդքան ազատություն ունեն իրերն իրենց անուններով կոչելու: Մերկապարանոց մեղադրանքներով, հայհոյանքներով, անեծքներով հոդվածները, որտեղ բոլորը մեղավոր են, իսկ թուրքերը` անարդարության ու իրենց դեմ «համաշխարհային դավադրության» զոհ, ընդամենը սրում են ազգայնականությունը և կողպում ժողովրդավարության փակված դուռը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին անդրադարձել են գերմանական Deutsche Welle-ի և ռուսական Sputnik-ի թուրքական ծառայությունները: «Մակրոնը բացում է հայկական թղթապանակը» գրում է Deutsche Welle-ն՝ նշելով, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները առաջիկա ամիսներին Հայոց ցեղասպանության հարցի պատճառով կարող են կրկին ճգնաժամ ապրել, Մակրոնն ուղերձ է հղել, որ հարցը կարող է ներառվել խորհրդարանի օրակարգ: Ֆրանսիայի նախագահը հատուկ ողջունել է մեջլիսի պատգամավոր Փայլանին՝ նշելով, որ նրա պես անձինք, որ պայքարում են մարդու իրավունքների համար, պետք է աջակցություն ստանան: Deutsche Welle-ն գրել է, որ ընթրիքի ժամանակ պատգամավորն արժանացել է Փարիզի քաղաքապետի պատվո մեդալի:

Դիտվել է՝ 1503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ